Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԴԿ անդամ. «Եթե նվազագույն շեմի հաղթահարման խնդիր ունենայինք, մենք չէինք մասնակցի ընտրություններին»

Մարտ 28,2012 14:42

«Եթե հերթական անգամ լինի անհատների PR, ապա մենք այս ամենն ամեն կերպ կանվանենք, բայց ոչ ընտրություն»,-Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության անդամ Արամ Գյուրջյանը: Մեր այն հարցին՝ ինչպե՞ս են պատրաստվում քարոզարշավին և ի՞նչ ձևաչափով են քարոզարշավ անելու, պարոն Գյուրջյանը պատասխանեց. «Հիմնական ֆորմատը լինելու է ընտրողների հետ հետադարձ կապի ձևավորումը: Օգտագործելու ենք նաև համացանցի ռեսուրսները»:

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն ընտրարշավին մասնակցող այն ուժերից է, որն ավելի քիչ է աչքի ընկնում հասարակական ակտիվությամբ: Ընտրողների մեծամասնությանը հայտնի էլ չէ, թե այս ուժը որ քաղաքական ճամբարում է գտնվում: Պարոն Գյուրջյանից հետաքրքրվեցինք՝ Դեմոկրատական կուսակցությունը ո՞ր ճամբարում է, նա պատասխանեց. «Դեմոկրատական կուսակցությունը որևէ ճամբարում չէ, այն բավականին ինքնաբավ ուժ է: Իհարկե, այն նեոլիբերալ իրողությունը, որում գտնվում ենք, հակասում է մեր պատկերացումներին և ծրագրերին: Ուստի այս տեսակետից կարելի է ասել, որ ընդդիմություն ենք: Բայց ճամբարային սկզբունքը մեզ համար ընդունելի չէ, քանի որ ի վերջո մենք բոլորս գտնվում ենք մի ճամբարում, որը կոչվում է Հայաստանի Հանրապետություն»:

Aravot.am-ը Ա. Գյուրջյանից հետաքրքրվեց՝ ո՞ր քաղաքական ուժն է իրենց հիմնական մրցակիցը: Մեր զրուցակիցը պատասխանեց. «Մենք որևէ մեկի դեմ չենք, մենք մասնակցում ենք ընտրություններին հանուն ինչոր բանի, իսկ մեր ծրագիրը այլընտրանքային է: Մենք դժգոհ ենք ներկայիս իրավիճակից եւ առաջարկում ենք լուծման ճանապարհներ: Ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերն էլ, ոչ ավել, ոչ պակաս, մեր հիմնական մրցակիցներն են»:

Այն հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունեն խորհրդարանական ընտրություններից և ձայների ի ՞նչ տոկոս են ակնկալում ստանալ, Ա. Գյուրջյանը պատասխանեց. «Այս շրջանում մեր ուժերը մենք չենք ուղղում այդօրինակ հաշվարկների ուղղությամբ, այլ ջանում ենք կայացնել հետադարձ կապը ընտրողների հետ: Իսկ եթե նվազագույն շեմի հաղթահարման խնդիր ունենայինք, մենք չէինք մասնակցի ընտրություններին»: Մեր դիտարկմանը՝ եթե նվազագույն շեմը չհաղթահարեն արդյոք դա կնշանակի՞, որ կեղծումներ են եղել, ՀԴԿ ներկայացուցիչը արձագանքեց. «Չեմ ուզում ելնել «եթե չհաղթահարենք» սկզբունքից: Ընտրություն կատարողները քաղաքացիներն են, ում հետ մենք աշխատում ենք խոսքով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031