Մի քանի օր է՝ Aravot.am-ն ընդդիմադիր քաղաքական գործիչներից ստանում էր ահազանգ, որ ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը գարի է բաժանում իր ընտրատարածքի գյուղերի բնակիչներին: Այդ գյուղերի թվում մատնանշվում էր Երազգավորսը, Բայանդուրը, Ղարիբջանյանը, Գետքը ու նաև Ախուրիկը, որի կին գյուղապետը` Վարդիթեր Գասպարյանը, նույնպես պատգամավորի թեկնածու է` ՀՀԿ-ի համամասնական ցուցակի 217 տեղում է:
Մենք այս տեղեկությունը նախեւառաջ փորձեցինք ճշտել գյուղացիներից, որոնք հաստատեցին այն` հավելելով, թե գարին բաժանվել է, իրենց խոսքերով ասած՝ «շուստռիներին», ով այդ պահին լսելով բարեգործության մասին`գյուղամեջ է եկել ու անձնագիր ներկայացրել: Ախուրիկցիների ասելով՝ գարի բաժանող բեռնատարի մարդկանցից որեւէ քարոզ չեն լսել, նրանք կես բառ չեն ակնարկել, թե ում կողմից է, միայն տարերայնորեն բաշխել են` ում պատահի, վերջում պարզվել է, որ գյուղի համար 150 պարկ պակասել է: Ի դեպ, ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար նախատեսված է եղել 40 կիլոգրամ, այսինքն՝ մեկ պարկ:
Քանի որ մեզ ահազանգողները պնդում էին, որ գարին բաժանվում է ՀՀԿ-ական գյուղապետերի ձեռքով, զրուցեցինք նաեւ նրանց հետ: Ճի°շտ է, որ պատգամավորի թեկնածու Սամվել Բալասանյանի գարին բաժանում եք Դուք`ՀՀԿ-ի թեկնածուդ, մեր այս հարցին գյուղապետ Վարդիթեր Գասպարյանն այսպես արձագանքեց. «Շատ կուզենայի, որ այս գարուց մեր գուղացիք էլ ստանային, սիրով կընդունեինք: Բայց ես ոչ տեսել եմ, ոչ լսել: Երեւի իրենց համախոհներն են գյուղում բաժանում»: Մեր դիտարկմանը, թե մյուս գյուղապետարաններում հենց գյուղապետերն են բաժանում, տիկինն ասաց. «Միգուցե մտածել են, որ ես էլ եմ թեկնածու, դրա համար ռիսկ չե°ն արել մոտենալու»:
Գյուղացիների պնդմամբ, մինչ Ախուրիկի գյուղապետարանում ցուցակ էին ճշգրտում` ում տան, ում` ոչ, Բալասանյանի ժողովուրդը որոշել է գարին անձամբ, առաջին ձեռքից տեղ հասցնել:
Կարդացեք նաև
Գարու թեմայով զրուցեցինք նաեւ Ղարիբջանյան գյուղի գյուղապետ Մանվել Պողոսյանի հետ, որը հպարտորեն պարզաբանեց. «Այո, մեր գյուղին Բալասանյանը գարի բաժանում է: Իրենց համախոհներն են բաժանում, բայց, իհարկե, գյուղապետարանի աշխատակիցներն են օգնում, ուղղորդում, թե չէ՝ էդ մարդիկ որտեղի՞ց ճանաչեն մեր գյուղացիներին»: Aravot.am-ի այն հարցից էլ, թե սա ընտրակաշառք չե՞ք համարում, գյուղապետը կարծես թե նեղսրտեց. «Ոչ, ու գիտեք ինչու, մենք ենք խնդրել, դիմել Բալասանյանին: Իրենք էլ որոշել են գյուղացիներին օգնել: Նա վատ բան չի անում, գյուղացիների հոգսն է թեթեւացնում: Գյուղացիները սերմացու չունեին: Մինչեւ ընտրություններն էլ մեր գյուղին հակակարկտային կայան չտեղադրե°ց`մարդը 6 միլիոնի լավություն արեց: Այդ ժամանակ մեր գյուղը նրա ընտրատարածքի մեջ չէր էլ մտնում, հիմա նոր է մտել: Մեր պատգամավորի երեսն էլ չենք տեսել (նկատի ունի Մխիթար Վարագյանին-Ն. Ա.): Գյուղացիներից բոլորին հասել է, դժգոհողներ չկան: Մի բան էլ ասեմ` ընտրությունների մասին խոսք անգամ չի եղել, ուղղակի մարդկայնորեն գյուղացիներին օգնել են»:
Մեր այն հարցին էլ դուք ո°ր կուսակցությանն եք պատկանում`ՀՀԿ-ակա°ն եք, Մանվել Պողոսյանը պատասխանեց. «Ոչ մի կուսակցությունից էլ չեմ, անկուսակցական եմ»: Նշենք, որ Ախուրիկից բացի, մյուս գյուղերում եւս Բալասանյանենց գարին քչություն է արել. ոչ բոլորին է հասել, որն էլ դժգոհության մի առանձին թեմա է դարձել:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ