Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԻՄ-ի ճակատին գրված չէ՝ «ընդդիմություն»

Մարտ 29,2012 13:02

Հայկ Բաբուխանյանը՝ ՀՀԿ ընտրացուցակում ընդգրկվելու մասին

«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանից, որը զբաղեցնում է ՀՀԿ համամասնական ցուցակի 19-րդ հորիզոնականը, «Առավոտը» հետաքրքրվեց՝ ինչպե՞ս պատահեց, որ մշտապես ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ՍԻՄ-ը սկսեց համագործակցել իշխանական ՀՀԿ-ի հետ, մանավանդ, որ 2006 թվականի սեպտեմբերի 20-ի ՍԻՄ համագումարից հրապարակային ասպարեզ դուրս եկած ներկուսակցական խնդիրների ժամանակ Բաբուխանյանը ՍԻՄ նախկին նախագահ Հրանտ Խաչատրյանին մեղադրում էր իր անձնական հարցերը լուծելու համար իշխանությունների հետ համագործակցության մեջ: «Հրանտ Խաչատրյանը ունի նաեւ անձնական խնդիրներ, որոնց կապակցությամբ հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ: Եկել է ինձ մոտ՝ առաջարկելով մեղմացնել Սերժ Սարգսյանի եւ Անդրանիկ Մարգարյանի հանդեպ թերթում տարվող քաղաքականությունը: Իր կողմնակիցները պահանջում էին, որ մենք ավելի քիչ ներկայացնեինք ընդդիմության ներկայացուցիչներին, մասնավորապես Արթուր Բաղդասարյանին եւ ՕԵԿ-ի գործը, Արտաշես Գեղամյանի ելույթները: Այսինքն՝ ընդդիմության առաջատար մի շարք գործիչների փորձում էին «Իրավունքի» էջերից դուրս մղել: Ես եւ Հ. Գալաջյանը մշտապես այն կարծիքին էինք, որ կուսակցությունն ընդդիմադիր է եւ չի կարող գնալ գործարքների: Բայց հետագայում պարզվեց, որը եւ մամուլում հնչեց, որ հանդիպումները տեղի էին ունենում նաեւ այլ առիթներով»,- 2007-ի փետրվարի 9-ի համարում Հայկ Բաբուխանյանի խոսքն է ներկայացնում «Իրավունք» թերթը: Թերթի այդ օրվա համարում Բաբուխանյանի ասուլիսի ամբողջական սղագրությունն է՝ (https://www.aravot.am/2012/03/26/52493/): Պարոն Բաբուխանյանը պատասխանեց. «Նախ՝ դուք շփոթության մեջ եք: Ոչ մեկին ոչ ոք չի մեղադրել: Այն, ինչ որ դուք ասում եք այս պահի դրությամբ, երեւի տեղյակ չեք կամ շփոթված եք: Ինչ վերաբերում է մեր ներկուսակցական բանավեճերին, ապա կարծում եմ, որ դրանք այս պահի դրությամբ որեւէ ակտուալություն չունեն»: ՍԻՄ-ի որոշմամբ ՀՀԿ ցուցակում ներգրավված են նաեւ կուսակցության փոխնախագահն ու երիտթեւի ղեկավարը: Թե ինչո՞ւ ՍԻՄ-ը 20 տարուց ավելի լինելով ընդդիմադիր՝ գնաց ՀՀԿ-ի հետ դաշինքի, մեր զրուցակիցը պատասխանեց.

– Ընդդիմադիրը կամ իշխանական կուսակցությունը դա, այսպես ասած, ճակատագրական մի բան չէ, որ ճակատիդ գրված է, եւ եթե էսպիսին ես այսօր, չես կարող լինել իշխանության մեջ վաղը, եւ եթե իշխանության մեջ ես այսօր, չես կարող վաղը դառնալ ընդդիմադիր: Ամեն ինչ կախված է նրանից՝ վարվող քաղաքականությունը կամ այն քաղաքական ուժերը, ովքեր գալիս են կամ հավակնում են գալ իշխանություն, արդյոք գաղափարական ընդհանրություն ունե՞ն քեզ հետ, քո կուսակցության հետ, թե՞ ոչ:

– Ի՞նչ գաղափարական ընդհանրություններ ունեն ՀՀԿ-ն եւ ՍԻՄ-ը:

– ՍԻՄ-ը հիմնադրվել 1988-ին, ՀՀԿ-ն 1990-91 թթ.-ներին է հիմնադրվել, ձեւավորվել, գրանցվել. այդ տարիներից սկսած մեր կուսակցությունները եղել են մոտ գաղափարական հոսանքների մեջ, բազմիցս ունեցել ենք սերտ շփումներ, 1992-ին ես գլխավորել եմ ՀՀԿ-ի պաշտոնաթերթը՝ լինելով ՍԻՄ փոխնախագահ: ՍԻՄ-ի մի շարք անդամներ եղել են ՀՀԿ-ի պաշտոնաթերթի բաժնի վարիչներ, այդ թվում՝ նաեւ քաղաքական: Այսինքն՝ մեր կուսակցությունների համագործակցությունը երեւի թե Հայաստանի պատմության մեջ ամենասերտ համագործակցության օրինակներից մեկն է: Երկու կուսակցությունները հիմնվում են ազգային-պահպանողական գաղափարախոսության վրա եւ, այդ գաղափարախոսությունից ելնելով, կառուցում են իրենց աշխատանքները: Հետեւաբար, շատ բնական եմ համարում, որ ՍԻՄ-ը եւ ՀՀԿ-ն այսօր հանդես են գալիս համատեղ ցուցակով՝ ՍԻՄ-ի երեք անդամներն ընդգրկված են ՀՀԿ ցուցակում:

– ՀՀԿ-ն տարիներ շարունակ իշխանություն էր, ՍԻՄ-ը շարունակում էր մնալ ընդդիմություն: Պրակտիկ գործունեության տեսանկյունից հիմա հանրապետությունում ի՞նչն է փոխվել, որ ՍԻՄ-ը որոշեց ընդդիմադիր դաշտից քայլ կատարել իշխանական դաշտ:

– 1999-ից սկսած՝ ՀՀԿ-ն Կարեն Դեմիրճյանի գլխավորած ՀԺԿ-ի հետ միասին դարձավ ղեկավարող կուսակցություն: Այնուամենայնիվ, երկրի նախագահը ՀՀԿ անդամ չէր: Այսինքն՝ ՀՀԿ-ն այս կամ այն դաշինքի մեջ լինելով՝ կազմում էր խորհրդարանական մեծամասնություն, բայց երկրի նախագահն այդ խորհրդարանական մեծամասնությունից վեր կանգնած անձ էր եւ ղեկավարում էր կոալիցիան: Զուտ փաստերը եթե վերցնենք՝ ՀՀԿ-ն չի ունեցել իր ներկայացուցիչ երկրի նախագահ:

– Այսինքն՝ խնդիրը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի…

– Այսինքն՝ միայն 2008 թվականից է, որ ՀՀԿ նախագահը միաժամանակ զբաղեցնում է երկրի նախագահի պաշտոնը, եւ դեռ չի եղել որեւէ ժամանակահատված, որ ՀՀԿ-ն միանձնյա կազմի խորհրդարանական մեծամասնություն: ՀՀԿ-ի դոմինանտ դերը կարող ենք տեսնել, բայց Կարեն Դեմիրճյանի ժամանակ նաեւ ԱԺ նախագահն էր այլ կուսակցության ներկայացուցիչ: Դրանից հետո բազմաթիվ տարբեր կոմբինացիաներ են եղել, բայց ստույգ եւ ճշգրիտ լինելու համար պետք է ֆիքսել, որ առաջին անգամ ՀՀԿ նախագահը դարձավ հանրապետության նախագահ 2008-ին:

– Սերժ Սարգսյանի անձով կարելի՞ է պայմանավորել ՍԻՄ-ի դիրքորոշումը:

– Ինչպես հայտնի է դասականների հումքից՝ անձը կերտում է պատմություն, ի վերջո եւ անձի դերակատարությունը պատմության մեջ, վարվող քաղաքականության մեջ հսկայական է: Այս առումով, այո, Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը, սկսած 2008 թվականից՝ որպես երկրի նախագահ, իր վարած նախընտրական կամպանիան 2007-ի ավարտին եւ 2008-ին, այո, մեզ ապացուցեցին, որ այն կուրսը, որը վարում է երկրի նախագահը, համահունչ է մեր պատկերացումներին: Եվ մենք այդ պատկերացումներին համահունչ՝ այսօր գնացինք այս տարբերակին եւ գտնում ենք, որ միասին աշխատելու տարբերակն օգուտ է բերելու մեր երկրին, մեր ժողովրդին:

– ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Հովիկ Աբրահամյանը, ում ժամանակին Դուք մեղադրել եք Արտաշատում Ձեր նկատմամբ կատարված մահափորձի մեջ, ինչպե՞ս եք պատկերացնում համատեղ աշխատանքը նույն թիմում:

– Ուղղակիորեն նման մեղադրանք անձամբ իմ կողմից եւ անձամբ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ չէր հնչել: Ես մեղադրեցի իշխանություններին, ընդհանուր առմամբ, ովքեր թույլ տվեցին, որպեսզի այդ դեպքը տեղի ունենա: Փաստորեն, տեղի ունեցավ դատավարություն, բացահայտվեցին մեղավորները եւ այլն, դատական վճիռ գոյություն ունի: (Պատասխանի մանրամասները):

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հարցազրույցի շարունակությունը՝ 

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031