Հայաստանյան բենզալցակայաններից պարբերաբար հափշտակվել է մեծ քանակության «Պրեմիում» տեսակի բենզին: Անցյալ տարվա ապրիլին Վահե Միրզոյանին պատկանող Արմավիրի մարզի «Մուսալեռ» լցակայանից գողացվում է 10. 520 լիտր բենզին:
Գողացվում է բենզին, սպանվում է Արծվաշենի, Շուշիի կամավորներից, ազատամարտիկ, Ռուսաստանից հայրենիք վերադարձած Գագիկ Միրզոյանը, իսկ Լոռու մարզից երկու եղբայրներ էլ՝ Դավիթ եւ Գեւորգ Անանյանները, դիմում են փախուստի, մինչ օրս նրանք հետախուզման մեջ են:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վահե Խալաթյանի նախագահությամբ, սակայն, քննության է դրվել Ռուսլան Անանյանի նկատմամբ հարուցված քրեական գործը:
Կարդացեք նաև
Ըստ մեղադրական եզրակացության՝ նա 4.266.725 դրամ արժողության բենզին է գողացել:
Ռուսլան Անանյանի պաշտպանությունն իրականացնում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Հովիկ Ասրյանը, իսկ տուժող կողմի ներկայացուցիչն էր ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արթուր Գրիգորյանը:
Դատական նիստը սկսվեց Արթուր Գրիգորյանի հայտարարությամբ, որով տեղեկացվում էր, որ նա այս գործի հետ կապված բողոք էր բերել վճռաբեկ դատարան, սակայն «Դատալեքսում» այդ մասին անգամ նշված չի եղել: Ըստ նրա, նախագահողը տեղյակ է եղել այս գործի մանրամասներին եւ ունի կանխակալ մոտեցում: Այդ իսկ պատճառով փաստաբանն ինքնաբացարկ հայտնեց դատավորին:
Նախագահող դատավորը՝ Վ. Խալաթյանը, խորհրդակցական սենյակից դուրս գալով՝ հրապարակեց ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու մասին իր կայացրած որոշումը: Դա առիթ դարձավ, որպեսզի տուժող կողմը, փաստաբան Արթուր Գրիգորյանի հետ լքի դատական նիստերի դահլիճը:
Դատավորը կատարվածը որակեց դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք, իսկ դատախազ պարոն Հովհաննիսյանն էլ միջնորդեց, որպեսզի ապացույցների հետազոտման կարգը փոխվի՝ հարցաքննվեն վկաները:
Առանց տուժող կողմի, անհավասար մրցակցային պայմաններում, երբ տուժողները զրկված էին վկային լսելու եւ հարցեր տալու հնարավորությունից, դատարան կանչվեց ամբաստանյալի հայրը՝ Ստեփանավանի մենատնտես ներկայացած Մհեր Անանյանը: Նա լավ չէր լսում եւ դա պատճառաբանեց՝ ճնշման բարձրացմամբ:
Հայրը որդու դեմ հրաժարվեց ցուցմունք տալ՝ օգտվելով սահմանադրական իր իրավունքից: Ուշագրավ էր սակայն, որ այս վկան նախաքննության ժամանակ ցուցմունք տվել էր՝ «մոռանալով» սահմանադրական իրավունքից օգտվելու մասին: Դատարանը դիտելով այդ որպես էական հակասություն՝ հրապարակեց այս վկայի նախաքննության ժամանակ տրված 4 ցուցմունքները: Պարզվեց, որ նրան հայտնի չի եղել, թե տղաները՝ Ռուսլանը, Դավիթը եւ Գեւորգը, ինչ ճանապարհով են ձեռք բերել վառելիքը:
Նրանց տնից հայտնաբերվել է որսորդական հրացան, եւ վկան տեղեկացրել էր, թե 1976թ.-ից Որսորդմիության անդամ է եղել: Նրան հայտնի չէր հետախուզման մեջ գտնվող տղաների գտնվելու վայրը, ըստ հոր՝ տղաներն անձնագիր չունեն իրենց մոտ, այսինքն՝ փախել են առանց ինքնությունը հաստատող փաստաթղթի:
Տանը հայտնաբերված «բարաբանով» զենքի մասին էլ վկան չգիտեր, իսկ տղաներից էլ չի կարող իմանալ զենքի պատկանելության մասին, քանի որ երեք որդիներից երկուսը փախած են, մեկն էլ մեկուսարանում է:
Վկան դժվարացել էր նախաքննության ժամանակ հայտնել, թե դեպքի օրը ինչ հագուստով են եղել իր տղաները:
Նա ասել էր, թե դեպքի օրը տղաները եղել են Արայի մեքենայով եւ որ՝ «Որդիներիս կրակոցից մեկը մահացել էր»:
Ռուսլանը հիվանդության պատճառով բանակում չի ծառայել, բայց… աշխատել է կարատեի մարզիչ:
Դատաքննության փուլում ՀՀ նախագահին է դիմել տուժողի իրավահաջորդ Սուրեն Միրզոյանը: Հայտնի պատմավավերագրող, 7 գրքերի հեղինակ, Նոյեմբերյանի եւ 3 բնակավայրերի պատվավոր քաղաքացին գրում է. «Մարդասպաններից մեկը բռնված է, մյուսներն ազատության մեջ են: Նա խոստովանել է զինված խմբով բենզինի գողությունների մասին: Նախնական քննություն կատարող քննիչը չի պարզել գործի բոլոր հանգամանքները, դրանք որակել է որպես գողություն, այն դեպքում, երբ հմուտ փաստաբանները կատարվածը համարում են բանդիտիզմ եւ մարդասպանություն: Այժմ Վաղարշապատ քաղաքում ընթանում է բռնված հանցագործի դատավարությունը, չնայած մեր բողոքներին՝ հոդվածը դեռ չի փոխվել»:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ