Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ղարաբաղ՝ թաքնված գանձ» ֆիլմում՝ Արցախն այլ տեսանկյունից

Մարտ 29,2012 13:21

Ստեղծագործական կազմը՝ աշխատանքի պահին:

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը Մարիաննա  Փայտյանի սցենարով նոր ֆիլմ է նկարել «Ղարաբաղ՝ թաքնված գանձ» վերնագրով, որը, ըստ հեղինակների, պատմում է  ոչ թե Ղարաբաղյան հիմնահարցի մասին, այլ ներկայացնում է  այսօրվա Արցախը: Ֆիլմը միտված է խթանելու զբոսաշրջությունը: Նկարում օգտագործվել են ոչ թե հանրագիտարանային նյութերը, այլ փորձառու մասնագետների դիտարկումները:

Ինչու ստեղծագործական կազմը որոշեց նման ֆիլմ նկարել: «Արցախի կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչությունը մրցույթ էր հայտարարել, «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը եւս մասնակցում էր դրան: Փաթեթ էինք ներկայացրել եւ սցենարական պլանով հաղթող ճանաչվեցինք մենք»,- ասում է ռեժիսորը:

Ֆիլմն իր բովանդակությամբ ինչո՞վ է տարբերվում Արցախի մասին պատմող այլ ֆիլմերից: «Ղարաբաղի մասին ինքս էլ ունեմ մի շարք ֆիլմեր, սա արդեն 8-րդն է: Մյուս բոլորը նկարահանվել են հատուկ փառատոների համար, ցուցադրվել մեծ էկրանին, հեռուստատեսությամբ: Վերջին ֆիլմս յուրահատուկ է նրանով, որ Լեռնային Ղարաբաղը դիտարկում ենք այլ տեսանկյունից: Տուրիզմի զարգացում է հետապնդում ֆիլմը, դրա համար կարեւոր էր, որ այն  լիներ համապատասխան կինեմատոգրաֆիական որակով, բովանդակությամբ ու արժեքավոր, որպեսզի  Արցախը համաշխարհային զբոսաշրջության կենտրոններին հավուր պատշաճի ներկայանար»,- հավելում է մեր զրուցակիցը:

Սցենարիստ Մարիաննա Փայտյանի խոսքով. «Մեր սցենարի միջոցով 35 րոպեում դուք ոչ միայն կպտտվեք Արցախում, կփնտրեք թաքնված գանձ Ղարաբաղը, այլեւ դրանից հետո էլ ցանկություն կունենաք իրականում այցելել: Մենք 35 րոպեում ամփոփել ենք այն, ինչը, ըստ էության, բոլորին  «կդրդի» տեսնել Արցախը»:

Իսկ ի՞նչ պատմական վայրեր կամ հուշարձաններ են ներկայացված «Ղարաբաղ՝ թաքնված գանձ»-ում: Սցենարիստն ասում է, որ ֆիլմում նկարահանված է այն ամենը, ինչը զբոսաշրջիկին կգայթակղի՝ գալ-տեսնել Արցախը եւ չպատմել կոնֆլիկտի մասին. «Համարյա բոլոր ներկայանալի ու հետաքրքրություն առաջացնող վայրերը նկարված են: Շեշտադրություն է արվել, օրինակ, պատմական Արցախի վանական համալիրներից մեկի՝ 1-ին դարում հիմնադրված Դադիվանքի եւ ընդհանրապես յուրօրինակ ամեն ինչի վրա»:

ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031