Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի կողմից նախապատրաստված նյութերը ուղարկվել են ըստ ենթակայության:
Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 25-ին՝ ժամը 16.30-ի սահմաններում, Նորագավիթի 1-ին փողոցում «Օպել Վեկտրա» մակնիշի 29 ԼՏ 712 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Արամ Հովհաննիսյանը, վարելով ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և հայտնվել մայթին կառուցված խորովածանոցի ներսում:
Վթարի հետևանքով Ա.Հովհաննիսյանի ուղևորը՝ Սերժիկ Յոլչյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ, ՃՏ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում, և այդ նյութերն ուղարկվել են ըստ ենթակայության, քանի որ պարզվել է վարորդ Ա.Հովհաննիսյանը աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես վաշտի հրամանատարի տեղակալ: Ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ տուգանային հրապարակ: