Հատված ՀԱԿ անդամ, «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանի հետ հարցազրույցից, որը հրաժարվել էր ընդգրկվել ՀԱԿ համամասնական ցուցակում ՀՀ ԱԺ ընտրություններին ընդառաջ:
– Մինչ օրս չեն դադարում խոսակցությունները, որ Դուք հրաժարվեցիք ՀԱԿ ցուցակում ընդգրկվելուց, քանի որ Ձեզ առաջնային եւ անցողիկ տեղերում չէին ընդգրկել։
– Ով որ այդպիսի բան է ասել, նա իսկական անբարոյական մամայի զավակ է, որովհետեւ մենք մեր որոշումը շատ ավելի վաղ եւ հստակ ենք մեկնաբանել, դեռ ցուցակների մասին ընդհանրապես խոսակցություններ չկային, գոյություն չունեին։ Խոշոր անբարոյականություն է, ով որ այդպիսի բան է ասում։ Ես չեմ ուզում նորից կրկնել, մենք ռազմավարության հետ կապված անհամաձայնություն ունեինք ցուցակի կազմման մեխանիզմի վերաբերյալ, ով որ այլ բան է տարածում, ասում եմ՝ իսկապես խոշոր անբարոյականություն է թույլ տալիս։
Կարդացեք նաև
– Ձեր անհամաձայնություն արդարացվա՞ծ եք համարում, համենայնդեպս նկատեցիք, որ ՀԱԿ ցուցակը կարող էր ավելի քաղաքական լինել։
– Գիտեք, դա էլ կարծիք է, տեսակետ, եւ ցանկացած կարծիք կարող է սուբյեկտիվ լինել։ Մենք մեր կարծիքը, դիրքորոշումը քաղաքական խորհրդում ենք ներկայացրել, մենք հետեւից չենք խոսացել, մենք բաց ենք այդ գործընթացին մասնակցել: Շատ են տարածվում նաեւ խոսակցություններ, որ մենք նախագահի դիրքորոշմանը դեմ ենք եղել, մինչդեռ կյանքում ճիշտ հակառակն է տեղի ունեցել։ Նախագահը հայտարարել էր, որ ինքը երջանիկ կլինի, որ կուսակցությունները համաձայնության գան, ես որ ամեն ինչ արել եմ, որ կուսակցությունները համաձայնության գան, եւ կարծես բոլոր կուսակցությունները միավորվեցին, բացի երկուսից՝ «Այլընտրանք» եւ ՀՀՇ։ Այդ երկուսն են նախագահի դիրքորոշմանը հակառակ գնացել։ Ստացվեց այնպես, որ մենք ամեն ինչ արեցինք, որ նախագահի ուզածը լինի, բայց արդյունքում կազմվեց այն ձեւի ցուցակ, որտեղ մենք էլ չկանք։
Նորմալ է։ Ես մնում եմ իմ համոզմունքին, որ ես լավ գործ եմ արել, նպաստել եմ, որ քաղաքական խորհուրդը դառնա իսկական մարմին եւ միասնական դիրքորոշում ունենա։
Ես մնում եմ ՀԱԿ անդամ, հույսս չեմ կորցրել, որ ՀԱԿ-ը ճշգրիտ, ժողովրդի հետ համագործակցված հանդես գալու դեպքում ի վիճակի է ապահովել մեծամասնություն, հաղթանակ տանել եւ երկրում իրավիճակ փոխել։ Քանի ես հույսս չեմ կորցրել եւ այն դեռեւս կապում եմ միայն եւ միայն ՀԱԿ-ի հետ, շարունակելու եմ մնալ այդ կառույցի բաղկացուցիչ մաս եւ ամեն ինչ անելու եմ, որ հաջողություն ունենանք՝ լինի այս ընտրություններին, թե հաջորդ։ Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
«Հրապարակ»