Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանապետը ոստիկաններին հրամայել է լինել «սառը ցնցուղ»

Մարտ 28,2012 13:19

Իսկ Աշոտ Զաքարյանը չի հավատում եւ վստահում

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ձեւավորվել է օպերատիվ շտաբ, որը մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հետեւելու է հասարակական կարգի պահպանմանը: Շտաբի ձեւավորման մասին ծանուցել է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ըստ հաղորդագրության՝ շտաբը գլխավորում է ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը: Կազմում ընդգրկված են ոստիկանապետի տեղակալները, պատասխանատու ծառայությունների ու ստորաբաժանումների ղեկավարները: Ոստիկանապետն, ի դեպ, ոստիկանությունում տեղի ունեցած փակ խորհրդակցության ժամանակ օպերատիվ շտաբի անդամներին հրահանգել է ընտրությունների շրջանում հասարակական կարգի պահպանմանը առանձնակի ուշադրություն դարձնել եւ գործել միմիայն օրենքի եւ օրինականության սահմաններում: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ համանման մի մարմին էլ ստեղծվել է ՀՀ Գլխավոր դատախազի հրամանով՝ «մայիսի 6-ին կայանալիք ընտրությունների ընթացքում ընտրական իրավունքի հնարավոր խախտումների վերաբերյալ հաղորդումների, այդ թվում նաեւ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների ընդունման, գրանցման, հաշվառման եւ ընթացք տալու նկատմամբ դատավարական ղեկավարման եւ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու  եւ միասնական պրակտիկա ապահովելու» համար:

«Այս պահանջը բխում է հանրապետության նախագահի մի շարք պահանջներից. խոսքը նրա մասին է, որ մենք լինենք արդարացի, ապահովենք բոլոր մասնակիցների, թեկնածուների անվտանգությունը, տեղամասերի, շտաբների անվտանգությունը»,- պարզաբանել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ հավելելով, որ նախընտրական եւ հետընտրական ժամանակահատվածի հասարակական կարգի պահպանումը պետք է լինի իդեալական. «Մենք պետք է սառը ցնցուղ լինենք ցանկացած արկածախնդրի համար: Հասարակական կարգի պահպանության ժամանակ ես կարգադրում եմ, որպեսզի չլինեն «մերոնք», «ձերոնք»:

Ռազմական ոստիկանության Շիրակի մարզի նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ՀԱԿ Գյումրիի շտաբի համակարգող Աշոտ Զաքարյանից «Առավոտը» հետաքրքրվեց՝ հավատում եւ վստահո՞ւմ է ոստիկանապետի տված հրահանգների անկեղծությանը, մանավանդ, որ նախկինում առիթներ է ունեցել աշխատանքային հարաբերությունների բերումով շփվել ու ճանաչել ներկայիս ոստիկանապետին: Պարոն Զաքարյանը զերծ մնաց Վլադիմիր Գասպարյանի ձեւակերպումները պիտակելուց: Բուն գործընթացի վերաբերյալ ասաց. «Ոչ թե Վլադիմիր Գասպարյանի, այլ իշխանությունների քաղաքական կամքին չեմ վստահում, որ կունենան բավականին քաղաքական կամք եւ խոհեմություն դասական առումով եւ ժողովրդավարության չափանիշներին համահունչ ընտրություններ անցկացնելու: Հետեւաբար, խնդիրը ոչ թե ոստիկանությունն է, այլ քաղաքական իշխանությունը, թե որքանո՞վ քաղաքական որոշում կունենան՝ երկրում նորմալ ընտրություններ անցկացնելու, ինչին ինքս, իհարկե, չեմ հավատում: Իսկ եթե, այնուհանդերձ, նման որոշում լինի, ինչը նաեւ տեսականում եմ դժվարանում պատկերացնել, կարծում եմ՝ բոլոր պետական կառույցները, ամբողջ իրավապահ համակարգը ստիպված կլինեն իրականացնել օրենքով իրենց վերապահված լիազորությունները»: Ընտրացուցակների ճշգրտման հարցի մասին էլ ոստիկանապետն ասել է. «Ես ուզում եմ, որ ցուցակների հետ կապված ուղղակի մենք իջնենք անձնական պատասխանատվության դաշտ, անձնական պատասխանատվության տակ վերցնենք ցուցակների ճշգրտությունը»: Այս մասով էլ Աշոտ Զաքարյանից հետաքրքրվեցինք՝ ընտրացուցակների արդեն իսկ ճշգրտման փուլում իրեն հայտնի՞ են կեղծիքների կամ արտառոց դեպքեր: Մեր զրուցակիցն այս հարցը եւս չցանկացավ առանձնացնել՝ կենտրոնանալով ոստիկանապետի ձեւակերպումների վրա: Ամբողջ խնդիրը, ըստ նրա, հանգում է իշխանությունների քաղաքական կամքին. «Եթե քաղաքական կամքը չկա՝ եւ ընտրացուցակներն են շատ կասկածելի բովանդակություն ունենալու, եւ նախընտրական ու ընտրական գործընթացները: Կլինի իշխանության քաղաքական կամքը՝ մենք նորմալ ընտրություններ կունենանք, չի լինի՝ անկախ նրանից, թե պետական այս կամ այն կառույցը, դրա ղեկավարը ինչքա՜ն մեծ ցանկություն ունի արդար ընտրություններ անցկացնելու՝ դա տեղի չի ունենա»: Իսկ ցուցակների հետ կապված առարկայական խնդիրներ եթե լինեն, ապա դրանք կներկայացնեն ՀԱԿ-ի կողմից մեծամասնական կարգով առաջադրված թեկնածուները, քանի որ իրենք կոնկրետ տարածքների պատասխանատուներ են նաեւ:

Ի դեպ, Վլադիմիր Գասպարյանը նաեւ տեղեկացրել է, որ օրերս կայանալիք խորհրդակցության ժամանակ կհրավիրվեն նաեւ կուսակցությունների շտաբների պետերը՝ արդար ու թափանցիկ համապետական ընտրություններ ապահովելու շուրջ միասնական քննարկումներ անցկացնելու համար:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031