Դրա համար էլ, ըստ իտալացի դիրիժորի, Արեւմուտքում փոխանակվում են ներկայացումներով ու դեկորներով
Իտալացի օպերային դիրիժոր Ռոբերտո Ջանոլան մեքսիկյան հերթական հյուրախաղերից հետո, 22 ժամ օդային ճանապարհ կտրելով եւ ընդամենը 2-3 ժամ հանգստանալուց հետո, երեկ առաջին փորձն անցկացրեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) հետ: Հյուրախաղորդ դիրիժորի եւ ՀՊՖՆ-ի համերգը կկայանա «Արամ Խաչատրյան» համերգասրահում, մարտի 30-ին:
Առաջին անգամ Հայաստան ժամանած արվեստագետն ասաց, որ համարյա ոչինչ չգիտի հայկական մշակույթի մասին, իսկ Ֆիլհարմոնիկի հասցեին էլ արտահայտվեց, թե ճկուն նվագախումբ է: Նշեց նաեւ, որ ինքն իր երկրում օպերային, իսկ Իտալիայից դուրս՝ սիմֆոնիկ դիրիժոր է, ղեկավարել է Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների եւ այլ երկրների նվագախմբերը: Իտալիայում գործող 13 օպերային թատրոններում, այդ թվում՝ «Լա Սկալայում», մեր զրուցակիցը ղեկավարել է Վերդիի «Տրավիատան», «Ռիգոլետոն», «Նաբուկկոն», «Տրուբադուրը», Պուչինիի «Մադամ Բաթերֆլայը», «Տոսկան», «Բոհեմը» եւ այլ ներկայացումներ: Տեղեկանալով, որ Երեւանի օպերային թատրոնի խաղացանկում է «Աիդան», ոգեւորված ասաց, թե ինքը սիրով կղեկավարեր այդ օպերան, նշելով, թե օպերային արվեստում նախապատվությունը տալիս է իտալականին:
Կարդացեք նաև
Իսկ թե ինչու է իր երկրից դուրս հանդես գալիս իբրեւ սիմֆոնիկ դիրիժոր, մեր զրուցակիցը պատասխանեց. «Օպերային ներկայացումներում նույնիսկ եթե համաձայն չես երգչի մեկնաբանությանը, պետք է հարմարվես նրան, մինչդեռ սիմֆոնիկ երկեր ղեկավարելիս՝ ինքդ ես թելադրում»:
Հարցրինք՝ ի՞նչ հաճախականությամբ է փոփոխվում իտալական թատրոններում օպերաների խաղացանկը: «Մեկ բեմադրությունը հաջորդ թատերաշրջանում այլեւս չի ներկայացվում, այնպես որ, կարող եք ինքներդ հետեւություն անել ասվածից»,- տեղեկացրեց Ռոբերտո Ջանոլան: Հարցին, թե մեկ թատերաշրջան կյանք ունեցող ներկայացման դեկորների, զգեստների հետագա ճակատագիրը ի՞նչ է լինում, մանավանդ որ, դրանք չեն հասցնում մաշվել, մեր զրուցակցի պատասխանը հակիրճ էր. «Փոխանակվում ենք այլ թատրոնների հետ, երբեմն նաեւ պատրաստի բեմադրություններով ենք փոխանակվում»: Հետաքրքրվեցինք նաեւ՝ իտալական թատրոններում մեկ բեմադրություն իրականացնելու համար որքան ժամանակ է պահանջվում: «Նախապատրաստական աշխատանքը (նկատի ունի երգչախմբի, մեներգիչների պատրաստվելը) տեւում է շուրջ 15 օր: Դրան եթե գումարենք նվագախմբի մեկշաբաթյա փորձերը, որից հետո արդեն բեմական աշխատանքները, ապա ստացվում է 1 ամիս, երբեմն փոքր-ինչ ավելի»,- հայտնեց արվեստագետը, կեսկատակ-կեսլուրջ փաստելով, թե այժմ արագության դար է:
Արեւմտյան թատրոններում, այդ թվում՝ Իտալիայի, բեմ բարձրացած հայ արտիստներին չճանաչելու պատճառը Ռոբերտո Ջանոլան բացատրեց իրենց որդեգրած՝ հիմնականում ոչ երկարատեւ պայմանագրեր կնքելու պրակտիկայով:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ