Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբինյանը չի բացառում, որ կմրցակցի Րաֆֆի Հովհաննիսյանի հետ

Մարտ 27,2012 23:06

«Ժառանգության» գրասենյակում տեղի ունեցած հավաքի ժամանակ, որը կազմակերպվել էր նախընտրական համամասնական ցուցակում ընդգրկված թեկնածուների՝ միմյանց հետ ծանոթանալու նպատակով, նաեւ առաջարկ եղավ նման մի հայտարարություն ստորագրել, որի հեղինակը, բնականաբար, ինչպես ճիշտ եք կռահել, «Ժառանգության» ներկայացուցիչներն են: Փաստաթուղթն ընթերցվել եւ հավանության է արժանացել, ստորագրվել է ուղղակի որպես ներքին համաձայնություն ֆիքսող փաստաթուղթ: Անձամբ ինձ համար այդ փաստաղթղթում կարեւորն այն է, որ արձանագրվեց, թե հետայսու երկու կուսակցությունների եւ հանրային սեկտորի միջեւ ոչ թե բաժանում կա, այլ, որ մենք միասնական թիմ ենք, եւ որպես այդպիսին էլ պայքարելու եւ հասարակությանն առաջարկելու ենք մեր այլընտրանքը: Կարեւոր էր նաեւ այն արձանագրումը, որ պետք է համատեղ՝ կարծիքների ու մոտեցումների ազատ արտահայտման վրա հիմնված, որոշումներ կայացնենք եւ համատեղ պատասխանատվություն ստանձնենք այդ որոշումների կատարման համար: Որոշ բաներ կային հռչակագրում, որոնց առնչությամբ ես ինքս խմբագրական առաջարկներ եմ արել, դրանք ընդունվել են, որից հետո ստորագրել ենք»,- Aravot.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության այսօր հրապարակված «Ուխտ նոր Հայաստանի» հռչակագրին ասաց այդ եւ «Ազատ դեմոկրատների» համատեղ նախընտրական համամասնական ցուցակի 18-րդ հորիզոնականը զբաղեցնող թեկնածու, անկուսակցական Կարապետ Ռուբինյանը:

Իսկ այդ հռչակագրում մասնավորապես ասվում է նաեւ, թե համամասնական ցուցակի՝ երկու կուսակցությունների եւ հանրային սեկտորը ներկայացնող  թեկնածուները, որոնց դավանած գերագույն արժեքներն են քաղաքացիական իրավունքը, պետական ինքնիշխանությունը եւ ազգային շահը , «այդ արժեքների ամրապնդման ու տարածման հրամայականով մասնակցելու ենք առաջիկա խորհրդարանական, ապաեւ՝ նախագահական ընտրություններին: Մենք պայքարելու ենք հաղթելու համար եւ ձեւավորելու ենք նոր իշխանություն՝ նոր կառավարությամբ»:

Մեր հարցին՝ արդյոք վաղաժամ չէ՞  այսօր՝ ՀՀ նախագահի ընտրություններից մեկ տարի առաջ, այդ հռչակագրում խոսել նաեւ նախագահական ընտրությունների մասին, ինչից ենթադրվում է, որ այդ ընտրություններում պաշտպանելու եք մեկ միասնական, ենթադրաբար՝ Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը, Ռուբինյանն առարկեց. «Ինչո՞ւ է այդպես ենթադրվում: Նախ՝ այդ առումով էլ շատ կարեւոր է, որ հռչակագրում արձանագրվում է, որ մենք կողմնակից ենք խորհրդարանական կառավարման համակարգին, եւ եթե նախագահական ընտրությունների մասնակցելու ենք, իսկ այնտեղ ասված է, որ մասնակցելու ենք, ապա հենց այդ ծրագրով ենք մասնակցելու: Դրանք, կարծում եմ՝ կլինեն վերջին նախագահական ընտրությունները, որից հետո տեղի կունենա անցում խորհրդարանական կառավարման համակարգին, եթե, իհարկե, մինչ այդ այս նոր խորհրդարանական ընտրությունների արդյունքում չհասցնենք այդ բարեփոխումն իրականացնել: Ինչ վերաբերում է նրան, որ մենք կանխորոշում ենք, թե ով է լինելու նախագահի մեր թեկնածուն այդ ընտրություններում, ապա՝ ամենեւին այդպիսի բան չկա: Հակառակը, կարծում եմ՝ լինելով ազատական թիմ, մենք մեր մեջ դեռ պիտի մրցակցության հիման վրա որոշենք, թե ով պիտի լինի այդ նախագահի թեկնածուն: Մասնավորապես՝ ես, ամենեւին չեմ բացառում, որ ինքս մրցակցեմ այդ հարցում»:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031