Լրահոս
Օրվա լրահոսը

«Մշակույթ» հկ-ի նախագահը՝ ընտրությունների, ցուցակների եւ Աշոտյանի մասին

Մարտ 28,2012 14:38

Այսօր «Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը «Մշակույթ» հ/կ-ի նախագահ Անի Զախարյանը ներկայացրեց իր կանխատեսումները՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ եւ անելիքները: Դեռեւս երեք տարի առաջ նա անդամակցել էր Հայաստանի Հանրապետական կուսակցությանը` իրեն համարելով Գարեգին Նժդեհի գաղափարախոսության կրողը: «Բայց ցուցակները ներկայացնելուց առաջ ինքնակամ դուրս եկա ՀՀԿից, որովհետեւ փնտրեցի եւ այդպես էլ չգտա Գարեգին Նժդեհին եւ այժմ բավականաչափ կայացել եմ` 2012-ին քաղաքականություն մտնելու համար»,- ասաց Զախարյանը եւ տեղեկացրեց, որ նախընտրականի փոխարեն կազմել է «Ազգային ծրագիր», որի շուրջ, պետք է համախմբվեն պետության կայացմանը նպաստող բոլոր ուժերը: Նրա խոսքով, իր ծրագրում մեծ տեղ է հատկացվում դպրոցին եւ մշակույթին. «Կրթությունն է յուրաքանչյուր հասարակության շարժիչ ուժը, իսկ Հայաստանի թիվ մեկ հիմնախնդիրը սոցիալականն է, քանի որ գործազուրկ է բնակչության մոտ 60 տոկոսը»,- նշեց Ա. Զախարյանը եւ հավելեց, որ առայժմ չի ցանկանում հայտնել իր համախոհների անունները:

Առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո ԱԺ-ում Ա. Զախարյանը տեսնում է ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին եւ «Ժառանգությանը». «Եթե Օրինաց երկրին Արթուր Բաղդասարյանից եւ նրա կնոջից բացի ձայն տվող լինի, ուրեմն ընտրությունները կեղծված են: Կարող եք արտահայտությանս հումորով վերաբերվել»:

Ա. Զախարյանի խոսքով, քաղաքական գործչի առաքելությունը չպետք է սահմանափակվի կոճակ սեղմելով ու պառլամենտի բուֆետ իջնելով: Վերլուծելով որոշ քաղաքական դեմքերի գործունեությունը` նա խելացի քայլ որակեց մշակույթի նախարարի ՝ ՀՀԿ-ի համամասնական ցուցակում հայտնվելը:

Անդրադառնալով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի Ֆեյսբուքյան «Նախընտրական խրատանուն», Ա. Զախարյանն ասաց, որ կրթության նախարարին նույնպես հարիր չէ նման արտահայտություններ թույլ տալը (1. Մանդատը չտեսած մի մերկացիր: 2. 4.9 % կլինես , 5% չես լինի: 3. Լեզվին զոռ տալուց հիշիր քաղաքական ճողվածքի մասին: 4. Ընտրեք չարյաց փոքրագույնը: 5. Գցիր, որ չգցեն: 6. Facebook-ը քաղաքական կատեգորիա չէ: 7. Լեզվի երկարությունը հակադարձ համեմատական է ցուցակային տեղին:8. Մարդ կա, մարդ է, մարդ էլ կա` անցողիկ տեղում է: 9. Նազիկ Ավդալյանի քարը ծանր է: 10.Մանդատը վարունգ չէ. կամ կա, կամ չկա):

Անի Զախարյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարումը գնահատեց նորմալ որոշ վերապահումներով. «Մատների արանքով է նայում օրենսդրական դաշտին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031