Աշխարհում ընդունված պրակտիկա է. պետությունները, իշխանությունները, քաղաքական ուժերը իրենց ազդանշանների («մեսիջների») մի մասը տարածում են պաշտոնական հաղորդագրություններով եւ հայտարարություններով, մյուսը՝ հատուկ մարդկանց կամ կազմակերպությունների միջոցով, որոնք կարող են պաշտոնական կարգավիճակ չունենալ, բայց նրանց ասածը միանշանակ պետք է ընկալվի որպես տվյալ ուժի տեսակետ: Օրինակ՝ Միջազգային ճգնաժամային խումբը իրավաբանորեն պարզապես փորձագիտական կազմակերպություն է, բայց այդ խմբի զեկույցներում ավելի բաց եւ թափանցիկ ձեւով է արտացոլվում այն տեսակետը, որն ունի Արեւմուտքը, ենթադրենք, ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ: Եթե դուք ուզում եք իմանալ, թե ինչ է մտածում ռուսաստանյան իշխանությունը, լսեք ոչ թե Պուտինին կամ Մեդվեդեւին, այլ Ժիրինովսկուն, որովհետեւ առաջին երկուսը ի պաշտոնե պետք է ավելի սոլիդ եւ զուսպ երեւան, իսկ ահա Վոլֆովիչը կարող է լեզվին զոռ տալ՝ ինչքան ուզի, եւ իր խոսքում ձեւակերպումներ չընտրի: Ասենք, երբ նա հայտարարում է, որ բոլոր խոշոր գործարարները ժուլիկներ են եւ նրանց պետք է բանտ ուղարկել, դա «թարգմանաբար» նշանակում է. «Ես՝ Պուտինս, զգուշացնում եմ ձեզ՝ գործարարներիդ՝ եթե ինձ չծառայեք, կտանեմ բանտ»:
Հայաստանում էլ է նույնը: Ընդդիմությունն իր «պաշտոնական» դրսեւորումներում «չափի մեջ», կոռեկտ քաղաքական գնահատականներ է տալիս, բայց իր «սրտի խոսքն» ասում է իր լրատվամիջոցներում, կայքերում, սոցցանցերում եւ բլոգներում: Բայց տվյալ դեպքում շատ ավելի հետաքրքիր է նույն տեխնոլոգիայի դրսեւորումը իշխանական կուսակցություններում: Եթե դուք ուզում եք իմանալ, թե այս պահին ում են առաջիկա խորհրդարանական ընտրություններում իրենց մրցակից տեսնում ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն, լսեք, թե ինչ են ասում Արտաշես Գեղամյանը, Արմեն Աշոտյանը՝ մի կողմից եւ Հմայակ Հովհաննիսյանն ու Վահե Էնֆիաջյանը՝ մյուս կողմից: Արդյոք այդ կոալիցիոն գործընկերներն իրենց անհամաձայնությո՞ւնն են հայտնում ՀԱԿ-ի, «Ժառանգության» կամ ՀՅԴ-ի տեսակետների հետ: Ոչ, նրանք դժգոհ են իրարից, նրանք փորձում են իրար «փչացնել», «սխալ հանել»: Իհարկե, իրավիճակը կարող է փոխվել, եւ վաղը, եթե նրանք լուրջ վտանգ տեսնեն ընդդիմության կողմից, կարող են համախմբվել, եւ վերը հիշատակված գործիչները նույն ավյունով «անարգանքի սյունին են գամելու» ընդդիմադիր այն ուժին, որը, «վերեւների» գնահատականներով, լուրջ ընտրազանգված է հավաքելու, բայց հիմա նման միտումներ, հավանաբար, չեն երեւում, եւ իշխանական կուսակցությունները կենտրոնացել են իրար վրա:
Այդ ամենը նորմալ է, եւ դերակատարներն էլ են ընտրվել միանգամայն արհեստավարժ: Միայն Արմեն Աշոտյանի թեկնածությունն է այստեղ որոշակի կասկածներ հարուցում. նախարարի պաշտոնը զբաղեցնողին, այն էլ՝ կրթության, «բլիժնի բոյ» մտնելը, ինձ թվում է, հարիր չէ:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ