Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կեղծ դեղերը շուկայից չեն հավաքում

Մարտ 29,2012 13:09

Դեղերի շուկան ազատականացնելու՝ կառավարության որոշումից անցել է  մոտ 1 տարի, սակայն դեղերի շուկայում փոփոխություններն առայժմ ի վնաս քաղաքացիների են. դեղերը չեն էժանացել, շուկան էլ լցվել է կեղծ դեղերով:

Մոտ երկու շաբաթ է՝ հայաստանյան դեղատներում մի շարք կեղծ դեղեր են հայտնաբերվել: Հայտնի չէ, թե այդ դեղերը որտեղ են արտադրվել, ինչ սերիական համար ունեն, ով է ներկրել մեր երկիր եւ այլն: Բայց փաստ է, որ հայտնաբերելուց հետո էլ այդ դեղերը մինչ օրս ազատ վաճառվում են դեղատներում, եւ որեւէ մեկը չի խոչընդոտում դրանց սպառմանը: Կեղծ դեղերը հայտնաբերել եւ մեր երկրի անվտանգության համար պատասխանատու մարմինների դատին են հանձնել դեղարտադրության մեջ հայտնի «Նիկոմեդ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության մասնագետները: Նրանք նկատել են, որ դեղատներում վաճառվում է իրենց կողմից Հայաստան ներկրվող եւ մեր երկրում պաշտոնապես գրանցված դեղամիջոցի կրկնօրինակը՝ չնչին տարբերություններով: Կեղծ դեղերը հայտնաբերելուց հետո «Նիկոմեդ» ընկերության պատասխանատուներն անմիջապես ահազանգել են ՀՀ ազգային անվտանգության ծառայություն եւ այլ պետական մարմինների: ՀՀ Դեղարտադրողների եւ ներմուծողների միությունն էլ իր հերթին է մոնիթորինգ կատարել եւ կեղծ դեղերի վերաբերյալ իր ունեցած փաստերով դիմել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, առողջապահության նախարարության պատասխանատուներին՝ հորդորելով միջոցներ ձեռնարկել այդ դեղերը վաճառքից հանելու: Սակայն ինչպես «Առավոտի» հետ զրույցում ասաց Դեղարտադրողների եւ ներմուծողների միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը՝ որեւէ կառույց ջանք չի գործադրում «ինքնությունը» չպարզված դեղերը շրջանառությունից հանելու՝ մինչեւ որ կպարզեն, թե դա ինչպես է հայտնվել դեղատներում: Պարոն Զաքարյանի խոսքերով. «Այդ դեղերը մաքսանենգ ճանապարհով են ներկրվել Հայաստան, եւ մենք չգիտենք, թե դրանք ինչ պարունակություն ունեն՝ թո՞ւյն են, թե՞ ինչ: Պարզ չէ նաեւ, թե որտեղ են արտադրվել եւ այլն: Եվ մինչ այդ ամենը կպարզվի, պետք է դրանք վաճառքից հանել: Սակայն հարցը նրանում է, որ մենք այսօր չունենք այն մարմինը, որը կեղծ դեղերի խմբաքանակը կարող է շուկայից հավաքել: Օրինակ՝ մոտ 30 միլիոն բնակչություն ունեցող Ուզբեկստանում երբ նման փաստ է արձանագրվում, 24 ժամվա ընթացքում կեղծ դեղերի խմբաքանակը հավաքվում է, դեղերը վաճառքից հանվում են, հետո նոր միայն պարզում մնացած հարցերը»:

Սամվել Զաքարյանն այսօր դեղերի շուկայում տեղի ունեցող քաոսային իրավիճակը պայմանավորում է անցյալ տարի ՀՀ կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետություն դեղերի եւ դեղանյութերի ներմուծման ու արտահանման կարգը հաստատելու մասին» թիվ 581 որոշման մեջ կատարված փոփոխություններով եւ լրացումներով, համաձայն որոնց՝ այսուհետեւ մեր երկիր կարող են ներմուծվել միայն Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ունեցող դեղերը, ինչպես նաեւ անվտանգության, արդյունավետության եւ որակի վրա չազդող փաթեթավորման փոփոխությամբ (արդեն իսկ պետական գրանցում ստացած) դեղերը, որոնք ձեռք կբերվեն բացառապես այն անձից, այդ թվում այլ պետություն ներմուծողից, որը կտրամադրի արտադրողի կողմից իրեն տրված հավաստագրի վավերացված պատճենը:

Այսինքն՝ կարգի փոփոխությունը թույլ է տալիս անսահմանափակ քանակությամբ տարբեր երկրներից դեղեր ներկրել: Կառավարությունն իր այդ որոշումը բացատրել էր մեր քաղաքացիների համար դեղերի ֆիզիկական եւ տնտեսական մատչելիությունը ապահովելով եւ դեղերի շուկան ազատականացնելով: Սակայն դեռեւս այս նախագծի քննարկման ժամանակ դեղոլորտի մի շարք մասնագետներ փոփոխությունների վերաբերյալ խիստ բացասական կարծիք էին հայտնել՝ վարչապետին կոչ անելով զերծ մնալ այդ որոշումից: Դեղերի շուկան ազատականացնելու պարագայում մասնագետները չէին բացառում, որ կառաջանա կենսաահաբեկչության թափանցման վտանգ՝ հաշվի առնելով մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքը։

Հայաստանի դեղշուկան վտանգի ենթարկելու առաջին փորձերն արդեն արձանագրվել են. վերջերս, չգիտես ինչպես, որտեղից եւ ում միջոցով, հայկական շուկա էր թափանցել ադրբեջաներեն ներդիրով դեղորայք: Ս. Զաքարյանի խոսքերով՝ առաջին տպավորությունն այն է եղել, որ այն արտադրված է Ադրբեջանում, բայց հետո պարզվել է, որ Բելառուսում է արտադրվել՝ Ադրբեջանի համար:

«Եթե դա Ադրբեջանում արտադրված դեղ լիներ, ապա շանսը մեծ է, չէ՞, որ այն դեղատունը, որը բաց է թողել այդ խմբաքանակը, փորձեր որպես կենսաահաբեկչության կամ կենսատեխնոլոգիական զենք ուղարկել Հայաստան, եւ այն մաքսանենգ ճանապարհով կթափանցեր Հայաստան ու մեր դեղատներում ազատ կվաճառվեր: Այսինքն՝ երբ դեղը տարբեր երկրներից է ներկրվում Հայաստան, ստեղծվում է մի քաոսային վիճակ: Եվ այդ դեպքում շանսը մեծանում է կեղծ դեղեր բերելու կամ շրջանառության մեջ դնելու: Հնարավոր է՝ ուշադիր չեն եղել կամ մի դեղի անվան տակ ուրիշ փաստաթղթեր են ցույց տվել եւ այլն: Մաքսանենգությունը կատարվում է որոշակի նպաստող պայմանների դեպքում: Իսկ այդ կարգի փոփոխությամբ այդ պայմանները ստեղծվեցին»,- ասաց պարոն Զաքարյանը: Այս վտանգները հաշվի առնելով՝ Ս. Զաքարյանը 2-3 օր առաջ կրկին նամակով դիմել է ՀՀ վարչապետին: Նա հորդորում է վերանայել օրենքի փոփոխությունը եւ անցնել նախկինում գործող կարգին, ինչով առաջնորդվում է քաղաքակիրթ աշխարհը. «Նախկին կարգը լիարժեք համապատասխանում էր միջազգային չափանիշներին եւ տարիների ընթացքում ցույց է տվել իր արդյունավետ ու ճիշտ մոդելով ձեւավորված լինելը, ինչի հավաստիքն այն էր, որ Հայաստանի դեղերի շուկայում կեղծ դեղերը ցածր քանակ էին կազմում՝ 1-2,5%: Ի տարբերություն սպառողական տարբեր ապրանքների՝ դեղերն ունեն իրենց շատ խիստ կանոնակարգը: Ներմուծման, արտադրման եւ բաշխման կարգը խախտելը կբերի անվտանգության թուլացման եւ շուկան կեղծ դեղերով ողողելուն»:

Ինչ վերաբերում է վարչապետի այն պատճառաբանությանը, թե սույն փոփոխությունները միտված են դեղերի շուկայի ազատականացմանը, պարոն Զաքարյանը նկատում է. «Հայաստանում գրանցված է 178 ներմուծող կազմակերպություն եւ մեր պես փոքր երկրում, որտեղ այդքան դեղ ներկրող կա, չի կարելի ասել, որ այս դաշտում մոնոպոլիզացիա կա: Այդ թիվն արդեն իսկ խոսում է այն մասին, որ մրցակցություն կա: Դա մանրահատակ կամ ներքնազգեստ չէ, որպեսզի, ասենք՝ ինչքան շատ, ինչքան տարբեր որակի բերենք, այնքան կարող է մրցակցություն լինել եւ դրա արդյունքում գները նվազել: Դեղերն արտադրվում են կոնկրետ կազմակերպությունների կողմից, կոնկրետ ստերիլ պայմաններում, կոնկրետ ռեգիստրացիոն գործընթաց են անցնում, կոնկրետ երկրների, ավելին՝ կոնկրետ ռասայի համար: Ի դեպ, երկրների համար դեղերի գներն այդքան չեն տատանվում: Մեծաքանակ վաճառքի դեպքում մի քանի ցենտի տարբերություն կարող է լինել: Եթե մի դեղը, որը վաճառվում է $5-ով, եւ Հայաստանի համար ինքնարժեքը կարող է լինել $4, Ռուսաստանի համար՝ $3,80 կամ $3,70, այն դրանից էժան, ասենք՝ $1 հաստատ չի կարող լինել, ու եթե դու ինչ-որ մի երկրում գտնում ես շատ էժան, նշանակում է՝ ինչ-որ բան այն չէ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության ահազանգերից մեկն էլ հենց դա է, որ եթե դու առնում ես էժան դեղ, ուրեմն դա կեղծ լինելու առաջին նշանն է, եւ պետք է ուշադիր լինել, այսինքն՝ էժան դեղ հասկացողություն չկա: Կա թանկ կամ շատ թանկ, բայց ոչ էժան, ուստի այդ կարգում փոփոխությունը չէր կարող խթանել գների նվազմանը: Այսքան ժամանակ անցել է եւ ոչ մի նվազում չի գրանցվել, եթե ոչ՝ թանկացում»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031