Լրահոս
Օրվա լրահոսը

Մի՛ եղիր քառակուսի

Մարտ 28,2012 13:02

Այնպես ստացվեց, որ անցած շաբաթ նույն օրը ես հարցազրույց վերցրեցի «Ժառանգության» երկու ներկայացուցիչներից՝ Լարիսա Ալավերդյանից , եւ Զարուհի Փոստանջյանից: Երկուսին էլ հավանում եմ, մարդկայնորեն համակրում եմ եւ շատ կցանկանայի, որ նրանք պատգամավորներ դառնան: Բայց եթե դուք այս իմ նշումները կարդում եք ինտերնետով, խնդրում եմ, թեկուզ 2-3 րոպե նայեք երկու հաղորդումների կադրերը եւ կտեսնեք, որ տիկին Լարիսան հանգիստ է, անկաշկանդ, մի թեմայից թռչում է մյուսին, իսկ Զարուհին, հակառակը՝ խիստ լարված է, հաշվեկշռում է իր ամեն մի խոսքը՝ փորձելով գտնել առավել ճշգրիտ ու ազդեցիկ ձեւակերպումներ: Այդ տարբերության պատճառը միանգամայն պարզ է. նախկին օմբուդսմանն այլեւս չի պատրաստվում պատգամավոր դառնալ եւ դրա համար է «Ժառանգության» ցուցակում ընտրել 41-րդ տեղը, իսկ ահա նախկին փաստաբանը ցուցակի 3-րդ տեղում է (որին, բնականաբար, միանգամայն արժանի է) եւ, ամենայն հավանականությամբ, համամասնականով դարձյալ պատգամավոր կդառնա: Պատասխանատվության եւ հավակնությունների տարբեր մակարդակը ենթադրում է տրամագծորեն տարբեր վարքագիծ:

Ընդհանրապես, քաղաքական գործիչներին ես բաժանում եմ ոչ թե իշխանամետների եւ ընդդիմադիրների, ոչ թե բարիների ու չարերի, ոչ էլ, բնականաբար, «քրեաօլիգարխների» եւ «սուրբ-ալտրուիստների», այլ քառակուսիների (բանաստեղծ Թոմաս Սթրենզ Էլիոթը կասեր՝ hollow men) եւ ոչ քառակուսիների: Քառակուսիները մտածում են պատրաստի կլիշեներով, բանաձեւերով եւ դրանց արտաբերումը համարում են քաղաքական եւ քարոզչական պայքարի լավագույն տարբերակը: Ոչ քառակուսիներն ամեն պահի ստեղծում են կամ փորձում են ստեղծել նոր բանաձեւեր, որոնք կարող են եւ սխալ լինել, բայց շահեկանորեն տարբերվում են պատրաստի կարծրատիպերից: Ոչ քառակուսիները պատրաստ են ցանկացած պահի հրաժարվել արդեն իր ճանապարհը հարթած շարժումից եւ նոր ոլորտ մտնել: Որպես ոչ քառակուսի գործչի օրինակ կարող եմ բերել Տիգրան Թորոսյանին (իր բազմաթիվ մեղքերով), որը չի ցանկանում պատգամավոր դառնալ ոչ թե այն պատճառով, որ հնարավորություն չուներ սուսուփուս մնալ ՀՀԿ անդամ եւ շարունակել վայելել մանդատը, ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ բանից նեղացած է կամ խոցված, այլ՝ պարզապես, որովհետեւ գտել է պատգամավոր լինելուց ավելի հետաքրքիր եւ հաճելի զբաղմունք: Բնականաբար, խելացի մարդը պետք է զգա իր հնարավոր «քառակուսիացման» վտանգը:

Երբ մարդկանց հարցնում ես՝ ինչու են նրանք ուզում պատգամավոր դառնալ, նրանք սովորաբար տալիս են միանգամայն քառակուսի պատասխաններ: Իսկ ոչ քառակուսի պատասխանը կլիներ, օրինակ, հետեւյալը. «Պատգամավոր լինելը կայֆ է»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031