ՎԱՇԻՆԳՏՈՆ, 27-ը մարտի, 2012 թ. – Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի (ԳԲՀ) 1,82 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհը Հայաստանում էներգախնայողության ծրագրի համար: Ծրագիրը կնպաստի էներգիայի սպառման կրճատմանը սոցիալական և այլ հանրային հաստատություններում:
Սույն ծրագիրը կաջակցի դպրոցներում, մանկապարտեզներում, հիվանդանոցներում, վարչական շենքերում և փողոցների լուսավորության ոլորտում էներգախնայողության մեջ ներդրումներին, կնվազեցնի էներգիայի սպառումը արդիականացված հանրային ու սոցիալական հաստատություններում և կկրճատի CO2 արտանետումները:
«Մենք ուրախ ենք, որ առաջարկված էներգախնայողության ներդրումների հիմնական շահառուները լինելու են երեխաներն ու հիվանդները, ուսանողները, վարչական շենքերի աշխատակիցներն ու այցելուները», – նշում է Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապին: – Հայաստանը կսկսի քաղել էներգախնայողության բարձրացման պտուղները էներգածախսերի կրճատման, հարմարավետության մակարդակի բարձրացման և արդիականացված հաստատությունների տեսքով»:
Ըստ Հայաստանում Համաշխարհային բանկի իրականացրած էներգախնայողության հետազոտության (2008թ.) հաշվարկների` հանրային հատվածում հնարավոր է խնայել շուրջ 132 միլիարդ ՀՀ դրամ (ավելի քան 360 միլիոն ԱՄՆ դոլար), որը համարժեք է տարեկան 130 միլիոն կվտ/ժ էներգիայի և կազմում է ամբողջ ծախսված էներգիայի 35%-ը: Ութ հանրային հաստատություններում անցկացված էներգիայի աուդիտները, ինչպես նաև Համաշխարհայն բանկի աջակցությամբ իրականացված Քաղաքային ջեռուցման ծրագրի շրջանակներում տասնմեկ դպրոցներում կատարված էներգախնայողության մեջ ներդրումները ցույց են տալիս, որ միջին չափսի հաստատությունը կարող է տարեկան խնայել մոտ 150.000 կվտ/ժ էներգիա` միջին հաշվով 70.000 ԱՄՆ դոլար ներդնելու դեպքում (ծախսերի փոխհատուցման ժամկետը` 3 – 8 տարի):
«Աջակցելով էներգախնայողության մեջ ներդրումներին շուրջ 120 դպրոցներում, հիվանդանոցներում և այլ հանրային հաստատություններում` ծրագիրը կփորձի զարգացնել, փորձարկել և տարածել էներգախնայողության ապահովման վերարտադրելի և կայուն մոդելներ: Սոցիալական և այլ հանրային հաստատություններում էներգախնայողության մեջ ներդրումները կարող են նաև խթանել շուկան` ստեղծելով էներգաարդյունավետ սարքավորումների ու ծառայությունների պահանջարկ»,- ասում է Համաշխարհային բանկի` ծրագիրը մշակած խմբի ղեկավար Անի Բալաբանյանը:
Ծրագիրը կֆինանսավորի պատերի, նկուղների, ձեղնահարկերի մեկուսացումը, արտաքին դռների և պատուհանների նորոգումը/փոխարինումը, պատուհանների օպտիմալացումը, ռադիատորների հետևում պատերի պատումը արտացոլող մակերևույթով, կաթսաների և ջեռուցման համակարգերի բարելավումը/փոխարինումը, ինչպես նաև սնդիկի գոլորշով աշխատող լապմերի փոխարինումը սոդայական գոլորշով աշխատող բարձր ճնշումային լամպերով:
Էներգախնայողության մեջ ներդրումների վերարտադրելիությունը կապահովվի հետևյալ միջոցառումներով` էներգախնայողության ոլորտի օրենսդրական, կանոնակարգային, մատակարարման և տեղեկատվական խոչընդոտների վերացում, նմանօրինակ ենթածրագրերի ֆինանսավորման, իրականացման և ծախսերի փոխհատուցման տարբեր սխեմաների կմշակում և փորձարկում, հանրային գերատեսչությունների համար վերապատրաստման դասընթացների անցկացում` էներգախնայողության քաղաքականության և կանոնակարգմանն աջակցելու նպատակով, ինչպես նաև կարողությունների հզորացում մասնավոր հատվածի շահագրգիռ շրջանակների համար` ուղղված էներգիայի աուդիտներ անցկացնելու, էներգիայի կառավարման և էներգախնայողության մեջ ներդրումների ֆինանսական գնահատման նրանց կարողությունների ուժեղացմանը:
ԳԲՀ-ն միավորում է 182 երկիր` միջազգային հաստատությունների, հասարակական կազմակերպությունների (ՀԿ) և մասնավոր հատվածի հետ համագործակցության շրջանակներում` համաշխարհային բնապահպանական խնդիրների համար լուծումներ գտնելու նպատակով, միաժամանակ աջակցելով կայուն զարգացման ազգային նախաձեռնություններին: Այսօր ԳԲՀ-ն համաշխարհային բնապահպանական ծրագրերի ամենախոշոր ֆինանսավորողն է: Որպես անկախ ֆինանսական կազմակերպություն` ԳԲՀ-ն դրամաշնորհներ է տրամադրում կենսաբազմազանության պահպանության, կլիմայի փոփոխության, համաշխարհային ջրային ավազանի, հողերի դեգրադացիայի, օզոնային շերտի և կայուն օրգանական աղտոտիչների խնդիրներին ուղղված ծրագրերին: Սկսած 1991 թվականից` ԳԲՀ-ն սերտորեն համագործակցում է զարգացող ու անցումային տնտեսությամբ երկրների հետ: ԳԲՀ-ն տրամադրել է 9 միլիարդ ԱՄՆ դոլար դրամաշնորհներ և ապահովել է 40 միլիարդ ԱՄՆ դոլար համաֆինանսավորում աշխարհի 165 երկրներում իրականացված ավելի քան 2600 ծրագրերի համար:
Համաշխարհային բանկի խումբը ԳԲՀ-ի ծրագրերն իրականացնող կազմակերպություններից մեկն է և աջակցություն է ցույց տալիս երկրներին` պատրաստելու ԳԲՀ-ի համաֆինանսավորած ծրագրերը և վերահսկում է դրանց իրականացումը: Այն առաջնային դեր ունի ներդրումային ծրագրերի մշակումն ու կառավարումն ապահովելու գործում: Համաշխարհային բանկն օգտագործում է ներդրումներ կատարելու իր փորձն իրավասու երկրներում` խթանելու ներդրումային հնարավորությունները և ներգրավելու մասնավոր հատվածը, երկկողմանի, բազմակողմանի և այլ պետական ու հասարակական ռեսուրսները, որոնք համահունչ են ԳԲՀ-ի նպատակներին և կայուն զարգացման ազգային ռազմավարություններին: Սկսած 1991 թվականից` Համաշխարհային բանկի խումբը տրամադրել է 1,52 միլիարդ ԱՄՆ դոլար ԳԲՀ ռեսուրս, և 2,25 միլիարդ ԱՄՆ դոլար համաֆինանսավորում աշխարհի 80 երկրներում ԳԲՀ ծրագրերի համար: ԳԲՀ և Բանկի ռեսուրսներից բացի, Համաշխարհային բանկը հայթայթել է ևս 5,48 միլիարդ ԱՄՆ դոլար համաֆինանսավորում այլ դոնորներից:
Ծրագրի իրականացման համար ՀՀ կառավարությունը կհատկացնի 8,3 միլիոն ԱՄՆ դոլար, կտրամադրվի 1,82 միլիոն ԱՄՆ դոլար ԳԲՀ դրամաշնորհ և 0,54 միլիոն ԱՄՆ դոլար համաֆինանսավում Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամից (ՎԷԷՀ): Կառավարության համաֆինանսավորումը ներառում է Համաշխարհային բանկի` վերջերս ավարտված երկու ծրագրերի` Քաղաքային ջեռուցման և Վերականգնվող էներգետիկայի ծրագրերի շրջանառվող գումարների մարումները: