Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն մի ծանրորդ պատրաստվում է իր մեկնարկին

Մարտ 29,2012 13:33

Այս օրերին Հայաստանի լավագույն ծանրորդները ուսումնամարզական հավաքներում են գտնվում: Նրանք նախապատրաստվում են առաջիկա պաշտոնական երեք մրցումներին:

Տղամարդկանց հավաքականի առաջատարների նպատակը օլիմպիական խաղերն են: Ըստ քաշային կարգերի՝ 2-3-րդ համարներն արդեն ապրիլի 6-ին կմեկնեն Անթալիա, որտեղ կայանալու է Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Իսկ մեր երիտասարդների համար տարվա գլխավոր մեկնարկը կլինի ապրիլի վերջին Գվատեմալայում մեկնարկող աշխարհի երիտասարդական առաջնությունը: Թե դրանցից յուրաքանչյուրում հայաստանցի մարզիկների առջեւ ինչ խնդիրներ են դրված՝ «Առավոտը» տեղեկացավ ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանից:

– Որքան տեղյակ ենք, Անթալիայում Հայաստանը ներկայացված է լինելու ընդամենը չորս տղաներով: Ինչո՞վ է պայմանավորված այդքան համեստ մասնակցությունը:

– Պատճառը մեկն է ու նույնը. մեր առաջին համարները նախապատրաստվում են Լոնդոնի օլիմպիական խաղերին: Եվրոպայի առաջնության ու օլիմպիական խաղերի միջակայքում մնում է ընդամենը 120 օր: Եվ այդ ընթացքում նրանց երկու անգամ մարզավիճակի գագաթնակետին հասցնելը ցանկալի չէ: Այդ նպատակով մարզչական խորհուրդը որոշեց, որ Անթալիա մեկնեն 2-3-րդ համարները, որոնք, սակայն, նույնպես պայքարելու են բարձր տեղերի, մեդալների համար: Նրանք են՝ 69 կգ քաշայիններ Վանիկ Ավետիսյանն ու Սամվել Գրիգորյանը, 94 կգ քաշային Նորայր Վարդանյանը եւ գերծանր քաշային Հայկ Հակոբյանը: Իսկ թե ինչի համար ենք, ինչպես նշեցիք, համեստ կազմով ներկայանում, պատճառն այն է, որ Եվրոպայի առաջնությունից մոտ 20 օր հետո Գվատեմալայում մեկնարկելու է աշխարհի երիտասարդական առաջնությունը: Թե ովքեր այնտեղ կներկայացնեն մեր երկիրը, կիմանաք մի քանի օրից: Բայց այսօրվա դրությամբ ամենահավանական թեկնածուներն են 69 կգ քաշայիններ Անդրանիկ եւ Վլադիկ Կարապետյանները, Ռազմիկ Գոլթեցյանը՝ 77 կգ, եւ գերծանր քաշային Գոռ Մինասյանը: Ինչ վերաբերում է մեր մյուս ծանրորդներին, նրանց հերթն էլ կհասնի օլիմպիական խաղերից հետո կայանալիք միջազգային պաշտոնական առաջնություններում:

– Օլիմպիական մեդալը ցանկացած մարզիկի երազանքն է: Մեր ծանրորդները Պեկինում երեք բրոնզ նվաճել են: Չնայած կանխագուշակություններ անելն անշնորհակալ զբաղմունք է, հարցն էլ՝ չարչրկված, այնուամենայնիվ, Լոնդոնից ի՞նչ սպասելիքներ ունենք:

– Մենք խոստացել ենք Լոնդոնում անել ամեն բան ավելի լավ մեդալ նվաճելու համար:

– Եթե բրոնզը ամենահամեստն է, ավելի լավ ասելով նկատի ունեք արծաթն ու ոսկի՞ն:

– Այո: Մենք պատասխանատվություն ենք զգում մեր ժողովրդի, երկրի, դրոշի առջեւ եւ ուզում ենք, ի վերջո, անցնել օլիմպիական 13 ոսկիների սահմանը: Լոնդոնում բրոնզ թող էլի լինի՝ դեմ չենք, բայց ձգտելու ենք ավելիին:

– Ցանկությունը լավ է: Բայց կրկին պիտի շատ հնչած հարցը տամ. դրան հասնելու համար պայմաններ ստեղծվա՞ծ են:

– Այո: Պետությունը, ՀԱՕԿ-ը եւ հատկապես Գագիկ Ծառուկյանը դրա համար անում են անհրաժեշտ ամեն բան: Լավ մարզվելու հարցում մենք խնդիրներ չունենք:

– Մեր առաջին համարները հիմա ի՞նչ մարզավիճակում են:

– Նախամրցակցական: Տիգրան Վ. Մարտիրոսյանը, Արայիկ եւ Առաքել Միրզոյանները, Ռուբեն Ալեքսանյանը, Արա Խաչատրյանը, Մելինե Դալուզյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը լիարժեք մարզումային փուլում են: Նրանք են մեր գլխավոր օլիմպիական թեկնածուները: Բայց պիտի ասեմ նաեւ՝ չի բացառվում, որ տղաների օլիմպիական թիմում փոփոխություններ էլ կատարվեն:

– Այսինքն՝ ծանրորդներ կան, որոնց հնարավորություններին կասկածո՞ւմ եք:

– Ոչ: Ընդհակառակը: Նկատի ունեի Եվրոպայի առաջնությունը, որտեղ, չեմ բացառում, մեր ծանրորդներից մեկ-երկուսն այնպիսի արդյունքներ ցույց տան, որ օլիմպիական խաղեր մեկնող մեր տղաների հավաքականում փոփոխություն կատարելու հարց առաջանա: Դա մեզ միայն կուրախացնի:

– Որքան տեղյակ եմ, օրերս Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան դրսից ինչ-որ հյուրեր ուներ:

– Այո: Եկել էին ՎԱԴԱ-ի ներկայացուցիչները՝ Քյոլնի լաբորատորիայից: Նրանք մեր վեց ծանրորդներից, որոնց անուններով հայտ ենք ներկայացրել օլիմպիական խաղերի կազմկոմիտե, փորձանմուշներ վերցրին ու գնացին:

– Եվ ի՞նչ:

– Ոչինչ: Նրանց բարի ճանապարհ:

– Չե՞ք անհանգստանում: Պատասխանները ե՞րբ կիմացվեն:

– Ոչ: Աստված մի արասցե, եթե ինչ-որ բան այն չլինի, ինչը բացառում եմ, 15-20 օրից կիմանանք: Իսկ եթե ոչ, ամեն ինչ կընթանա սովորական աշխատանքային հունով:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031