Լրահոս
Օրվա լրահոսը

Մերկապարուհի Վարդա. «Պրիվատ» պարեր չեմ պարում» (Տեսանյութ)

Մարտ 29,2012 15:07

«Ուրախ եմ, որ 22 տարի անց վերջապես եկա հայրենիք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց համաշխարհային ճանաչում ունեցող մերկապարուհի Վարդանուշ Մարտիրոսյանը (Վարդա) , որը Հայաստան էր եկել ուկրաինացի հանրաճանաչ երգիչ Վիտալիյ Կոզլովսկու հետ: Արտիստները Հայաստան էին ժամանել «Luxury» ամսագրի հրավերով: Իսկ թե ինչու Վարդան եւ Վիտալին՝ «Luxury» ամսագրի ղեկավար Էրնեստո Մարկոն նշեց, որ իրենք սկսել են ներկայացնել աշխարհի հայերին, այդ պատճառով էլ Հայաստան հրավիրվեց Վարդան՝ երգչի հետ միասին:

Վարդան խոսելով իր կարիերայից՝ ասաց, որ պարել սկսել է 15 տարեկանից. «Զբաղվում էի պրոֆեսիոնալ ակրոբատիկայով. առաջին անգամ գիշերային ակումբ գնացի ակրոբատիկական իմ համարով: Ուկրաինայում, որտեղ ես ապրում էի, առաջին անգամ պետք է մերկապար լիներ: Այդ ժամանակ պարի ընթացքում մերկանալ պետք չէր: Բայց միայն այն, որ ձողի վրա պետք է պարեի, արդեն շատերի մոտ ասոցացվում էր իբրեւ ստրիպտիզ: Ես իմ շուրջը մեծ շոուի ականատեսը դարձա: Հենց այդ ժամանակ հասկացա, որ իմ ֆիզիկական պատրաստվածության շնորհիվ է, որ շարժումներն ինձ մոտ շատ լավ են ստացվում: Մանկուց ես երազում էի նաեւ կրկեսում օդային մարմնամարզիկ դառնալ, բայց բախտ չվիճակվեց, սակայն հասկացա, որ մերկապարը նույն օդային մարմնամարզությունն է` պարզապես լարի փոխարեն երկաթյա ձող է: »

Իր աշխատանքի հետ կապված էլ ասաց՝ «Դրանում ոչ մի վատ բան չկա, սա գեղեցիկ սպորտաձեւ է, ոչ թե վուլգար աշխատանք: Բացի այդ, ես «պրիվատ» պարեր չեմ պարում: Ներկայանում եմ գեղեցիկ ծրագրով, որտեղ նաեւ երգում եմ: Իսկ այն, ինչով որ ես հիմա զբաղվում եմ, այդ մասին միշտ եմ երազել, ասեմ, որ իմ երազանքներից մեկն էլ Օսկար ստանալն է»,- հավելեց Վարդան:

Aravot.am-ի հարցին՝ կպարե՞ք հայաստանյան ակումբներում՝ պատասխանեց. «Եթե հրավիրեն՝ կհամաձայնվեմ: Դա իմ աշխատանքն է»:

Տեղեկացանք նաեւ, որ Վարդան եւ Վիտալին առաջիկայում մասնակցելու են «2 աստղ» նախագծին ու արդեն հայերեն զուգերգ ունեն:

Վարդայի զույգի՝ երգիչ Վիտալի Կոզլովսկու խոսքով էլ՝ ինքն ընդհանրապես չի խանդում Վարդային: «Երբ մարդուն սիրում են ու նա պահանջված է, ապա չպետք է արգելքներ դրվի: Ցանկացած բեմ, ցանկացած հանդիսատես մեզ համար սիրելի է: Արտիստը նա է, ով չպետք է ունենա որևէ սահմանափակումներ»,- եզրափակեց նա:

Հավելենք, որ Վարդանուշ Մարտիրոսյանն իր առաջին մեծ հաջողությունը գրանցել է «Ուկրաինայի մերկապարի չեմպիոնատ»-ում՝ 2004 թվականին, իսկ 2005 թվականին էլ հաղթել է «Ոսկե պիլոն» միջազգային մրցույթում: Նա արժանացել է «Միսս Pole-dance Ռուսաստան 2009» տիտղոսին:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031