Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրիում մախինացիաներ կատարելն ու ցուցակները 6000 ընտրողով ուռճացնելը ի°նչ է որ»

Մարտ 28,2012 14:59

Այսօր Aravot.am-ը ընտրական գործընթացներում ակտիվ մասնակցություն ունեցող «Շիրակ կենտրոն» հ/կ-ի նախագահ Վահան Թումասյանին հարցրեց, թե որքանո°վ է արժանահավատ պաշտոնական այն տեղեկատվությունը, համաձայն որի՝ Շիրակի մարզում ընտրողների թիվն ավելացել է 13 հազար 600-ով, իսկ Գյումրիում` 6 հազարով: Այսինքն, մարզում նախկին 214 հազար 722 ընտրողի փոխարեն՝ այժմ ունենք 228 հազար 325 ընտրող, իսկ Գյումրիում մոտ 119 հազարի փոխարեն՝ 125 հազար 536: Եվ սա այն դեպքում, երբ հանրապետության երկրորդ քաղաքում մարդահամարի դեռևս պաշտոնապես չհրապարակված տվյալներով՝ 67- 70 հազար մարդ է ապրում, իսկ մարզի գյուղերն օր օրի դատարկվում են, կան գյուղեր, որտեղ մի քանի տարի է` ձևի համար մի երեխա չի ծնվել, անգամ տղամարդ չի մնացել: «Հավատացեք, ես ամենաշատը կերազեի, որ Գյումրին այդքան ընտրող ունենար, բայց եթե առաջնորդվենք այդ չափազանցված թվերով, ընդունենք, որ բնակչության 60 տոկոսը ընտրողներ են, մնացած 40-ն էլ անչափահասներ են, ապա իրենց ներկայացրածով կստացվի, որ Գյումրին մոտ 180 հազարանոց քաղաք է: Բայց մենք մեզ չենք խաբի, բոլորս էլ գիտենք, որ Գյումրին առավելագույնը 100 հազար բնակիչ ունի: Մեր քաղաքում 60-65 հազար ընտրողից ավել հնարավոր չէ գտնել, թող բացականերն էլ 20-25 հազար կազմեն, բա մնացածը որտեղի°ց ծլան»,- ասաց Վահան Թումասյանը:

Մեր զրուցակցի հավաստմամբ, նախորդ ընտրություններում շատ քչերն են եղել, որոնք դատական կարգով վերականգնել են իրենց ընտրելու իրավունքը, խոսքը մոտ 180-200 հոգու մասին է, այնպես որ նրանք չէին կարող ընտրաքանակում այսպիսի հեղափոխություն անել: «Փաստեր չունեմ, թե էդ ավանտյուրան որտեղից են արել, բայց կասեմ, որ Գյումրին ամենաուռճացված տեղն է, այստեղ ընտրացուցակ ստուգելը, հստակեցնելը ամենաբարդն է, ու գիտե՞ք ինչու. քաղաքը թաղված է տնակային ավանների մեջ, ընտրողը կարող է երեք անգամ ընտրություն կատարել, մի անգամ ընտրել իր փլված տան հասցեով, մյուս անգամ` տնակի հասցեով, երրորդ անգամն էլ` նորակառույց բնակարանի հասցեով, դե գնա ու ապացուցի: Ստացվեց, որ մեր ընտրողների թիվն իրոք ավելացել է, Գյումրիում նման մախինացիաները շատ հեշտ է կատարելը ու նույնքան էլ բարդ է ապացուցելը, բայց նորից եմ կրկնում ` երանի իրենց ասածը իրականությանը համապատասխաներ ու մեր քաղաքը այսպես չդատարկվեր»,- ասաց Վահան Թումասյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031