Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովը Հայաստանում է

Մարտ 28,2012 13:31

Նա մասնակցում էր ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի խորհրդի հերթական նիստին, որտեղ մտադիր էր հանդես գալ ԱՊՀ երկրներում Միխայիլ Բոտվիննիկի ծննդյան 100-ամյակին նվիրված տարվա շրջանակներում հուշամրցաշարեր կազմակերպելու եւ դրանք հնարավորության դեպքում ավանդական դարձնելու առաջարկով:

Ծաղկաձորում, որտեղ ընթանում էր նիստը, «Առավոտը» հարցազրույց անցկացրեց անվանի գրոսմայստերի հետ:

– Դուք քաջատեղյակ եք աշխարհում տեղի ունեցող շախմատային ամեն մի անցուդարձի: Հայաստանում շախմատի դրվածքի մասին ի՞նչ կասեք:

– Գերազանց է, քանի որ դուք ուժեղ կազմակերպություն ունեք: Նկատի ունեմ Հայաստանի շախմատային ֆեդերացիան:

– Վերջերս Եվրոպայի շախմատային միության նախագահ Սիլվիո Դանաիլովը լրատվամիջոցներից մեկին ասել է, թե Եվրոպայում միայն Հայաստանում է շախմատը որպես առարկա մտցված դպրոցական ծրագիր եւ եվրոպական երկրները պետք է Հայաստանից օրինակ վերցնեն եւ փորձն ուսումնասիրեն:

– Ուրեմն պարոն Դանաիլովը, եթե այդպիսի բան հայտարարել է, Ռուսաստանը լավ չգիտի: Էլ չեմ ասում Շվեդիայի մասին, որտեղ 20 տարի առաջ են շախմատը դպրոցական ծրագիր մտցրել, ընդ որում՝ ֆինանսավորումով: Որքան տեղյակ եմ, արդեն 6-7 տարի է, որ Սերբիայի կառավարությունն էլ է նման որոշում կայացրել: Այդ հարցը ներկայումս քննարկման փուլում է նաեւ Գերմանիայում: Իսկ Ռուսաստանում, մասնավորապես՝ Տյումենի մարզում, որտեղից եմ ես, դպրոցների գրեթե կեսում շախմատ առարկա դասավանդվում է: Հույս ունեմ, որ արդեն գալիք սեպտեմբերից շախմատը կներթափանցի բոլոր դպրոցները: Սակայն այդ ծրագիրը լիարժեք իրականացնելուն Ռուսաստանում, այդ թվում նաեւ՝ աշխարհի բոլոր երկրներում, խանգարում է ոչ այնքան վերաբերմունքը, որքան համապատասխան մանկավարժական կադրերի պակասը: Հակառակ դեպքում՝ շախմատն ավելի շուտ կներթափանցեր դպրոցներ: Ինչ վերաբերում է Հայաստանին, տեղյակ եմ, որ շախմատը ձեզ մոտ արդեն հանրակրթական դպրոցներում դասավանդվում է, եւ դա լավ է ու միայն ողջունելի:

– Ո՞վ կլինի աշխարհի հաջորդ չեմպիոնը. Վիշվանաթան Անա՞նդը, թե՞ Բորիս Գելֆանդը:

– Գիտե՞ք շատ դժվար է այդ հարցին պատասխանել: Բայց հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Որքան հիշում եմ, 1948 թվականից ի վեր չի եղել այնպես, որ աշխարհի թագի համար մրցամարտում հանդիպեն շախմատում իմաստնացած գրոսմայստերներ, որոնց երկուսի տարիքն էլ 40-ից բարձր է: Սովորաբար, նրանց միջեւ տարիքային նկատելի տարբերություն էր լինում:

– Իսկ այս բացառությունը մեկնաբանություն ունի՞:

– Դա այն է, որ Մագնուս Կարլսենին հավակնորդների մրցաշարից դուրս թողեցին:

– Ձեր կարծիքով՝ դա կանխամտածվա՞ծ էր:

– Կարլսենը հրաժարվեց խաղալ հավակնորդների մրցաշարում, որի անցկացումը տվել էին Ադրբեջանին: Հակառակ դեպքում նորվեգացին ստիպված էր Բաքվում խաղալ կամ Ռաջաբովի, կամ Հաշիմովի հետ: Տասնյակ տարիներ գոյություն ունի ՖԻԴԵ-ի կանոնակարգ, որի համաձայն՝ հավակնորդների մրցաշարը չի կարող անցկացվել մասնակից ունեցող երկրում, եթե, իհարկե, մյուս կողմը բարի կամք չի դրսեւորում: Կարլսենը չէր ցանկանում խաղալ Ադրբեջանում, եւ ՖԻԴԵ-ն նրա պաշտոնական նամակն ընդունեց որպես հրաժարական: Իսկ հետո, երբ հավակնորդների մրցաշարը Բաքվից տեղափոխվեց Կազան, ՖԻԴԵ-ն չփորձեց նորվեգացուն մրցաշար վերադարձնել:

– Վաղո՞ւց Հայաստանում չէիք եղել:

– Հայաստանն ու Երեւանը միշտ էլ ինձ շատ են դուր եկել: Վերջին անգամ մոտ չորս, ոչ, կներեք՝ երկու տարի առաջ եմ եղել: Այս այցելությանս դեռ չեմ հասցրել շատ բան տեսնել: Լուրջ առաքելությամբ եմ եկել Հայաստան: Եվ եթե այստեղ՝ Ծաղկաձորում, ԱՊՀ երկրներում Միխայիլ Բոտվիննիկի ավանդական հուշամրցաշարեր կազմակերպելու առաջարկս ընդունվի, դա խորհրդանշական կլինի: Ուղիղ 40 տարի առաջ հենց այստեղ՝ Ծաղկաձորում Բոտվիննիկը Մոսկվայում շախմատի իր դպրոցը հիմնադրելու եւ նոր մրցաշարեր կազմակերպելու ծրագրեր էր մշակում եւ ես ու Ռաֆայել Վահանյանը օգնում էինք նրան:

– Աշխարհի չեմպիոնության համար Անանդ-Գելֆանդ մրցամարտի գլխավոր մրցավար նշանակվել է մեր միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը…

– Շնորհավորում եմ նրան եւ այդ որոշումը ողջունում: Վարդապետյանն այնքան միջազգային բարձրակարգ մրցաշարեր է սպասարկել, որ առանց խնդիրների կարող է վարել աշխարհի թագի համար ու ցանկացած այլ մրցամարտ:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031