Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւի տարել են հարցաքննության, որ Հովհաննես Իշխանյանը մի հատ էլ «Դապռոսի օրը» պատմվածք գրի

Մարտ 28,2012 12:09

Այս օրերին գրական ու մերձգրական շրջանակները, որոնց շարքն են դասվում, պարզվում է, նաեւ ոստիկանության քննիչներ, քննում ու քննարկում են Հովհաննես Իշխանյանին ու նրա «Ուվալնյատի օրը» գիրքը։
Ասեմ միանգամից. նման գովազդին կնախանձեին ժամանակակից ու նաեւ անցյալի բազմաթիվ գրողներ։ Բայց թերեւս միայն «գովազդին»։ Ինչո՞ւ չակերտների մեջ։ Դե, որովհետեւ ռազմական ոստիկանություն կամ պարզապես ոստիկանություն հարցաքննության կանչվելը, գոնե հեղինակի համար, հաստա՛տ կասկածելի «հաճույք» է։ Սակայն իրավապահ մարմինների նման արձագանքը, ստուգապես, գովազդ է երիտասարդ հեղինակի համար։
Այնպես որ այդ տեղեկությունը, թե երիտասարդ գրողին իր գրքի պատճառով կանչել են ռազմական ոստիկանություն` հարցաքննության, այնքան արտառոց էր, որ նախ չհավատացի, հետո ծիծաղեցի: Այնուհետեւ, այսինքն՝ նման գովազդից հետո, բնականաբար հաջորդ քայլս եղավ այդ գիրքը գտնել-ընթերցելը: Մանավանդ մեր ինտերնետային ժամանակներում դա առանձնապես բարդ չէր: Գտա։ Կարդացի:
Ասեմ միանգամից. ես գրականության մեջ հայհոյախոսությունն ու գռեհկաբանությունը չեմ ընդունում: Իմ ճաշակով չէ: Իսկ Հովհաննես Իշխանյանի պատմվածքներում ոչ թե պարզապես մեկումեջ հայհոյանք կա, այլ հաճախ այդ կարգի «շարադրանքը» չափից ավելի է, չհաշված արդեն սեռական օրգանների ու սեռական ակտի ցաքուցրիվ նկարագրությունները։ Բայց…
Բայց նույն գրքում կան նաեւ գրական առումով հետաքրքիր նմուշներ, դրվագներ, գեղարվեստական հնարքներ, պատմվածքներ ու խնդիրներ, որ թույլ են տալիս ասել՝ շատ հնարավոր է, որ Հովհաննեսը գրական մեծ հեռանկար ունի։ Նույն գրքում մի քանի ստեղծագործություն կա («Շան բախտ», «Մարշրուտկի դարդերը», «Մահվան վախն աչքերում» շարքը՝ «Մեռնելը հեշտ ա, ապրելն ա դժվար», «Բարեւագիր մեռած ընկերոջը»), որ իսկապես որոշակի հաջողություն կարող են ունենալ։ Ամենակարեւորը, եթե հայհոյախոսությունն ու գռեհկաբանությունը հանես, ասելիք կմնա։
Նկատենք, ժամանակակից ստեղծագործողներից Իշխանյանն առաջինը չէ, որ անդրադառնում է բանակային ցավոտ թեմային։ Երիտասարդ ու գրական շրջանակների կողմից արդեն գնահատված, նաեւ մրցանակների արժանացած արձակագիր Արամ Պաչյանն էլ ոչ պակաս սուր անդրադարձներ ունի բանակային թեմային։ Ու ոչ միայն Արամ Պաչյանը…
Բայց դրա համար հաստա’տ հարցաքննության չեն տանում: Կամ էլ, երեւի տարել են, որ Հովհաննես Իշխանյանը մի հատ էլ «Հարցաքննության…», կներեք, «Դապռոսի օրը» պատմվածք գրի…
Մյուս կողմից, եթե նրա գրածները պոռնոգրաֆիա են համարում, էլի՛ հարց է ծագում, որովհետեւ Հ.Իշխանյանը հաստա՛տ, առաջինը չէ, որ բաց տեսարաններ կամ գռեհիկ պատկերներ է նկարագրում։ Մինչեւ ինքն էլ զանազան հեղինակներ, այդ թվում` հեռուստաէկրաններից չիջնող որոշ դեմքեր, հռչակ ու համբավ են ձեռք բերել, ասենք, սեռական օրգաններ նկարագրելով։ Սակայն ոչ մեկի մտքով չի անցել նրանց հարցաքննել։ Հետեւաբար այս մի հեղինակի՞ համար ինչու պիտի բացառություն անեին։

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031