Լրահոս
Օրվա լրահոսը

Սպասված թեժ ընտրապայքարը չի կայանա

Մարտ 29,2012 12:58

Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքում, ի հեճուկս 2007 թվականին տեղի ունեցած թեժ պայքարի, այս անգամ ամեն ինչ սահուն կանցնի: Ակնկալվում էր, որ դեռ 2007-ին ֆորմալ ավարտված, բայց իրականում շարունակվող ընտրապայքարն իր տրամաբանական հանգուցալուծումը կգտնի մայիսի 6-ին: Հիշեցնենք, որ 2007 թվականին այդ տարածքում մեծամասնական ընտրակարգով հիմնական մրցակիցներն էին «Գրանդ Հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանի որդին՝ Միքայել Վարդանյանը, եւ «Արման ՕԻԼ» ընկերության հիմնադիր տնօրեն, արմատներով նոյեմբերյանցի Արման Ամիրաղյանը (լուսանկարում): Թեեւ Արման Ամիրաղյանը ՀՀԿ անդամ էր, ՀՀԿ-ն պաշտոնապես սատարեց Հրանտ Վարդանյանի որդուն: Երկու կողմերն էլ այդ ժամանակ, այսպես ասած, լավ աշխատեցին՝ եւ գումարներ, եւ մթերքներ, եւ կենցաղային տեխնիկա, եւ պարարտանյութեր բաժանեցին: Վարդանյանների ընտանիքը խուճապի էր մատնված՝ «արժանի հակառակորդի» գոյության փաստից: Արդյունքում Ամիրաղյանը հաղթեց՝ ինչպես պնդում էին նրա շտաբի անդամները եւ տեղաբնակները, բայց պատգամավորական մանդատը բաժին հասավ հայտնի գործարարի որդուն, ինչը դրսեւորումն էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ Վարդանյան ընտանիքի հետ ունեցած սերտ կապերի: Եթե այս տարիների ընթացքում Վարդանյանները մարզում ներդրումներ արեցին, աշխատատեղեր ստեղծեցին, ըստ տեղացիների, Ամիրաղյանն էլ ետ չի մնացել, արել է իր «ձեռքից եկածը»:

Վարդանյան-Ամիրաղյան երկրորդ ռաունդը այս ընտրություններում, սակայն, տեղի չի ունենա, այն պարզ պատճառով, որ երկու թեկնածուներն էլ չառաջադրվեցին: ՀՀԿ-ն այստեղ Հրանտ Վարդանյանի որդուն փոխարինեց «Մասիս-տաբակո»-ի տնօրեն Մարինե Մարաբյանով: Բայց ականատեսները պատմում են, որ առաջադրումների մինչեւ վերջին պահը Միքայել Վարդանյանը բոլոր փաստաթղթերով պատրաստ սպասել է Ամիրաղյանի առաջադրմանը, որպեսզի իր հակաքայլը անի: Վերջին պահին միայն, երբ արդեն հաստատվել է, որ Ամիրաղյանը չի առաջադրվում, Վարդանյան ընտանիքը հաստատել է իր գործարանի տնօրենի առաջադրումը: Ասում են, Վարդանյան ընտանիքն այս անգամ էլ համաձայնության է եկել գործող նախագահի հետ, ու այդ է պատճառը, որ Արման Ամիրաղյանը չի ցանկացել դեմ դուրս գալ իր կողմից հարգելի նախագահի եւ կուսակցության որոշմանը: Նախագահի ու ՀՀԿ-ի որոշումը, ինչպես երեւում է, չի նեղացրել Ամիրաղյանին, քաի որ նա արդեն իսկ սկսել է ՀՀԿ-ի համար «ձայն բերել»: «Առավոտի» հետ հեռախոսազրույցում Ամիրաղյանը հրաժարվեց մեկնաբանություններ տալ իր չառաջադրվելու պատճառների մասին: Միքայել Վարդանյանն ընդհանրապես չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Նախապես խոսակցություններ էին գնում, որ այս ընտրատարածքում առաջադրվելու է նաեւ հայտնի բժիշկ Արտավազդ Սահակյանը: Վերջինս նույնպես փոշմանեց:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031