Լրահոս
Օրվա լրահոսը

Բախշյանի մարդիկ ընտրակաշառք բաժանողներին հետեւելու, նկարելու, ձայնագրելու են

Մարտ 28,2012 17:08

 Շենգավիթ համայնքի թիվ 12 ընտրատարածքում առաջադրված «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը երեկ Panorama.am-ին ահազանգել էր, որ Մանանդյան փողոցում ոմն Արսեն, որի մականունն է Այվազ , հանդես գալով ՀՀԿ-ի անունից, 8 հազար դրամ է բաժանում քաղաքացիներին ` կուսակցությանը ձայն տալու համար: Նույն փողոցի ԲՀԿ գրասենյակում էլ Վոլոդյա անունով մեկը ԲՀԿ-ի օգտին քվեարկելու համար 13 հազար դրամ է բաժանում:

Անահիտ Բախշյանի ձեռքն է ընկել նաեւ ՀՀԿ-ի մշակած այն հատուկ ցուցակի ձեւը, որտեղ ապագա ընտրողից պահանջվում է լրացնել անձնագրի տվյալներ, հեռախոսահամար եւ այլն: Այդ թերթիկը, ըստ տիկին Բախշյանի, բաժանել են Շենգավիթի հանրակրթական դպրոցների ուսուցիչներին:

«Թող հրապարակումը հիմք լինի, ես հրապարակման մեջ դիմել եմ ոստիկանությանը, ԿԸՀին, առայժմ ոչինչ չեմ կարող անել»,– այս կապակցությամբ Aravot.am-ին ասաց Անահիտ Բախշյանը:

Նշենք, որ ըստ Քրեական օրենսգրքի, ընտրակաշառք ստանալը եւ կաշառք տալը, քրեորեն պատժելի արարք է: Քրօրի 154 հոդվածի համաձայն` կաշառք uտանալը պատժվում է տուգանքով՝ նվազագույնը 16 միլիոն դրամով, կամ ազատազրկումով`1-3 տարի ժամկետով, իսկ կաշառք տալու համար է’լ ավելի կոշտ պատիժ է նախատեսվում: Այս առնչությամբ Անահիտ Բախշյանը վստահեցրեց, որ իրավապահ մարմիններն այլընտրանք չեն ունենալու եւ անպայման օրենքի ողջ խստությամբ պատժելու են ընտրակաշառք բաժանողին, բայց մինչ այդ պիտի հաջողվի բռնել նրա ձեռքը. «Եթե ինձ հաջողվի, Աստված տա մեկին բռնեմ` փաստը ձեռքին, ուրեմն այդ մարդն օրենքով սահմանված ամբողջ պատիժը կրելու է, ես դա խոստանում եմ հասարակությանը: Ինձ դժվար կլինի կաշառքը ձեռքին բռնել, որովհետեւ ինձ ճանաչում են, բայց ես լուրջ ցանց ունեմ այդ տարածքում, շատ հավատավոր մարդիկ ունեմ, ինչպես ինձ տեղնուտեղը զանգեցին, ֆիզիկապես հնարավոր չէր հասցնել ու տեղում բռնել, բայց դեռ առիթ կլինի: Ու եթե բռնեմ` ով ուզում է լինի` ինքը կկրի պատիժն օրենքով սահմանված կերպով»:

Մեր դիտարկմանը, որ ընտրակաշառք վերցնողը եւ տվողը բնականաբար չեն գնա ու դիմեն իրավապահ մարմիններին, որպեսզի խոսուն ապացույց համարվի` տիկին Բախշյանը հավաստիացրեց, որ «քաղաքացիներ ունենք, ովքեր պայքարում են կաշառքների դեմ, մարդիկ պատրաստ են իրենք հայտնաբերել ու փաստը ինձ տալ: Լինելու են մարդիկ, ովքեր հետեւելու են եւ բռնացնելու են, նկարելու ենք ու ձայնագրելու` որպես ապացույց: Մինչեւ վերջ գնալու եմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031