Երեկ Aravot.am-ը պատմական գիտությունների թեկնածու, դաշնակցական Արշավիր Գասպարյանին հարցրեց՝ ինչպե՞ս է պատկերացնում ՀԱԿ-ի ու ՀՀԿ-ի համամասնական ցուցակները գլխավորող հանրապետության առաջին ու երրորդ նախագահների համատեղ աշխատանքը խորհրդարանում, հնարավո՞ր է՝ վերջիններս, սպասվածին հակառակ, ոչ թե միմյանց դատափետեն, այլ համագործակցեն, որեւէ հարցում միավորվեն: «Չեմ բացառում, ու գիտեք ինչու. հաճախ հակառակ գաղափարներ ունեցող մարդիկ միավորվում են նույն կուսակցության մեջ: Աչքերիս առաջ «Ժառանգության» ու «Ազատ դեմոկրատների» միավորումն է: «Ազատ դեմոկրատների» մի մասը ժամանակին հակադրվում էր «Ժառանգության» որդեգրած քաղաքականությանը, հիմա եկել են կոմպրոմիսային լուծումների: Ընտրությունները հնարավորությունների արվեստ է, եւ ոչինչ չի կարելի բացառել, վերջիվերջո՝ նրանք քաղաքական մրցակիցներ են, ոչ թե քաղաքական թշնամիներ: Ես նաեւ կարծում եմ, որ օպոզիցիոն դաշտը Հայաստանում դեռեւս ձեւավորված չէ. ես որպես օպոզիցիա տեսնում եմ այն ուժին, որի շունչը իշխանությունները իրենց թիկունքին զգում են, իսկ մեր օպոզիցիան, ցավոք, այն տեղը չի զբաղեցնում, որտեղ պիտի լիներ, առողջ չէ»,- քննադատեց մեր զրուցակիցը:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ