Արմեն Աշոտյան-Վահե Էնֆիաջյան ֆեյսբուքյան «պատերազմի» մասին հասարակությունն արդեն տեղյակ է: Այդ հարթությունում երկու գործիչների բանավեճը դուրս եկավ քաղաքական հարթությունից` անցնելով անձնական վիրավորանքների մակարդակ: Ներկայումս, երբ սարերի ետևում չէ քարոզարշավը, և բոլոր ուժերը միմյանց քաղաքական կոռեկտ մշակույթ ձևավորելու կոչ են անում ու խոսում քաղաքական ընտրախավ ձևավորելու մասին, Aravot.am-ը փորձեց հասկանալ Ա. Աշոտյանի և Վ. Էնֆիաջյանի կոնֆլիկտն ինչո՞վ էր պայմանավորված և արդյոք նման գործելաոճը հարի»ր է ՀՀԿ-ին և ԲՀԿ-ին, որոնք այժմ ՀՀ քաղաքական վերնախավի մաս են կազմում: Վ. Էնֆիաջյանն այս կապակցությամբ ասաց. «ԲՀԿ–ի բոլոր գործիչները միշտ հանդես են եկել քաղաքական հանդուրժողականության կոչերով: Բայց քանի որ մի քաղաքական գործիչ անընդհատ կարող է իրեն թույլ տալ վիրավորանքի, որոշակի ծաղրանքի միջավայր ձևավորել, որը չի տևում մեկ օր, մեկ ամիս, մեկ տարի՝ որ քաղաքական ուժն էլ լիներ, մի պահ է գալիս, որ պիտի համարժեք պատասխան ստանա: Բնականաբար, կատարվածը տհաճ երևույթ է»: Մեր հարցերին` ի՞նչը դրդեց իրենց նման կերպ վարվել, ի՞նչ ունեին կիսելու, որ չկարողացան դա անել, եւ գուցե ավելի լավ կլիներ, որ այդ ամենը չդառնա՞ր հրապարակային և հարցերը քննարկեին միմյանց հետ՝ Վ. Էնֆիաջյանը պատասխանեց. «Կարծում եմ` ավելի ճիշտ կլինի այդ հարցը հղել պարոն Աշոտյանին, ով որպես նախարար, խոսքի օրինակ, ամբողջ օրը տարբեր ժամերի գտնվում է սոցիալական ցանցերում»:
Aravot.am-ը լսեց նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի տեսակետը. «Ես մեկ անգամ ստիպված եղել եմ իջնել այդ մակարդակի և խոստացել եմ, որ այլևս չեմ ենթարկվելու սադրանքների: Իմ անձնական կարծիքը շարունակելու եմ հրապարակել իմ ֆեյսբուքյան էջում: Իսկ քարոզարշավի մեկնարկին, քաղաքական հարթության մեջ շարունակելու եմ արտահայտել իմ դիրքորոշումները»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ