Այս մարզի պատգամավորացուները մեծամասամբ հայտնվել են ամենավերջին՝ ոչ անցողիկ հորիզոնականներում
Շիրակի մարզի քիչ թե շատ երեւելի դեմքերը տեղ են գտել ցուցակների վերջին մասերում՝ բացառությամբ ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանի, որը զբաղեցնում է ԲՀԿ համամասնական ցուցակի 5-րդ հորիզոնականը, ու նաեւ Գյումրու փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանի, որը Կոմունիստական կուսակցության ցուցակի 4-րդ պատվավոր տեղում է: Այս հանգամանքը հարուցել է ՀՅԴ ներկայացուցիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արշավիր Գասպարյանի զայրույթը, որի կարծիքով՝ թեեւ համամասնական մոտեցումը դրական է, սակայն գրեթե բոլոր կուսակցությունները անտեսել են համամասնական գործոնը, այսինքն՝ ցուցակների առաջին հորիզոնականները «խեղդել» են երեւանցիներով՝ մարզերի թեկնածուներին մղելով «երկրորդական պլան»:
«Իմ կարծիքով՝ մարզից ընտրվածը կարող է ավելի լավ ներկայացնել մարզին հուզող խնդիրներն ու ավելի անմիջական կապի մեջ գտնվել ընտրողների հետ: Շատ երկրներ կան, որոնք անցել են 100 տոկոսանոց համամասնության, բայց ասենք, որ այդ երկրներում 2 պալատ կա՝ վերին եւ ստորին: Մեզ համար դեռ վաղաժամ է երկպալատանի ԱԺ կամ պառլամենտ ձեւավորելը, եւ եթե այսօր մենք ավելի մեծ տեղ ենք տալիս համամասնությանը ու գնում ենք քննարկումների, որպեսզի հետագայում, հնարավոր է, ամբողջական համամասնության անցնենք, այստեղ, իմ կարծիքով, անտեսվում են մարզերի խնդիրները»: Պատմաբանը, դրական համարելով այն պահանջը, որ ցուցակների ամեն 6-րդ կետում առաջադրված պետք է լինեն կանայք, գտնում է, որ այդ սկզբունքին զուգընթաց՝ պետք է պահել նաեւ համամասնության խնդիրը, այսինքն՝ պարտադիր լինի մարզերից ներկայացուցիչների ընդգրկումը: Մեր զրուցակցի կարծիքով՝ ճիշտ կլիներ, որ կուսակցությունների համամասնական ցուցակները կազմելիս մարզերում քննարկումներ անցկացնեին եւ ոչ թե մարզերի ներկայացուցիչներին կամայականորեն դնեին այս կամ այն տեղում. «Մենք 10 մարզ ունենք, համամասնությունը պարտավոր ենք պահպանել, որպեսզի չստացվի, թե միայն երեւանյան կուսակցությունների հետ գործ ունենք, ոչ թե հայաստանյան: Ես համոզված եմ, որ սա տանում է դեպի անհամաչափ զարգացման, իսկ եթե դա արտահայտվում է ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական ոլորտում, ուրեմն հետագայում մենք լուրջ պրոբլեմների առջեւ ենք կանգնելու»: Մեր զրուցակիցը թեեւ հոռետես չէ, սակայն, առաջնորդվելով կուսակցությունների համամասնական ցուցակներով, հույս չի տածում, որ նորընտիր խորհրդարանը գյումրեցիների մատից փուշ կհանի. «Մենք շատ արժանավոր գյումրեցիներ ունենք, շատ խելացի մարդիկ կան, նրանց պետք է կարողանալ ներգրավել խորհրդարանի աշխատանքներում»: Ա. Գասպարյանը եւս պատգամավորի թեկնածու է, նա զբաղեցնում է ՀՅԴ համամասնական ցուցակի 71-րդ տեղը, եւ նրա խորին համոզմամբ՝ իր ներկայությունը սիմվոլիկ է: «Ես չեմ ուզում անձնավորել, նորից եմ կրկնում՝ թող լինեն մարդիկ, որոնք տիրապետելով քաղաքի, մարզի հոգսերին, խնդիրներին՝ կկարողանան դրանք ներկայացնել խորհրդարանում ու նախանձախնդիր կերպով հետամուտ կլինեն լուծմանը: Այլապես կան մարդիկ, որոնք կտրված են մարզից, քաղաքից եւ ամիսներ շարունակ չկան, կան ընտրողներ, որոնք չեն էլ ճանաչում նրանց: Այսպիսի խտրական վիճակը ազդում է նաեւ կուսակցությունների հեղինակության ու իմիջի վրա: Ցուցակ կազմողները չեն էլ պատկերացնում, որ մարզերի ընտրողները նայելով ցուցակի առաջին, երկրորդ տասնյակը ու ծանոթ անուններ չգտնելով՝ կարող են եւ առհասարակ ձայն չտալ տվյալ կուսակցությանը. աբսուրդային իրավիճակ է ստացվում»,- նախազգուշացնում է դաշնակցականը: Ըստ Ա. Գասպարյանի՝ եթե շարունակեն այսպիսի արհամարհական վերաբերմունքը, ապա Շիրակի մարզը կշարունակի մնալ աղքատության մեջ, կմնա նույն գործազուրկ ու աղքատ բնակավայրը, իսկ այստեղից կշարունակվի մեծ տեմպով արտագաղթը: «Միշտ ասում ենք, որ մանր ու միջին բիզնեսով հնարավոր չէ ժողովրդին պահել. մարզերում պետք է կազմակերպել տնտեսություն, գործարաններ հիմնել, այլապես մարդիկ այստեղից օրեցօր արտագաղթում են: Մենք կարո՞ղ ենք մեզ այսպիսի շռայլություն թույլ տալ, երբ ընդամենը 3 միլիոն ենք: Մենք առաջին հերթին պետք է կարողանանք ժողովրդին պահել տեղում, նոր միայն մտածել կրթության, գիտության եւ մյուս ոլորտների ներդաշնակ զարգացման մասին: Ստացվում է՝ այսօր մարզերը դարձել են ռիսկային, ստացվում է, որ մեր հանրապետությունը միայն Երեւանն է, այն դարձել է քաղաք-պոլիս»,- նեղսրտում է պատմաբանը:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ