Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վերք Հայաստանի, ողբ հայրենասիրի – 2

Մարտ 28,2012 16:02

Օրհնվի էն սհաթը, որ «ազգայինն» ու «համազգայինը» հայոց լիս աշխարհքը մտան ու… գնաց համահամահամահայկականության «կաշը», կներեք, տաշը, բնական է` տուշիով:

… Ու թեեւ փոքր ենք իբրեւ ածու, բայց մեր աշխարհքում էլ երեւելի շատ բաներ են եղել (ու շարունակում են լինել) հիշատակության արժանի (էս էլ քո խաթեր` Խորենացու ոճով): Էլ «Արի տուն… տունիկ» «ուժաս» հեքիաթը, «համազգային ծառատունկ» էկոլոգիական աղետը, համաժողովրդացունց քոչարին, որ «Գինես» չմտավ, բայց դուշմանի աչքը` հաստատ: Ափսոս, դրան չհետեւեց համահայկական սինխրոն լողը Սեւանում, քանի դեռ կապույտ Ամենահալածը ճահիճ չէր դարձել: Մի խոսքով, էլ ինչ կա, որ էսքան մերը լինի` մեր երկար լեզուն ու մեծաբերան խոսքը, մերը, մեր տիրումերը…(կներեք, լեզվի սայթաքում էր, հազիվ հասցրի տակը աղ լցնել): Իսկ հրեն դեմներս հերթական ինչ-որ նվաճման տարեդարձ է, պստլիկ մի հաջողության գինեձոն-շնորհանդես, ազգը բետոնող ու ցեմենտող հազարամյա ինչ-որ դեմքուդեպքի ոգեկոչում-տարելից, ասել է` գնաց հերթական ազգացունց ու աշխարհացույց ծիսա-էքստրա-շռնդա-տեղատարափը, բացառիկության մարաթոնը, հերոսության Գիրք Ծննդոցն ու հաղթանակների Ելից մատյանը…

Կրթությունս երեւի չի հերիքում (սովետի դիպլոմ, էն էլ` էն Կնյազի ժամանակների) հասկանալու, թե էս «ազգայինի» համատարածը խի ու ոնց հասավ գիտամշակութային օջախներին: Էլ «ազգային» քոլեջ ու գրադարան, ակադեմիա ու թանգարան, «հայկական» ինստիտուտ ու եսիմ ինչ կենտրոն: Ակադեմիան, որ «ազգային» չէր, գիտությունը «սղում» էր, հա՜, տեղում: Գրադարանի ազգայինը ո՞րն է, բարեկամս: Ախր իսկի մեր Ազգային ժողովն իր իմաստով ու բովանդակությամբ «ազգային» չէ, այլ ընդամենը սովորական օրենսդրական մարմին, երկրի (եւ ոչ ազգի) խորհրդարան:

Ե՞րբ էր, քիչ էլ ու… համաշխարհային ազգ էինք դառնում: Լավ է, ժամանակին հասցրեցինք ցած թռչել գնացքից: Թռանք, մտանք «Ազգային գաղափարախոսություն» փուչիկ-շենքը, փչեցինք, փչեցինք, մինչեւ սա էլ տրաքեց, տեսանք` չէ, մեր խելքի բանը չի, ոչ էլ ուրիշի խելքի, ոչ էլ ընդհանրապես խելքի, «ձեռը վի կալանք», անցանք հաջորդ «հայրենաշունչ» գաղափարին` «Հայաստանը դու ես»… Հա, բալես, ես եմ, օրուգիշեր աղբամանների մեջ քուջուջ անող, խնամազուրկ ու դեղակարոտ, իրեք դիպլոմ տունը գցած` քեզ ծառա ու «ղարավաշ», էնպես որ` «գլուխս դիր վուտիդ տակին, անց կաց փիանդազի նման…», անաշակերտ ուսուցիչ եմ ու անգործ վարպետ, անհող ու անջուր գյուղացի, մաստակ վաճառող գիտնական ու …

Թե չէ, ով չգիտի, որ «Հայաստանը դու ես», պարոնս ու աղաս, քոնն են օրենքներն ու ուժը, «սուդյեն» ու «նամեստնիկը», իշխանությունը, հարստությունը, ազգայինն ու ազգային տեսլականները «վաղը լավ է լինելու» հազարամյա երթից:

Էհ… գրական «պատրոնդաժս» անգամ արդեն զգում է «ազգային» փանջունիկների ու փանջուհիկների խեթ հայացքները վրաս, գլխիս «լիզբոն» սարքելու անսքող փափագը: Գիշերներն էլ նույն մղձավանջներն են: Խոր քնի մեջ մեկ էլ մի զարհուրանք (երեւի անթաղ մեռել) որ չի ոռնում ականջիս . «Արա, տո, Քլինթոնի էլ մերը…», մեկ ուրիշն էլ հարմարվել մյուս ձայնախցիկիս` ատենախոսում է. «Եղբայր, ինչ շրջափակում, ինչ տնտեսական անկում, մենք հադե տարածաշրջանային վագր ենք, գել ու գազան…»:

Ես էլ (իմ գիժ տերն էլ էնտեղ չթաղեմ, հա) բիձա-բիձա քրթմնջում եմ. «Երանի տարածաշրջանային վիագրա ըլնեինք…»…

Արթնանում եմ ու իմանում, որ քաղաքական օրացույցով բեղ պահող ու այն թրաշող տղերքը նորից «հարատեւ կռիվ» են հայտարարել: Չորս կողմը «միացում» է ու «միասին», էստեղ` «հայոց արծիվներ», էնտեղ` «բազեներ», սարերին` «բանակում» ու ճամբարներ, սահմանները` ռազմաճակատ, մենք էլ` «ազգի զինվոր ու առանձին վիճակ» ու ամենուր` «Պը, պը, պը, պը… մինչեւ վերջ»…

Իսկ դրսում ոնց որ թե հենց էդ վերջն է արդեն: Գնում են: Մենակ ու «միասին», «արի տունտունիկները» գրկներին կամ օրորոցում, «ետեւը ապօրինությունների սուր ու առաջը` անհայտության ջուր», գնում են, հեռանում են, փախչում երկրից, որ երկիր չդարձավ, ազատությունից եւ օրենքից, որ այդպես էլ չտրվեց ու չտեղավորվեց 30 հազար քմ տրամաբանության մեջ, հանրապետությունից, որ մեկի դիպուկ բնորոշմամբ` էդպես էլ մնաց համարյապետություն…

Ու… «երբ որ լրիվ փակվին դռներն հուսո ու մեր երկրեն փախս տանք…», երբ դադարենք երկիր ու պետություն լինելուց, այ նոր կգա «համաշխարհային ազգի» ժամանակը, այ իսկականից կդառնանք աներկիր, բայց «մաքուր» ու «անարատ» համաշխարհային շարժում, իսկական «պը, պը, պը, պը մինչեւ…,- ձեռքս չի գնում, բայց ինչ արած, ստիպված եմ գրել,- վերջ…»…

 

Վլադիմիր Հայրապետյան

ՀՀ ԳՄ անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031