Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանություններն արդեն իսկ կայացրել են ԱԳՆ շենքը վաճառելու որոշումը

Մարտ 28,2012 11:42

Նախօրեին կրկին շրջանառվեց «Ժողովուրդ»-ի ամիսներ առաջ հրապարակած տեղեկությունը, որ ՀՀ արտգործնախարարության շենքը 400 միլիոն դոլարով վաճառվել է հյուրանոցային բիզնեսովզբաղվող արտասահմանյան մի ընկերության։ Երեկ, սակայն, պետգույքի կառավարման վարչությունից հերքել են այդ տեղեկատվությունը՝ ասելով որ «նման գործարք չի կարող լինել առանց հանրությանն այդ մասին տեղյակ պահելու»։ Իհարկե, վերջին տարիների ընթացքում մեկ անգամ չէ, որ նման գործարքները կնքվել են առանց հանրությանը տեղյակ պահելու։ Ավելի ճիշտ, հանրությունը տեղեկացվել է, սակայն՝ հետին թվով, հետեւաբար՝ քանի կոպեկի արժեք ունի «հանրությանը տեղեկացնելը», եթե այդ հանրությունը՝ տեղեկանալով ոչինչ չի կարող փոխել։ Ամենաթարմ օրինակը Մաշտոցի այգին է։

Ինչեւէ, մոտ երկու տարի առաջ խոսվում էր, որ այդ շենքը պատրաստվում է գնել ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը՝ 450 միլիոն ԱՄՆ դոլարով։ Որոշ ժամանակ անց, սակայն, պարզվեց, որ նրան առաջարկվել է մեկ այլ տարբերակ՝ Հրապարակի մետրոյի տարածքը, որտեղ վերջինս ցանկանում էր նոր հյուրանոց կառուցել։ Սակայն ի բարեբախտություն մայրաքաղաքի, եղբոր հրաժարականի պատճառով Կարապետյանի ֊հարաբերությունները Սերժ Սարգսյանի հետ լարվեցին, եւ հյուրանոցի կառուցման գաղափարն անորոշ ժամանակով հետաձգվեց։ Հետո ասվեց, որ արտգործնախարարության շենքը անցնելու է արդարադատության նախարարության նախկին՝ հրդեհված (ի դեպ, բավականին խորհրդավոր ձեւով) շենքի տեղում կառավարական նոր մասնաշենքը կառուցող ռուսական մի ընկերության։ Հիմա էլ շրջանառվում է ինչ-որ անհայտ հյուրանոցային ցանցի անուն։ Սակայն այստեղ կարետր չէ, թե ով կգնի շենքը, կարեւորն այն է, որ այս իշխանություններն արդեն իսկ կայացրել են շենքը վաճառելու որոշումը՝ դրա մասին ասված է կառավարության վերջերս ընդունած որոշման մեջ, ըստ որի՝ ՀՀ արտաքին գործերի, տարածքային կառավարման եւ էներգետիկայի նախարարությունների համար նոր շենք է կառուցվելու արդարադատության նախարարության նախկին շենքի տեղում։ Ասել է թե՝ արտգործնախարարության ներկայիս շենքի օտարումը ընդամենը ժամանակի հարց է։ Ու փաստորեն, ստացվում է, որ այս իշխանությունները վաճառում են այն, ինչ դեռ հնարավոր է վաճառել. բոլորովին վերջերս կառավարության N2 մասնաշենքը վաճառվեց պարսկական «Մելլաթ» բանկին, մինչ այդ վաճառվեցին առողջապահության, մշակույթի, սոցապ, գյուղատնտեսության, կրթության եւ գիտության նախարարությունների շենքերը։ Թե դրանից ինչ շահեց պետությունը՝ հայտնի չէ, իսկ թե ինչ շահեցին այդգործարքի հետեւում կանգնած կոնկրետ մարդիկ, ակնհայտ է. բավական է անցնել այդ շենքերի մոտով եւ տեսնել, թե ներկայումս այնտեղ ովքեր եւ ինչ կազմակերպություններ են գործում։ Եվ հիմա էլ բան չի մնացել վաճառելու, հասել են Հանրապետության հրապարակի շենքերին։

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031