Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է պատիժ նշանակվում

Մարտ 29,2012 13:49

Հանցագործությունների համակցությամբ պատիժ նշանակելը քրեական իրավունքի գիտության մեջ առավել բարդ հիմնախնդիրներից է, որի տեսական խնդիրները մանրամասն վերլուծության են ենթարկվել իրավաբանական գրականության մեջ:

Դատական պրակտիկայում հաճախ են հանդիպում դեպքեր,  երբ անձը կատարում է 2 և ավելի հանցանքներ։ Նման դեպքերը պետք է ստանան համապատասխան քրեաիրավական գնահատական՝ կապված արարքի և պատիժ նշանակելու առանձնահատկությունների հետ։

Միևնույն անձի կողմից 2 կամ ավելի ինքնուրույն հանցակազմ պարունակող հանցագործությունների կատարմանը համապատասխան քրեաիրավական գնահատական տալու հիմնահարցը բազմիցս եղել է իրավաբան գիտնականների ուշադրության կենտրոնում, այդ մասին գրվել են մենագրություններ, գիտական հոդվածներ և այլն,  սակայն մինչ օրս այդ հարցերը դեռևս լիարժեք լուծված համարվել չեն կարող:

Մինչև 2003թ. նոր քրեական օրենսգրքի ընդունումը`  ՀՀ-ում գործող 1961թ.  քրեական օրենսգրքում միևնույն անձի կողմից երկու և ավելի հանցագործությունների կատարման դեպքերին քրեաիրավական գնահատական տալու հարցն ըստ էության կարգավորված չէր:  Համակցության մասին նշվում էր միայն պատժի ինստիտուտը կանոնակարգող հոդվածներում,  մասնավորապես, քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածում,  որում սահմանվում էին երկու և ավելի հանցագործությունների համար պատիժ նշանակելու կանոնները։ Ի տարբերություն նախկին քրեական օրենսգրքի՝ 2003թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը միևնույն անձի կողմից երկու և ավելի հանցագործությունների կատարման դեպքերին քրեաիրավական գնհատական տալու հարցում առաջընթաց գրանցեց, քանի որ ընդհանուր մասում առանձին հոդվածով սահմանվեցին հանցագործությունների  համակցության հասկացությունը և դրա հիմնական հատկանիշները։

Գործող քրեական օրենսգրքի 20-րդ հոդվածը սահմանում է, որ հանցագործությունների համակցություն է համարվում ՀՀ քրեական օրենսգրքով (տարբեր հոդվածներով կամ միևնույն հոդվածով կամ հոդվածի միևնույն կամ տարբեր մասերով կամ կետերով) նախատեսված երկու կամ ավելի հանցանք կատարելը, որոնցից ոչ մեկի համար անձը դատապարտված չի եղել, կամ այնպիսի մեկ գործողությունը (անգործությունը), որը պարունակում է սույն օրենսգրքի երկու կամ ավելի հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ:

Թվում էր,  թե քրեական օրենսգրքում հանցանքների համակցության բնորոշումը և դրա հիմնական հատկանիշների սահմանումը վերջ կդնեն միևնույն անձի կողմից երկու և ավելի հանցագործությունների կատարման դեպքերին քրեաիրավական գնահատական տալու և պատիժ նշանակելու հետ կապված տեսական վեճերին և պրակտիկ հիմնախնդիրներին,  սակայն քրեական օրենսգրքի գործողության վերջին տարիների փորձը ցույց տվեց, որ նախկին տարաձայնությունները պահպանվեցին, դեռ ավելին, առաջացան նորերը: Անձի կողմից մի քանի հանցագործություններ կատարելը վկայում է նրա արարքի բարձր հանրային վտանգավորության և նրա նկատմամբ` մեկ հանցագործության կատարած սուբյեկտի համեմատ ավելի խիստ պատիժ նշանակելու անհրաժեշտության մասին: Նման  դեպքում ծագում է պատիժ նշանակելու /ոչ միայն կատարված հանցանքներից յուրաքանչյուրի համար, այլև ամբողջությամբ/ հատուկ կարգի հարցը:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածում սահմանված է հանցանքների համակցության դեպքում պատիժ նշանակելու կարգը: Համաձայն հոդվածի 1-ին մասի` «Հանցանքների համակցությամբ յուրաքանչյուր հանցագործության համար առանձին պատիժ (հիմնական և լրացուցիչ) նշանակելով` դատարանը վերջնական պատիժը որոշում է նշանակված պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով»: Հոդվածի բովանդակությունից երևում է, որ հանցանքների համակցության դեպքում պատիժը նշանակվում է յուրաքանչյուր հանցագործության համար առանձին:

Դրա կարևոր նշանակությունը կայանում է նրանում, որ այդ դրույթը հնարավորություն է տալիս գործի ելքը ճիշտ լուծել վերաքննիչ կամ վճռաբեկ ատյաններում՝ կատարված հանցագործություններից որևէ մեկով դատավճիռը փոփոխելիս: Հանցանքների համակցությամբ յուրաքանչյուր հանցագործության համար առանձին պատիժ նշանակելիս դատարանը ղեկավարվում է  պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով՝ հաշվի առնելով հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, հանցավորի անձը բնութագրող տվյալները, այդ թվում  պատասխանատվությունը  և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքները:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ «Եթե հանցանքների համակցությունն ընդգրկում է միայն ոչ մեծ ծանրության հանցանքներ, ապա վերջնական պատիժը նշանակվում է պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով: Ընդ որում, գումարելիս վերջնական պատիժը չի կարող գերազանցել 5 տարին»: Իսկ նույն հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ.«Եթե հանցանքների համակցությունն ընդգրկում է միայն միջին ծանրության  կամ միջին ծանրության և ոչ մեծ  ծանրության հանցանքներ, ապա վերջնական պատիժը նշանակվում է պատիժները  լրիվ կամ մասնակիորեն գումարելու  միջոցով: Ընդ որում, ազատազրկման ձևով վերջնական պատիժը չի կարող գերազանցել 10 տարին»:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ «Եթե հանցանքների համակցությունն ընդգրկում է  ծանր կամ առանձնապես ծանր հանցանքներ, ապա  վերջնական պատիժը նշանակվում է պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու  միջոցով: Ընդ որում, ազատազրկման ձևով վերջնական պատիժը չի կարող գերազանցել 25 տարին:  Եթե համակցության մեջ մտնող հանցանքներից մեկի համար դատարանը  նշանակում է ցմահ ազատազրկում,  ապա վերջնական հիմնական պատիժը որոշվում է կլանելու միջոցով»:

Ինչպես տեսնում ենք, ՀՀ քրեական օրենսգիրքը  հանցանքների համակցության դեպքում վերջնական պատիժը  որոշում է դրանք գումարելու կանոններով` դնելով որոշակի սահման: Մեր կարծիքով՝ սրա հետ կապված առաջանում են խնդիրներ: Մասնավորապես, համակցություն չեն կազմում    և հանցանքների համակցության դեպքում պատիժ նշանակելու կանոնները  չեն կիրառվում, եթե կատարվում է հանցագործություն, որը պարունակում է քրեական օրենսգրքի միևնույն հոդվածի տարբեր մասերով նախատեսված մի քանի ծանրացնող հանգամանքներ: Օրինակ, անձն առանձնապես  խոշոր չափերի  գողություն է կատարում բնակարան ապօրինի մուտք գործելով: Արարքը կորակվի որպես մեկ հանցագործություն՝ քրեական օրեսնգրքի  ավելի խիստ պատիժ նախատեսող հոդվածի մասով` 177-րդ հոդվածի 3-րդ մաս /առավելագույն պատիժ կարող է սահմանվել 8 տարի ժամկետով ազատազրկում/: Բայց եթե միևնույն անձը  տարբեր ժամանակահատվածներում է  կատարում այդ գործողությունները, ապա դրանք առաջացնում են  հանցագործությունների համակցություն: Եթե բնակարան ապօրինի մուտք գործելու համար նշանակվի  ազատազրկում առավելագույնը 6 տարի ժամկետով, իսկ առանձնապես խոշոր չափերի  գողություն կատարելու համար՝ ազատազրկում 8 տարի ժամկետով, ապա համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի`  վերջնական պատիժ  կարող է նշանակվել  մինչև 14 տարի ժամկետով  ազատազրկում:  Կարծում ենք, որ նման դեպքերում խախտվում է արդարության սկզբունքը: Վերոնշյալ օրինակում ազատազրկման ձևով վերջնական պատիժը չի կարող գերազանցել կատարված հանցանքներից առավել ծանրի առավել ծանրացնող  հանգամանքներով տեսակի համար նախատեսված պատժի առավելագույն սահմանը, ինչը հավասարվում է հասարակ սպանության համար նախատեսված պատժին` 8-15 տարի ժամկետով ազատազրկմանը:

 

Պատժի նշանակումը այլ պետություններում

 

Փորձենք անդրադառնալ այն հարցին, թե հանցանքների համակցության դեպքում ինչպես  է որոշվում վերջնական պատիժն այլ պետություններում.

Չինաստանի քրեական օրենսգրքի համաձայն՝ եթե մինչև դատապարտվելը անձը կատարել է  մի քանի հանցանքներ /բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվում է ցմահ ազատազրկում կամ մահապատիժ/, ապա դատարանը նշանակում է  վերջնական պատիժ հաշվի առնելով  հետևյալ կանոնները. հանցանքների համակցության դեպքում  վերջնական պատիժը պետք է պակաս լինի համակցության մեջ մտնող  հանցանքների համար սահմանված պատիժների  ընդհանուր գումարից, սակայն ավել լինի համակցության մեջ մտնող հանցանքներից առավել ծանրի համար սահմանված առավելագույն պատժաչափից: Ընդորում, ազատազրկման դեպքում պատիժը չի կարող գերազանցել 20 տարին:

ՌԴ քրեական օրենսգրքով սահմանված է, որ եթե համակցության մեջ մտնում են միայն ոչ մեծ ծանրության  հանցանքներ, ապա վերջնական պատիժը որոշվում է նվազ խիստ պատիժը ավելի խիստ պատժով  կլանելու  կամ պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով: Գումարելիս վերջնական պատիժը չի կարող գերազանցել կատարված հանցանքներից առավել ծանրի համար նախատեսված առավելագույն պատիժը: Եթե համակցության մեջ  մտնող հանցանքներից մեկը  համարվում է միջին ծանրության, ծանր, կամ առանձնապես ծանր հանցանք, ապա վերջնական պատիժը որոշվում է պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով: Տվյալ դեպքում ազատազրկման ձևով  վերջնական պատիժը չի կարող գերազանցել 25 տարին:

Համաձայն Գերմանիայի քրեական օրենսգրքի, հանցանքների համակցության դեպքում  վերջնական պատիժը  չպետք է հասնի համակցության մեջ մտնող հանցանքների համար սահմանված պատիժների ընդհանուր գումարին: Ազատազրկման ձևով վերջնական պատիժը չի կարող գերազանցել 15 տարին: Շվեյցարիայի քրեական օրենսգրքի համաձայն` հանցանքների համակցության դեպքում վերջնական պատիժ  է նշանակվում կատարված արարքներից առավել ծանրի համար նախատեսված պատժի չափով: Այսինքն, կիրառվում է նվազ խիստ պատիժը ավելի խիստ պատժով կլանելու սկզբունքը:

Ֆրանսիայի քրեական օրենսգրքով սահմանվում է, որ հանցանքների համակցության դեպքում վերջնական պատիժը որոշվում է պատիժները գումարելու միջոցով, ընդ որում վերջնական պատիժը չի կարող գերազանցել տվյալ պատժատեսակի համար օրենքով սահմանված առավելագույն չափը:

Իսպանիայի քրեական օրենսգրքի համաձայն, հանցանքների համակցության դեպքում  վերջնական պատիժը չի կարող  գերազանցել համակցության մեջ մտնող առավել ծանր հանցանքի համար սահմանված առավելագույն պատժի եռապատիկը կամ քսան տարի  ժամկետով ազատազրկումը: Բացառիկ դեպքերում կարող է նշանակվել քսանհինգ տարի ժամկետով ազատազրկում, եթե համակցության մեջ մտնող  հանցանքներից որևէ մեկի համար նշանակվում է  քսան տարուց ավելի ազատազրկում: Իդեալական համակցության դեպքում կամ երբ մեկ արարքը համարվում է մեկ այլ արարքի կատարման անհրաժեշտ պայման, նշված կանոնները չեն կիրառվում: Տվյալ դեպքում պատիժ է նշանակվում առավել ծանր հանցագործության համար սահմանված պատժի չափով` մոտ դրա վերին սահմանին:

Համաձայն Լեհաստանի քրեական օրենսգրքի` հանցանքների համակցության դեպքում վերջնական պատիժը որոշվում է նվազ ծխիստ պատիժը ավելի խիստ պատժով կլանելու, պատիժները գումարելու միջոցով, ընդ որում գումարելիս վերջնական  պատիժը չի կարող գերազանցել տասհինգ տարի ժամկետով ազատազրկումը: Եթե համակցության մեջ մտնող հանցանքների համար նշանակվում է քսանհինգ տարի ժամկետով  ազատազրկում կամ ցմահ ազատազրկում, ապա այդ պատիժը համարվում է վերջնական պատիժ:

ԱՄՆ-ի որոշ նահանգների քրեական օրենսգրքերի համաձայն` հանցանքների համակցությամբ  վերջնական պատիժը որոշվում է բոլոր պատիժները լրիվ գումարելու միջոցով: Ընդ որում, վերջնական պատժի սահման դրված չէ:

Վերոնշյալ ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ տարբեր պետություններում տարբեր կերպ  է  որոշվում հանցանքների համակցության դեպքում վերջնական պատիժ նշանակելու հարցը, կիրառվում են գումարելու և  կլանելու սկզբունքները:  Հիմնականում /բացի ՌԴ-ից/  վերջնական պատիժը որոշելու կարգը կախված չէ նրանից, թե համակցության մեջ ծանրության ինչ աստիճանի հանցանքներ են  ընդգրկված: Ինչպես ՀՀ` այնպես էլ  այլ պետությունների քրեական օրենսգրքերում ևս  սահմանված են ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետները, իսկ որոշ օրենսդրություններում պատժի առավելագույն սահման չկա, որոշ դեպքերում էլ վերջնական պատիժը չի կարող գերազանցել կատարված հանցանքներից առավել ծանրի առավել ծանրացնող  հանգամանքներով տեսակի համար նախատեսված պատժի առավելագույն սահմանը/օրինակ` Գերմանիա, /:

Սրա հետ կապված կարևոր նշանակություն ունի  այն, թե ինչ հայեցակարգի վրա է հիմնված տվյալ երկրի քրեական օրենսգիրքը: Եթե հիմնված է արարքի հայեցակարգի վրա,  ապա պատիժները լրիվ գումարվում են` սահման դնելով կամ առանց դրա: Եթե հիմնված են անձի հայեցակարգի վրա` ապա վերջնական պատիժը չի կարող գերազանցել կատարված հանցանքներից առավել ծանրի առավել ծանրացնող  հանգամանքներով տեսակի համար նախատեսված պատժի առավելագույն սահմանը: Այս դեպքում հաշվի է առնվում այն, որ տվյալ անձի հասարակական վտանգավորությունը դրանից ավել չէ:

Որոշ քրեագետներ մտավախություն են հայտնում, որ այդ դեպքում պատիժը չի կատարի իր կանխիչ գործառույթը, որովհետև անձը առավել ծանր հանցագործությունը կատարելուց հետո հանգիստ կարող է կատարել բազմաթիվ պակաս ծանր հանցանքներ: Սակայն շատ քրեագետներ էլ գտնում են, որ դա ձևական մոտեցում է և հանցանք կատարողն ընդհանրապես այդ մասին չի մտածում: Կարծում ենք, որ հանցանքների համար անհրաժեշտ է ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանել հանցանքերի համակցության դեպքում վերջնական պատիժ  նշանակելու այլ կարգ, համաձայն որի` «ազատազրկման ձևով վերջնական պատիժը չի կարող գերազանցել կատարված հանցանքներից առավել ծանրի առավել ծանրացնող  հանգամանքներով տեսակի համար նախատեսված պատժի առավելագույն սահմանը»:

Այդ դեպքում կվերանա այն անորոշությունը, երբ սպանություն կատարողը կարող է ավելի խիստ պատժվել,  քան, ասենք, մի քանի բնակարանային գողություն կատարողը: Կրկնակիության ինստիտուտի` ՀՀ քրեական օրենսգրքից հանվելուց հետո խնդիր է առաջացել` կապված սպանություն նախատեսող հոդվածի հետ /ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդված/: Երբ անձը  կատարում է մի քանի հասարակ սպանություն, ապա հնարավոր չէ ցմահ ազատազրկում նշանակել, վերջնական պատիժը չի կարող գերազանցել քսանհինգ տարի ժամկետով ազատազրկումը:

Առաջարկում ենք ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով նախատեսել նաև հետևյալ դրույթը, որի համաձայն, եթե անձը կատարել է մեկից ավելի հասարակ սպանություններ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ապա դատարանը  կարող է նշանակել ցմահ ազատազրկում:

Ռոզա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրանտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031