Այսօր Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կայացավ Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) ամենամյա «Արտավազդ» մրցանակաբաշխությունը: Այս տարի այն նվիրված էր ՀԹԳՄ 70-ամյակին:
«Լավագույն երիտասարդ դերասանուհի» ճանաչվեց Տաթեւ Ղազարյանը (Համազգային թատրոն): «Լավագույն երիտասարդ դերասանները» երկուսն էին` Մանվել Խաչատրյանը` Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական եւ Նիկոլայ Ավետիսյանը` Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոններից: «Լավագույն երիտասարդ բեմադրիչը»` Սամսոն Մովսեսյանն էր («Քիթ»), «Լավագույն երիտասարդական ներկայացումը»` Վիգեն Սեփանյանի «Բրեմենյան երաժիշտները»: «Լավագույն սցենոգրաֆիա» անվանակարգի համար ժյուրին 2 թեկնածուի էր առանձնացրել` Ալինա Ալեքսանյանին («Թևավորը», Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն) եւ Գարեգին Եվանգուլյանին («Եվ երկինքեն երեք աթոռ ինկավ», Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն):
«Լավագույն պիես» անվանակարգի համար «Արտավազդ» շնորհվեց Գուրգեն Խանջյանին («Անմեղսունակների պարը»): «Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար» ճանաչվեց Գոհար Իգիթյանը («Ձուկն առանց ջրի կամ suicide» , Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն), իսկ նրա ամուսին Արմեն Խանդիկյանին «Լավագույն ռեժիսուրայի» համար «Արտավազդ» շնորհվեց: Գոհար Իգիթյանն ասաց, որ դա իր երկրորդ «Արտավազդն» է: «Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում հաղթողը Արամ Մխիթարյանն էր («Փախիր կնոջիցդ», Հովհ. Աբելյանի անվան թատրոն): «Լավագույն կին դերակատարները» եւս երկուսն էին. Նարինե Ալեքսանյան («Սիրային իրարանցում… Էլի իրարանցում ` սիրային…», Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն), Կարինե Ջանջուղազյան («SALE», Համազգային թատրոն): Ժյուրին «Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգի համար առանձնացրել էր Արմեն Մարգարյանին («HAPPY END, Երջանիկ ավարտ» , Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն):
«Լավագույն ներկայացումները» երկուսն էին` «Աբանամատը» ( բեմադրիչ` Ալեքսանդր Գրիգորյան) եւ «Բլեզը» (բեմադրիչ`ՀրաչյաԳասպարյան):
Կարդացեք նաև
Այս տարի առաջին անգամ հանձնվեց Տիգրան Լեւոնյանի անվան հատուկ մրցանակ, որին արժանացավ Արթուր Ութմազյանը: Թատերարվեստի արժանապատիվ ծառայության համար պատվոգրերի արժանացան Հենզել Հայրապետյանը, Ժենյա Ներսիսյանը, Գուժ Մանուկյանը եւ Տրդատ Ավետիկյանը: Չնայած վերջինս ասաց, որ դա իր համար անակնկալ էր, բայց գրպանից հանեց մի քանի էջանոց շնորհակալական տեքստ` ուղղված ներկայիս իշխանավորներին եւ ՀԹԳՄ ղեկավարներին: ՀԹԳՄ ոսկե մեդալի արժանացան Հերբերտ Գասպարյանը, Արմեն Մարությանը, Արտաշես Շահվերդյանը եւ Կարեն Աբրահամյանը:
Նշենք, որ ի տարբերություն ազգային կինոյի «Հայակ» մրցանակաբաշխությանը, «Արտավազդին» ներկա էր մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Աժ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով քանիցս աջակցել է ՀԹԳՄ ծրագրերին: Հաճախ իրենց ամենաազատն ու անկախը համարող թատերական գործիչները ողջ երեկոյի ընթացքում առիթը բաց չէին թողնում ջերմ խոսքեր հնչեցնելու իշխանությունների հասցեին` կիսաձայնելով իրենց մշակութային եւ ոչ մշակութային ակնկալիքների մասին: Երվանդ Ղազանչյանն, օրինակ, խնդրեց, որ Գոհար Գասպարյանի արձանը կանգնեցվի Երեւանում: Նրա խոսքի վրա դահլիճը պայթեց ծափահարություններից: Մրցանակաբաշխության ժամանակ ամենաքիչը նոմինացված էր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը, պատճառը պարզ է. գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանին հեռացնելուց ու թատրոնը ջլատելուց հետո` այստեղ ներկայացումներ համարյա չեն բեմադրվում, իսկ տարածքն ավելի շատ ժամանցային միջոցառումների համար վարձակալությամբ է տրվում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Արտավազդ», մրցանակաբաշխություն, Արմեն Խանդիկյան, թատրոն, Վահե Շահվերդյան