Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբուխանյանի դանակահարվելն այսօր դեր չի խաղում իր հարաբերությունների առումով

Մարտ 28,2012 16:47

«Ես իմ կյանքը չեմ կապի միայն դեպքի հետ: Դրանցից անցել է մոտ 10 տարի: Այսինքն՝ դեպքը, իհարկե, շատ խայտառակ պատմություն էր, բայց չեմ կարծում, որ այդ դեպքն այսօր պետք է դեր խաղա իմ հարաբերությունների առումով այս կամ այն պաշտոնյայի հետ, որն այն ժամանակ այս կամ այն պաշտոնական դիրքն էր զբաղեցնում»,- Aravot.am-ի հարցին՝ ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Հովիկ Աբրահամյանը, ում ժամանակին Դուք մեղադրել եք Արտաշատում Ձեր

նկատմամբ կատարված մահափորձի մեջ, ինչպե՞ս եք պատկերացնում համատեղ աշխատանքը նույն թիմում, ասաց ՀՀԿ համամասնական ցուցակի 19-րդ հորիզոնականը զբաղեցնող ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը՝ հավելելով. «Ուղղակիորեն նման մեղադրանք անձամբ իմ կողմից եւ անձամբ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ չէր հնչել: Ես մեղադրեցի իշխանություններին, ընդհանուր առմամբ, ովքեր թույլ տվեցին, որպեսզի այդ դեպքը տեղի ունենա: Փաստորեն, տեղի ունեցավ դատավարություն, բացահայտվեցին մեղավորները եւ այլն, դատական վճիռ գոյություն ունի»:

Հիշեցնենք, որ 2003 թվականի փետրվարի 4-ին՝ նախագահական ընտրարշավի ժամանակ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում «Սահմանադրական իրավունք» միության նախագահական թեկնածու Արամ Կարապետյանի ընտրարշավի շրջանակներում կազմակերպված հանրահավաքի ժամանակ ՍԻՄ փոխնախագահ Հայկ Բաբուխանյանին դանակահարել էին: Արամ Կարապետյանի ընտրական շտաբի մարզային շտաբի պետ Հրայր Խաչատրյանը լրագրողներին ասել էր, որ իրենց զգուշացրել են հնարավոր բռնությունների մասին, եթե իրականացնեն նախատեսված հանրահավաքն Արտաշատում՝ մի քաղաք, որտեղ գերիշխում են նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները: ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանն էլ հայտնել էր լրագրողներին, որ անկարգություններն ու ծեծկռտուքը կազմակերպել են նախագահ Քոչարյանի մերձավորներից մեկի՝ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի մարդիկ: Խաչատրյանն ավելացրել է, որ ծնունդով արտաշատցի է և բոլորին մեկ առ մեկ ճանաչում է ու կարող է ասել  քրեական անցյալ ունեցող այն անձանց անունները, ովքեր մասնակցել են միջադեպին:

«Ես այն ժամանակ էլ, հիմա էլ ասում եմ, որ՝ այո, Ռոբերտ Քոչարյանի վարչախումբը պետք է թույլ տար որպեսզի բոլոր ուժերն անցկացնեին այնպիսի քարոզարշավ, որպեսզի ապահովեր բոլորի անվտանգությունը: Քարոզարշավի ժողովրդավարական անցկացման բոլոր հնարավորությունները պետք է նախագահի վերահսկողության տակ լիներ: Այդպես չեղավ: Մենք պայքարում էինք ժողովրդավարության համար, մեր ազգային ինքնության եւ նպատակների համար: Այդ պայքարն այսօր շարունակվում է, եւ այդ պայքարն այսօր շարունակելու համար մենք ընտրել ենք այս տարբերակը»,- ասաց Հայկ Բաբուխանյանը:

Aravot.am-ի դիտարկմանը՝ հիմա, տարիների հեռվից, կարելի՞ է արձանագրել, որ Հովիկ Աբրահամյանը նույնպես Ռոբերտ Քոչարյանի իշխանության զոհն էր, պարոն Բաբուխանյանը արձագանքեց. «Ես չեմ ուզում զոհերի, տուժվածների դասել մեր քաղաքական ու պետական գործիչներին: Ես, ընդհանրապես, «զոհ» բառը տվյալ դեպքում որեւէ առնչությամբ չէի օգտագործի: Երկրում կար մեկ նախագահ, այն ժամանակ այդ նախագահը վարում էր իր քաղաքականությունը: Հիմա՝ երկրում այլ նախագահ է, վարում է իր քաղաքականությունը: Ռոբերտ Քոչարյանի քաղաքականությանը մենք հիմնականում ընդդիմանում էինք, Սերժ Սարգսյանի քաղաքականությունը, որը այսօր ակնհայտ է ինչ ուղղությամբ է տարվում, մենք այդ քաղաքականությանն աջակցում ենք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031