«Դա բացարձակ կեղծիք է, իրականությանը չի համապատասխանում, ուրիշ մեկնաբանություն չեմ ուզում անել, բացարձակ կեղծիք է եւ չի կարելի այդպիսի բաներ ասել»,- այսպես արձագանքեց ԲՀԿ կուսակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, երբ նրան փոխանցեցինք «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանի հայտարարությունն առ այն, որ Շենգավիթի թիվ 12 ընտրատարածքում ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանում՝13 հազար դրամ: Երբ ասացինք, որ Անահիտ Բախշյանի ձեռքն է ընկել այն հատուկ թուղթը, որը տվել են ուսուցիչներին՝անձնագրի տվյալները լրացնելու համար՝ Արամ Սաֆարյանը պատասխանեց. «Ես չգիտեմ նրա ձեռքին ինչ կար: Նա եթե գտնում է, որ ինքը ճիշտ է, թող դիմի պատկան մարմիններին»:
ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը նույնպես կտրականապես հերքեց, որ ՀՀԿ-ն նույն ընտրատարածքում 8 հազար դրամ է բաժանել. «Նման բան գոյություն չունի՝ դա 100 %-ով»: Մեր դիտարկմանը՝ իսկ եթե ապացույցներ կան, հատուկ թղթեր, որոնք բաժանվել են ուսուցիչներին՝ պատասխանեց. «Եթե ապացույցներ կան, օրենքով սահմանված կարգով կարելի է ընթացք տալ»: Իսկ թե այսօր իրավապահ մարմինները պատրա՞ստ են պատիժ կիրառել՝ նա ասաց, որ իրավապահ մարմինները հայտարարել են իրենց՝ օրենքով սահմանված գործողությունները եւ վերահսկողություն իրականացնելու են նաեւ ընտրությունների ընթացքում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ