Այսօր` մարտի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00.30-ի սահմաններում Մասիսի տարածաշրջանի Հովտաշեն գյուղի հատվածում «ԲՄՎ» մակնիշի 03 ՕԼ 748 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, վթարի ենթարկվել և հայտնվել ջրատարում:
Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի աշխատակիցները` հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ: Տեղում էր նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության օպերատիվ վարչության պետ, փոխգնդապետ Արման Ցոլակյանը:
Կարդացեք նաև
Ջրատարից Մասիսի փրկարարները և ՃՈ աշխատակիցները քաղաքացիների հետ դուրս են բերել 2 հոգու` 24-ամյա Արմեն Մելքոնյանին և 27-ամյա Յուրի Ավագյանին, ովքեր տեղափոխվել են Մասիսի հիվանդանոց:
Փրկարարները որոշ ժամանակ որոնողական աշխատանքներ իրականացնելուց հետո՝ ջրատարից հանել են ևս 1 ուղևորի` 25-ամյա Սարգիս Մելքոնյանին` ցավոք, արդեն մահացած:
Դեպքի վայրում հավաքվածները ՃՈ աշխատակիցներին հայտնել են, որ ըստ նախնական տեղեկությունների` ավտոմեքենայում եղել է ևս 1 հոգի` 24-ամյա Գևորգ Ավագյանը, ում այս պահին փրկարարներն ու ոստիկանները փորձում են հայտնաբերել ջրատարում:
Արմեն Մելքանյանն ու Սարգիս Մելքոնյանը, ինչպես նաև Յուրի Ավագյանն ու Գևորգ Ավագյանը եղբայրներ են, բոլորն էլ` Մասիսի տարածաշրջանի Մասիս գյուղից:
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ