Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ էին քննարկել իրար հանդիպած Մհեր Սեդրակյանն ու Տիգրան Տեր-Պետրոսյանը

Մարտ 28,2012 22:07

Տիգրան Տեր-Պետրոսյան-Մհեր Սեդրակյան

Aravot.am-ի տեղեկություններով, առաջիկա խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով առաջադրումների ժամանակահատվածում դեմ առ դեմ հանդիպել են Էրեբունու նախկին թաղապետ, ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանն ու Հայ ազգային կոնգրեսի համակիր, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբոր որդին՝ Տիգրան Տեր-Պետրոսյանը: Հանդիպման ժամանակ, ըստ մեր տեղեկությունների,  քննարկման առարկան եղել է այն, որ Տիգրան Տեր-Պետրոսյանն իր թեկնածությունը Մհեր Սեդրակյանի դեմ թիվ 13 ընտրատարածքում չի առաջադրի, իսկ Մհեր Սեդրակյանն էլ թիվ 12 ընտրատարածքում Տեր-Պետրոսյանին չի խանգարի:

Էրեբունու նախկին թաղապետը մեզ հետ զրույցում հաստատեց, որ նման հանդիպում եղել է, բայց հերքեց քննարկման առարկայի վերաբերյալ մեր տեղեկությունները: Նախ՝ նա ասաց, թե Տիգրան Տեր-Պետրոսյանին լավ է ճանաչում, որովհետեւ նա իր թաղապետ եղած ժամանակ «իմ ավագանին էր»: Երկրորդ, հանդիպումն իր՝ Սեդրակյանի նախաձեռնությամբ է տեղի ունեցել եւ այլ հարցի առնչությամբ: Երրորդ՝  «նա ո՞նց կարող էր նման բան առաջարկել կամ իմ դեմ առաջադրվել: Ես Էրեբունիում 40 հազար ձայն ունեմ»:

Էրեբունու թաղապետի ասելով, ընտրությունների հարցն այդ հանդիպման ժամանակ, այնուամենայնիվ, քննարկվել է, «ու ես ասել եմ՝ եկեք էս անգամ նորմալ ընտրություններ անցկացնենք, թե չէ Էրեբունու մասին միշտ վատ բաներ են գրվել: Տարիքով, մեծ մարդ ենք, էլի, գոնե մի անգամ նորմալ ընտրություններ անցկացնենք, որ հետո ավելորդ խոսակցություններ չլինեն: Պայմանավորվել ենք, որ նորմալ ենք աշխատելու, մաքուր ընտրություններ ենք անելու, ով ինչքան հավաքի՝ հավաքի, իրարից ձեն փախցնել չի լինելու, որովհետեւ եթե իրարից ձեն փախցրեցինք՝ էդ բերելու ա ուժ կիրառելուն: Ես էդ չեմ ուզում, էս մեր համայնքն ա, ես էս համայնքը շատ եմ սիրում»:

Սեդրակյանն ասաց նաեւ, թե մտադիր է մի հանդիպում էլ կազմակերպել իրար հետ մրցակցող կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, «որ նստենք էս հարցերի շուրջ մարդավարի պայմանավորվենք»:

Վերջում նախկին թաղապետին հարցրինք՝ եթե իրեն մնար,  կուզեր որ թիվ 12 ընտրատարածքում առաջադրված թեկնածուներից ո՞վ հաղթեր: Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում առաջադրվել է 6 թեկնածու, այդ թվում՝ «Ժառանգությունից» Անահիտ Բախշյանը, ԲՀԿ-ից՝ ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը, Գոհար Վեզիրյանն ու ՀԱԿ-ից՝ Տիգրան Տեր-Պետրոսյանը: «Եթե իմ ուզելով լիներ՝ կուզենայի, որ ներսի մարդ ընտրվեր՝  էրեբունցի, որովհետեւ  էդ մի քիչ էլ թասիբի հարց ա: Եթե իմ ուզելով լիներ՝ կուզեի, որ կա՛մ Տիգրանն անցներ, կա՛մ Գոհարը»:

Հիշեցնենք, որ ինքը՝ Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանն առաջադրվել է թիվ 13 ընտրատարածքում, որտեղ նրա մրցակիցն է ՀԱԿ-ի կողմից պաշտպանվող թեկնածու Վիոլետտա (Մանուշակ) Պետրոսյանը, նաեւ ՀՀԿ-ական Սարգիս Հակոբյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031