Թիվ 16 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորական մանդատի համար կպայքարեն ԲՀԿ-ի կողմից ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ստեփանյանը, ՀՀԿ-ի կողմից՝ բնապահպանության նախկին նախարար, «Ալմար» ՍՊԸ-ի տնօրեն Մուրադ Մուրադյանը, ՀԱԿ-ը ներկայացրել է ՀՀՇ անդամ Գեւորգ Գեւորգյանին: Նախընտրական պայքարը, դեռ պաշտոնական մեկնարկից էլ առաջ, այստեղ յուրօրինակ է զարգանում: Aravot.am-ի ունեցած տեղեկություններով, ընտրակաշառքների մեկնարկն արդեն տրված է եւ գներն օրեցօր, ինչպես ասում են, բարձրանում են: Մուրադ Մուրադյանն «այս գլխից» հարցերը լուծելու համար, պատվիրել է, որ միանգամից 8.000-ական դրամ բաժանեն: Ի պատասխան՝ ԲՀԿ-ական Տիգրան Ստեփանյանը պատվիրել է 10.000-ական բաժանել: «Թասիբի ընկած» հանրապետականը գինը բարձրացրել է 15. 000-ի: Այստեղ ԲՀԿ-ականը որոշել է մեկընդմիշտ վերջ դնել աճուրդին` պատվիրելով ` «Մուրադը ինչքան կտա` 5.000-ավել կտաք»:
Aravot.am-ի հարցին՝ համապատասխանո՞ւմ են մեր տեղեկություններն իրականությանը, ԲՀԿ-ական թեկնածու Տիգրան Ստեփանյանն ասաց. «Տո չէ, նման բան չկա: Դա իրականությանը չի համապատասխանում»: Ճշտող հարցին, որ հենց այնպես խոսակցություններ չէին շրջանառվի, մեր զրուցակիցն արձագանքեց. «Դե, ժողովուրդ ա, էլի, մի բան պիտի ասեն» ու հավելեց՝ « Ճիշտն ասած, ես էլ եմ լսել, որ փող եմ բաժանում, բայց դա իրականությանը չի համապատասխանում»:
Պարոն Ստեփանյանը նաեւ ասաց, որ գիտե, թե որտեղի՞ց են տարածվում նման խոսակցությունները: Այդ խոսակցությունների «աղբյուրը» խոստացավ բացահայտել առաջիկայում հանդիպման ժամանակ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև