Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Մխիթար Պապոյանի նախագահությամբ, շարունակվեց «Մոսկվա» կինոթատրոնում 2010թ. հունվարին տեղի ունեցած գողության համար մեղադրվող Ստեփան Հովակիմյանի եւ Վահրամ Քերոբյանի գործով դատավարությունը: Ստեփան Հովակիմյանի պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Տիգրան Սաֆարյանը միջնորդեց, որպեսզի իր պաշտպանյալի նկատմամբ կիրառվի այլընտրանքային խափանման միջոցը՝ գրավը:
Նա ասաց, որ երկու տարուց ավելի է, ինչ Ստեփանը գտնվում է անազատության մեջ, պահվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:Ս. Հովակիմյանը երբեք չի խոչընդոտել նախաքննության մարմնի գործողություններին, նրան ապօրինի տանելով ոստիկանություն՝ ենթարկել են հոգեբանական եւ ֆիզիկական ճնշումների: Ըստ պաշտպանի, Ս.Հովակիմյանը պահվելով «Նուբարաշենում»՝ դրսեւորել է պատշաճ վարքագիծ, չունի որեւէ կարգապահական տույժ: Նա դատարանին ներկայացրեց քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից Հովակիմյանին տրված բնութագիրը:
Ստեփան Հովակիմյանի նկատմամբ գրավ կիրառելու խնդրանքվ դատարան էին դիմել նաեւ 20 ճանաչված մտավորականներ՝ Տիգրան Մանսուրյանը, Սամվել Սեւադան, Կարեն Ջանիբեկյանը, Հակոբ Մովսեսը, Լեւոն Անանյանը, որոնք երաշխավորում էին, որ նրա նկատմամբ գրավ կիրառվի:
Դատարանին ներկայացվեց նաեւ Ստեփանի հոր՝ Բենիամին Հովակիմյանի բնակարանը գրավ դնելու պատրաստակամության մասին հայտարարությունը, բնակարանի մասին պաշտոնական փաստաթղթերը, որով երաշխիք էր տրվում գրավի անհապաղ կիրառելու պատրաստակամության մասին:
Կարդացեք նաև
Ստեփանի հայրը՝ Բենիամին Հովակիմյանը, դիմել էր նաեւ իր որդու վարքագծում նկատվող հոգեբանական դրսեւորումների համար էլ: Նա նկատել էր, որ իր տղան, որը չի ծխում, պահվում է մեկուսարանի ծխողների խցում, նա զբոսանքի հնարավորություն ունի շաբաթը մեկ անգամ, խցի զուգարանն օգտագործվում է լոգարանի փոխարեն, քանի որ մեկուսարանի բաղնիքից կարող են օգտվել շաբաթը մեկ անգամ: Ի դեպ, դատաքննությանը հետեւող ԱՄՆ դեսպանատան աշխատակիցը գրառումներ էր կատարում (սանիտարա-հիգիենիկ ոչ բավարար պայմանների բացակայությունը միջազգային իրավական նորմերով պատիժ է, արժանապատվության նսեմացում):
Պաշտպանը մեջբերեց նախադեպային որոշումներ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայից, նշելով, որ երկարաժամկետ կալանքը, այն էլ ոչ ողջամիտ ժամկետով, զրկանք եւ կրկնակի խոշտանգում է համարվում:
Մեղադրող Սամվել Հարությունյանն առարկեց միջնորդության դեմ, «հիշեցնելով», թե կատարվել է ծանր հանցագործություն եւ որ Հովակիմյանն ազատության մեջ մնալով՝ կփախչի:
Դատարանը խորհրդակցական սենյակում կես ժամ մնալուց հետո որոշեց միջնորդությունը մերժել:
Նույնաբովանդակ միջնորդությամբ հանդես եկավ նաեւ Վահրամ Քերոբյանի պաշտպանը՝ Գիվի Հովհաննիսյանը: Նա միջնորդեց, որպեսզի ընտրվի ստորագրություն չհեռանալու մասին այլընտրանքային խափանման միջոցը:
Նա անդրադարձավ հետախուզման մեխանիզմներին: Ըստ պաշտպանի, ոստիկանության բաժինները միմյանց ցուցանիշ ցույց տալու համար հայտարարում են «Ձեւական հետախուզում», ինչի անհրաժեշտությունը չկա: Նրանք Վահրամի ծնողներին հանդիպել են, երբեք չակնարկելով հետախուզման մասին: Այդ ժամանակ Վահրամը նույնիսկ մեղադրյալ չի եղել: Ըստ պաշտպանի, իր պաշտպանյալը երկար ժամանակ է, ինչ գտնվում է կալանավորված վիճակում: Դատախազը վրդովվեց «ձեւական հետախուզում» բառակապակցությունից,եւ պնդեց գրեթե նույնը. ազատության մեջ գտնվելով՝ կարող է թաքնվել, խոչընդոտել:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ