Բնականաբար, այս անգամ եւս իշխանությունը բազում անազնիվ մեթոդների է դիմելու՝ Սարիբեկ Սուքիասյանի ընտրությանը խոչընդոտելու համար։ Բայց նույնիսկ այս պարագայում Սուքիասյանի ընտրվելու շանսերը շատ բարձր են գնահատվում։ Երեկ արդեն մենք տեղեկություն ստացանք, որ Կենտրոնի ընտրողներին խիստ զայրացրել է Խաչատուր Սուքիասյանին չգրանցելու փաստը, եւ իշխանության այդ քայլը լրիվ հակառակ էֆեկտն է տալիս։ Իշխանության տարբեր ներկայացուցիչներ մեզ հետ մասնավոր զրույցներում համոզված պնդում են, որ Սուքիասյաններն այդ ընտրատարածքում հզոր են։ Ուշագրավ է, որ այս ընթացքում՝ մինչ առաջադրումների փուլը, իշխանության ամենաբարձր օղակներից տարբեր ազդեցիկ մարդկանց փորձել են համոզել, որ առաջադրվեն Խաչատուր Սուքիասյանի դեմ, բայց նրանք՝ որը անմիջապես, որը որոշ ժամանակ մտածելուց հետո, պատասխանել են՝ ոչ։ Ի վերջո, գտնվել է Գարեգին Նուշիկյանը։ Նրա համաձայնությունը՝ առաջադրվել այդ ընտրատարածքում, ոմանց մոտ, ի դեպ, տարակուսանք էր առաջացրել։ Ու բոլորը հիշում էին մի բան. 2007-ի սեպտեմբերի 21-ին Նուշիկյանը եւ Խաչատուր Սուքիասյանը միակն էին, որ որ նախագահական նստավայրում ՀՀ անկախության առթիվ տեղի ունեցած ընդունելությունից հետո գնացել էին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոց, որտեղ տասնամյա լռությունից հետո առաջին նախագահ Լետն Տեր-Պետրոսյանը խոսեց։ Ի դեպ, դեռ օրեր առաջ մենք կարճատեւ զրույց ենք ունեցել Գարեգին Նուշիկյանի հետ։ Նա այցելել էր ՀՀԿ կենտրոնական գրասենյակ։ Այդ օրը հերթով ՀՀԿ էին գալիս մեծամասնականով առաջադրվող թեկնածուները։ Նուշիկյանն ակնհայտորեն առաջին անգամն էր այնտեղ եւ մի քիչ անվստահ էր։ Պարզվեց, որ նրան իր մոտ էր հրավիրել ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը՝ պաշտոնապես հայտնելու, որ ՀՀԿ թեկնածուն թիվ 10-ում Նուշիկյանն է լինելու։
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Հայկական ժամանակ»