Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Սարգսյանը հոգում է վարսահարդարման ծախսերը

Մարտ 28,2012 17:28

 «Չնայած քարոզարշավը դեռ չի սկսվել, նախընտրական քարոզարշավի այդ աղբը արդեն լցվել է մեր տները` ակնոցների շրջանակից, ատամի պլոմբներից եւ ջեմերով, շոկոլադներով: Բանը հասել է նրան, որ հենց Մեծամորում հարեւանս պատմում է, որ մի շտաբում իշխանական կուսակցություններից մեկը բամբաներկա է նվիրում, մյուսը` ջեմ, երկուսից էլ օգտվում են, ասում են ինչ լավ է` երեխայիս ծնունդը մանկապարտեզում կանեմ: Սա ողբերգություն է, որովհետեւ արդյունքում մենք այլասերում ենք հասարակությունը»,- այսօր այդ մասին ահազանգեց ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանը` համամասնական ցուցակների թեմայով Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի եւ USAID-ի կազմակերպած քննարկմանը, որին հրավիրված էին նաեւ ՀՀԿ, ԲՀԿ եւ ՀԱԿ ներկայացուցիչները:

Aravot.am-ի հետ զրույցում հարցին` ճիշտ է, այդ մասին բոլորը խոսում են, բայց կոնկրետ փաստեր ունե՞ք, որ կաշառք է բաժանվում, Լիլիթ Գալստյանն իր անձնական օրինակը բերեց. «Վերջերս մտա Բաղրամյան փողոցում գտնվող մի վարսավիրանոց, վարսավիրն էր, թե մենեջերն ասաց, որ ձեր այս գեղեցկության, հարդարման ծախսերը կհոգա Արտակ Սարգսյանը: Ես չեմ լսել այդ մասին, վկան եմ դրա: Բաղրամյան փողոցի վրա գտնվող բոլոր վարսավիրանոցներում է Արտակ Սարգսյանը այդ ծառայությունները մատուցում: Նա հանկարծ որոշել է, որ հայ կանանց պիտի գեղեցկացնի»:

Նշենք, որ «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արտակ Սարգսյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում: Մամուլում շրջանառվում է նաեւ, որ նա բուլղարական օծանելիք եւ «Սորինի» կոնֆետներ է բաժանել: ՀՀԿ-ական Արտակ Սարգսյանից փորձեցինք այս առնչությամբ պարզաբանում ստանալ, բայց հեռախոսազանգն անընդհատ անջատում էր` առանց պատասխանելու:

Մենք Լիլիթ Գալստյանից հետաքրքրվեցինք` այսօր իրավապահ մարմիններն օրենքը պատրա՞ստ են կիրառել ընտրակաշառք բաժանողների եւ վերցնողների նկատմամբ` նա պատասխանեց. «Իրավապահ մարմիննները վաղուց արդեն իշխանության այդ վարչական ռեսուրսի մեջ են, այն ռեսուրսն է, որը նպաստում է իշխանության վերարտադրմանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031