Թիվ 12 եւ 13 ընտրատարածքների գործարքի, սակարկության բացահայտո՞ւմ
(Առեղծվածային երկխոսությո՞ւն, թե՞ երկխոսության առեղծվածը շարքից)
Aravot.am-ին տեղեկություն է հայտնվում, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով առաջադրումների ժամանակահատվածում դեմ առ դեմ հանդիպել են Էրեբունու նախկին թաղապետ, ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանն ու Հայ ազգային կոնգրեսի համակիր, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբոր որդին՝ Տիգրան Տեր-Պետրոսյանը: Ըստ Առավոտի ինֆորմացիոն աղբյուրի` հանդիպման ժամանակ քննարկման առարկան եղել է այն, որ Տիգրան Տեր-Պետրոսյանն իր թեկնածությունը Մհեր Սեդրակյանի դեմ թիվ 13 ընտրատարածքում չի առաջադրում, իսկ Մհեր Սեդրակյանն էլ թիվ 12 ընտրատարածքում Տեր-Պետրոսյանին չի խանգարի:
Ի՞նչ է ասել «Առավոտին» Մհեր Սեդրակյանը այս հանդիպման կապակցությամբ:
Կարդացեք նաև
1. Հաստատում է, որ հանդիպում, ըստ որում` Սեդրակյանի նախաձեռնությամբ, եղել է: “Էրեբունու նախկին թաղապետը մեզ հետ զրույցում հաստատեց, որ նման հանդիպում եղել է /Տիգրան Տեր-Պետրոսյանի հետ/ /Aravot.am/ : Ի դեպ, ոչ մի արտառոց բան չեմ տեսնում նրա մեջ, որ Մհեր Սեդրակյանը Տիգրան Տեր-Պետրոսյանին լավ է ճանաչում, որովհետեւ նա իր թաղապետ եղած ժամանակ «իր ավագանին էր»:
2. Հստակեցնում է հանդիպման թեման, որը, հիշեցնեմ, ըստ Առավոտի տեղեկությունների` եղել է հետեւյալը. “Տիգրան Տեր-Պետրոսյանն իր թեկնածությունը Մհեր Սեդրակյանի դեմ թիվ 13 ընտրատարածքում չի առաջադրում, իսկ Մհեր Սեդրակյանն էլ թիվ 12 ընտրատարածքում Տեր-Պետրոսյանին չի խանգարում” : Սրա կապակցությամբ Սեդրակյանն ասում է. «նա ո՞նց կարող էր նման բան առաջարկել կամ իմ դեմ առաջադրվել: Ես Էրեբունիում 40 հազար ձայն ունեմ»: Ապա նշում է` “Պայմանավորվել ենք, որ նորմալ ենք աշխատելու, մաքուր ընտրություններ ենք անելու, ով ինչքան հավաքի՝ հավաքի, իրարից ձեն փախցնել չի լինելու, որովհետեւ եթե իրարից ձեն փախցրեցինք՝ էդ բերելու ա ուժ կիրառելուն»”: ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ամբողջ Էրեբունի վարչական շրջանում 40.000 ձայնը Սեդրակյանը հռչակում է իրենն ու ՀՀԿ-ինը, եւ ՀԱԿ-ը չպետք է դրանից ձեն փախցնի, որովհետեւ դա կբերի ուժ կիրառելուն եւ ասում է, որ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ: Սա է “ով ինչքան հավաքի՝ հավաքի” մտքի վերծանումը եւ նաեւ Մհեր Սեդրակյանի առաջարկ-պայմանի բովանդակությունը:
3. Ի՞նչ է տալիս դրա դիմաց Մհեր Սեդրակյանը: Լրագրողը հարցնում է. եթե իրեն մնար, կուզեր որ թիվ 12 ընտրատարածքում առաջադրված թեկնածուներից ո՞վ հաղթեր /ընտրատարածքում առաջադրված 6 թեկնածխուներն են` «Ժառանգությունից» Անահիտ Բախշյանը, ԲՀԿ-ից՝ Լյովա Խաչատրյանը, Գոհար Վեզիրյանն ու ՀԱԿ-ից՝ Տիգրան Տեր-Պետրոսյանը/: Սեդրակյանը պատասխանում է. «Եթե իմ ուզելով լիներ՝ կուզենայի, որ ներսի մարդ ընտրվեր՝ էրեբունցի, որովհետեւ էդ մի քիչ էլ թասիբի հարց ա: Եթե իմ ուզելով լիներ՝ կուզեի, որ կա՛մ Տիգրանն անցներ, կա՛մ Գոհարը»:
Դե եթե մնացած ամեն ինչը իր ուզելով ու առաջադրած պայմանով է լինելու /40.000 ձայնը իրենն է, ոնց կարող է Տիգրան Տեր-Պետրոսյանը իր դեմ առաջադրվել, մնացած ձայներն էլ նրանը, “ով ինչքան հավաքի՝ հավաքի”/, ապա նշանակում է, որ թիվ 12-ում Սեդրակյանի վերջին “ուզելիքը” դա Տիգրան Տեր-Պետրոսյանի կամ Գոհար Վեզրիյանի հաղթանակն է: Ուզելիք լինելով, այն, այսքանից հետո, համաձայնեք, թասիբի տիրույթում չէ: Գործարք-սակարկության էությունը չափազանց տեսանելի է` “Ես քեզ, դու` ինձ”:
Հիմա հասկացա՞ք, թե ինչու է ՀԱԿ-ը մերժում “Ժառանգության” առաջարկը Երեւանի 5 ընտրատարածքներում թողնել միայն “Ժառանգության” մեծամասնական թեկնածուներին, այդ թվում` թիվ 12-ում Անահիտ Բախշյանին: Հիմա հասկացա՞ք, թե ինչու “Ժառանգության” առաջարկը “տրամաբանական” չէ, որովհետեւ տրամաբանությունը այլ տեղ է եւ “տարմաբանական առարկություն-պայմանավորվածությունն” արդեն ձեռք է բերվել… Հիմա հասկացա՞նք, թե թիվ 7ընտրատարածքում Րաֆֆի Հովհաննիսյանի ինքնաառաջադրման ետ կանչից հետո ինչու ՀԱԿ-ի ինքնաառաջադրվածները իրենց ետքայլը չեն անում մյուս ընտրատարածքներում, որտեղ ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները տրոհող “ընդդիմադիր 2 թեկնածու կա”, որը հատկապես ՀԱԿ-ին մտահոգեց միայն թիվ 7-ի, բայց ոչ մյուսների պարագայում… Լավ է այսպես, թող մնան: Դա հրաշալի է:
Տեր Աստված, եւ ովքե՞ր են մեզ քննադատում իշխանության հետ համագործակցության մեջ: Ասել եւ ասելու եմ. դաշտը այլեւս սեւ ու սպիտակ է: Իշխանություն ՀԱԿ-ը ընդդեմ “Ժառանգության”: Եւ սա որերորդ դեպքն է, որ բռնացնում ենք:
Իմ սիրելի տիկին Անահիտ Բախշյանին էլ ասում եմ: Իրենք չեն հաղթել, բայց մենք հաղթելու ենք: Ծառայել ենք ու ծառայելու ենք մեր ժողովրդին, ու հաղթելու ենք նրա հետ միասին:
Այսպիսի բաներ…
Հետեւենք մյուս ընտրատարածքների “ուշագրավ պատմությունների մանրամասների ի հայտ գալուն”… Իսկ այդպիսիներից արդեն տեսանելի են թիվ 1-ում ու թիվ 7-ում……
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի բլոգից