Միայն այս չափանիշները հաղթահարելուց հետո տղամարդը կարող է սերմնահեղուկի դոնոր եւ անհայտ հայր դառնալ
Մեր երկրում արդեն երկար տարիներ է՝ գործում է սերմնահեղուկի դոնորի «ինստիտուտը», սակայն հայկական մենթալիտետից ելնելով՝ այդ մասին գրեթե չի բարձրաձայնվում: Այնպես չէ, որ արյան դոնորի պես սերմնահեղուկի դոնոր կարող է դառնալ յուրաքանչյուր ոք. այս դեպքում տղամարդ-դոնորը պետք է հստակ չափանիշներով օժտված լինի՝ կատարյալ առողջ լինի, ունենա բարետես, բարեկազմ արտաքին, լինի ինտելեկտուալ ու 18-ից մինչեւ 35 տարեկան: Այս առավելությունները նրա համար են, որպեսզի լույս աշխարհ եկող մարդը «բարձրորակ» լինի: Թերեւս այդ է պատճառը, որ մոտ 20 տղամարդուց 1-ն է «մրցույթում» հաղթում: Ինչպես վստահեցնում են մասնագետները, սերմնահեղուկի դոնորը մանրազնին հետազոտություն է անցնում՝ պարզելու համար, թե նա որեւէ քրոմոսոմային հիվանդություն ունի՞, թե՞ ոչ: Իսկ եթե որեւէ տղամարդ համապատասխանում է չափանիշներին ու դառնում դոնոր, նա հետագայում այդպես էլ չի կարող իմանալ, թե ով է իր երեխան. դա օրենքն է արգելում:
«Առավոտի» հետ զրույցում Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Օկոեւը վստահեցրեց, որ Հայաստանում նման դոնորների պահանջարկ կա, բայց դոնորով սերմնահեղուկի միջամտության տարեկան ընդամենը 4-5 դեպք է լինում: Նույն տղամարդը, ինչպես հայտնեց մասնագետը, կարող է 4 անգամ դառնալ դոնոր, եւ եթե մի փոքր երեւակայենք ու պատկերացնենք, որ այդ դոնորի տարբեր սեռերի երեխաները կարող են, ինչպես հնդկական ֆիլմերում են լինում պատահականություններ, մի օր ծանոթանալ ու, Աստված չանի, ամուսնանալ, ապա դա հաստատ ողբերգության կարող է բերել: Իսկ թե իրականում որքանո՞վ են հնարավոր նման իրավիճակները՝ «Առավոտի» հարցին Գեորգի Օկոեւը վստահեցրեց, որ թեեւ տեսականորեն հնարավոր է, սակայն հավանականությունը շատ փոքր է. «Այն, որ սահմանված է, թե 4 անգամ կարող է դոնոր լինել, դա պատահական չէ: Հաշվի է առնվել բնակչության թիվը, որի դեպքում ազգակցական ամուսնության հավանականությունը շա՜տ փոքր է: Ասենք, այդ դոնորն էլ կարող է իր սեփական երեխան ունենալ, հետո էլ երեխաները մեծանան ու ազգակցական ամուսնություն լինի, դա էլ ենք հաշվի առել, ուստի սահմանվել է ամենաշատը 4-անգամյա դոնորություն»:
Բժիշկ Օկոեւը նաեւ պատմեց, որ ներկայումս արտամարմնային բեղմնավորման ոլորտում այնպիսի ձեռքբերումներ կան, որ հազվադեպ դեպքեր են լինում այնպիսի միջամտության, ինչպիսին էր բժշկի ցուցումով «կնոջ մեջ» այլ տղամարդու սերմնահեղուկ ներարկելը, քանի որ ամուսնու սերմնահեղուկի նվազ քանակության պատճառով կնոջը հղիանալը անհնար էր. «Հիմա արդեն այնպիսի տեխնոլոգիաներ կան, որ 1-2 սերմն էլ բավական է, որպեսզի կնոջը սեփական ամուսնուց հղիացնենք»:
Ի դեպ, վերը նշված տարիքային խմբի կանայք էլ կարող են դառնալ ձվաբջջի դոնոր: Ընդ որում, կնոջ ձվաբջիջն ավելի թանկ են գնահատում, քան տղամարդու սերմնահեղուկը, քանի որ կնոջից ձվաբջիջ վերցնելը մի քանի անգամ ավելի բարդ գործընթաց է: Եթե տղամարդու մեկանգամյա դոնորությունն արժե մոտ 50 հազար դրամ, ապա կնոջ դեպքում՝ մոտ 150 հազար դրամ:
Մայրաքաղաքում գործող կլինիկաներից մեկի տնօրենը, որի բուժհիմնարկը նույնպես դոնորներից ընդունում է սերմնահեղուկ, այդպես էլ նպատակահարմար չգտավ մեր հարցերին պատասխանել: Այդ կլինիկայի գովազդում ռուսերեն լեզվով նշված է՝ «Պահանջվում է սերմնահեղուկի դոնոր, բարձրագույն կրթությամբ, առողջական խնդիրների բացակայությամբ, մինչեւ 35 տարեկան՝ առնվազն մեկ առողջ երեխայի առկայությամբ, հասակը՝ 174 սմ-ից բարձր»:
Արդյոք զույգերը մեծ ընտրություն ունե՞ն եւ կարո՞ղ են պահանջել, ասենք, շիկահեր, կապտաչյա ու բարձրագույն կրթությամբ դոնորի սերմնահեղուկ՝ մեր հարցին պարոն Օկոեւը պատասխանեց, որ սեւահեր ամուսինները երբեք չեն պահանջում շիկահեր դոնոր՝ հավանաբար շրջապատի համար կասկածների տեղիք չտալու նպատակով. «Երբ մենք ընտրում ենք սերմնահեղուկի կամ ձվաբջջի դոնոր, ընտանեկան զույգի հետ քննարկում ենք բոլոր չափանիշները, որպեսզի հնարավորինս համապատասխանի կնոջ կամ ամուսնու արտաքին տեսքին: Լինում է, օրինակ՝ մեր հայրենակիցը գալիս է, կինը ռուս է, ուզում են շիկահեր երեխա: Ասում եմ, կներեք՝ մենք չունենք սլավոնական դոնոր»:
Նշենք, որ վերջերս ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը խորհրդարանում մի հայտարարություն արեց. պատգամավորի հավաստի տվյալներով՝ արհեստական բեղմնավորման համար մեր երկիր է ներկրվում սերմնահեղուկ, եւ չկա պատշաճ վերահսկողություն, ինչը պարոն Մինասյանի համոզմամբ՝ ազգային անվտանգության խնդիր է:
Ներկրո՞ւմ ենք արդյոք մարդու սերմնահեղուկ, թե՞ ոչ՝ պետական եկամուտների կոմիտեից «Առավոտին» խոստացան պատասխանել առաջիկայում:
Գեորգի Օկոեւը վստահեցրեց, որ իրենց սերմնահեղուկի բանկում ոչ ՀՀ քաղաքացի դոնորի սերմ չկա: Ինչ վերաբերում է Արծվիկ Մինասյանի մտավախությանը, ապա պարոն Օկոեւն ասաց. «Այնքան վերարտադրողական տարիքի արտասահմանցի տղամարդիկ են գալիս Հայաստան, եւ չի բացառվում, որ նրանք գալիս են սեքսուալ հարաբերությունների համար: Այ, դա է ազգային անվտանգության խնդիր»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ