Այսօր՝ մարտի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 03.30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում թիվ 10 էլեկտրասյան դիմաց՝ Երևանյան լճի կամրջի հարևանությամբ, 30-ամյա Հայկ Առաքելյանը, վարելով «ՎԱԶ 2109» մակնիշի ՏՏ1617 համարանիշի ավտոմեքենան, ընդհարվել է մայթեզրին մոտ կայանված՝ 34-ամյա Արման Գրիգորյանի վարած «ԲԻԴ» մակնիշի 29 ՕՏ 281 համարանիշի ավտոմեքենային, որն էլ իր հերթին ընդհարվել է նույնպես կայանված «ՎԱԶ 2107» մակնիշի 30 ԼՍ 829 համարանիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով «ՎԱԶ 2109»-ի վարորդը և ուղևորներ՝ 26-ամյա Էդգար Համբարձումյանը, 23-ամյա Քրիստինե Սաֆարյանը, 27-ամյա Լուսինե Բադալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ «ԲԻԴ»-ի ուղևորներ 42-ամյա Արմենուհի Մելքոնյանը, 26-ամյա Լիլիթ Պետրոսյանը, 37-ամյա Քրիստինե Սիմոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ բոլոր վիրավորներ աղջիկները մշտապես հավաքվում են նշված հատվածում և հայտնի են որպես «գիշերային թիթեռնիկներ»: Նրանք ֆոտոլրագրողին կատակով նաև ասում էին. «Եթե տուժողները լուրջ վնասվածքներ ստացած չլինեն, ապա վաղը-մյուս օրը նրանց կարող ես տեսնել նույն ժամին նույն վայրում. այսպես ասած՝ «հանդիպման վայրը փոխել չի կարելի»»:
Ըստ ֆոտոլրագրողի՝ վարորդ Հ.Առաքելյանը ենթարկվել է բժշկական զննության, և պարզվել է, որ վերջինս եղել է ոչ սթափ վիճակում:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արտաշես Վանյանը, ում հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ տուգանային հրապարակ: