Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով «դհոլային ներկայացումը» «ճիշտ» ՀՀԿ–ականներն են կազմակերպել

Մարտ 28,2012 15:48

«Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը քաղաքական դիակ է, այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված Հմայակ Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանն այս հայտարարությունն արեց Tert.am-ի խնդրանքով մեկնաբանելով Արտաշես Գեղամյանի այսօր ավելի վաղ արած հայտարարությունը, թե ինտերնետում հայտնված տեսահոլովակը, որտեղ երեք երիտասարդ Մոսկովյան 33 հասցեում գտնվող «Հիդրոէներգանախագիծ ինստիտուտի» շենքի դիմաց ( այստեղ տեղակայված է «Ազգային միաբանության» կենտրոնական գրասենյակը), դհոլ են նվագում, պատվիրված էր Հմայակ Հովհաննիսյանի «պատվին» և այդ երիտասարդներին ինքն էր վարձել՝ «Հմայակ Հովհաննիսյանի քաղաքական հոգեհանգիստն անցկացնելու համար»։
«Այդ տեսահոլովակն ինձ հասցեագրելու Գեղամյանի փորձը խղճուկ, խորտակված մարդու դրսևորում է»,– ասաց Հմայակ Հովհաննիսյանը։

Հմայակ Հովհաննիսյանի խոսքով՝ տեսանյութում խոշոր պլաններով հստակ երևում է «Ազգային միաբանություն» կուսակցության բրենդը։ Նա չի հավատում, որ այդ երաժիշտներին վարձել է Գեղամյանը։

«Արտաշես Գեղամյանի ախտորոշումը շատ հստակ ու շատ դիպուկ տվել է Սերժ Սարգսյանը՝ նրան անվանելով ստախոս, բամբասկոտ, դատարկ դհոլ։ Այս որակումն այնքան դիպուկ է, որ այն անցել է Հայաստանի քաղաքական պատմության մեջ՝ թողնելով անջնջելի հետք»,– հայտարարեց Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ Գեղամյանի խոսքին Հայաստանում որևէ մեկը չի հավատում՝ դեռ սկսած 2004թ.–ից։ Ինչ վերաբերում է Գեղամյանի կողմից իր քաղաքական հոգեհանգիստը կազմակերպելուն, Քաղաքագետների միության նախագահը հայտարարեց. «Արտաշես Գեղամյանը կործանված անձ է։ Նա ապագա չունի, քաղաքական դիակ է»։

Շարունակելով Հմայակ Հովհաննիսյանը նշեց, որ ինքը՝ որպես «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ Արտաշես Գեղամյանին չեն սիրել ՀՀԿ ղեկավարները՝ ո՛չ Աշոտ Նավասարդյանը, ո՛չ Անդրանիկ Մարգարյանը և ո՛չ էլ Վազգեն Սարգսյանը։

«Ու հիմա ազնիվ ՀՀԿ-ականները, «ճիշտ» ՀՀԿ–ականները վրդովված են, որ Գեղամյանն ընդգրկվել է ՀՀԿ համամասնական ցուցակում։ Ու, կարծում եմ, այդ ամենն էլ կազմակերպել են հենց այդ ազնիվ ՀՀԿ-ականները»,– շեշտեց Հովհաննիսյանը։

Tert.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031