Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«Նոր Հայաստանի ուխտը»` ընդդեմ հին կոալիցիոն հուշագրի

Մարտ 27,2012 22:45

Այսօր, որպես՝ «մեկ միասնության ներկայացուցիչներ», «Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները հրապարակել են իրենց «Ուխտ Նոր Հայաստանի» վերնագրված հռչակագիրը, որը միաձայն ընդունել եւ ստորագրել են «Ժառանգության» համամասնական ցուցակում ընդգրկված ե՛ւ կուսակցականները, ե՛ւ հանրային սեկտորի կողմից առաջադրված թեկնածուները: Հռչակագրում  այսպիսի պարբերություն կա. «Մեր դավանած գերագույն արժեքներն են քաղաքացիական իրավունքը, պետական ինքնիշխանությունը եւ ազգային շահը: Այդ արժեքների ամրապնդման ու տարածման հրամայականով մենք մասնակցելու ենք առաջիկա խորհրդարանական, ապաեւ՝ նախագահական ընտրություններին: Մենք պայքարելու ենք հաղթելու համար եւ ձեւավորելու ենք նոր իշխանություն` նոր կառավարությամբ »:

«Ժառանգության» ներկայացուցիչ եւ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանին հարցրինք՝ արդոք վաղաժամ չէ՞ այսօր խոսել հաջորդ տարի տեղի ունենալիք նախագահական ընտրությունների մասին ու ամրագրել, որ այս ուժերը այդ ընտրություններում նախագահի ընդհանուր թեկնածու են ունենալու, ենթադրաբար, ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի: «Գաղտնիք չէ, որ «Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները» հայտարարել են, որ համագործակցությունը ամենեւին էլ պայմանավորված չէ խորհրդարանական ընտրություններով, որ դա հեռանկարային եւ երկարաժամկետ համագործակցություն է»,- հիշեցրեց Սաֆարյանը:

Մեր դիտարկմանը, թե հեռանկարային են թերեւս այն իմաստով, որ երկու կուսակցությունները հեռանկարային համագործակցության դաշտ ունեն ԱԺ-ում՝ կապված 100 տոկոս համամասնական եւ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու համատեքստում, բայց արդյոք դա վերաբերո՞ւմ է նաեւ նախագահի միասնական թեկնածուի պաշտպանելուն, «Ժառանգության» ներկայացուցիչն արձագանքեց. «Եթե չեմ սխալվում, «Ազատ դեմոկրատներից» Ալեքսանդր Արզումանյանն արդեն իսկ նման՝  նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը պաշտպանելու իրենց պատրաստակամության մասին, հայտարարություն արել է: Դրանում նորություն չկա: Այո, դա բխում է նաեւ հռչակագրի բովանդակությունից էլ, ու մենք ասել ենք, որ նոր Հայաստանի ժողովրդի իշխանությունը ձեւավորելը սկսում է խորհրդարանական ընտրություններով, եւ  իր հանգրվանին կհասնի նախագահական ընտրություններով»:

Այդ իմաստով սա իշխանական կոալիցիայի հուշագիր չի՞ հիշեցնում. ստացվում է, որ հռչակագիրը ստորագրած «Ազատ դեմոկրատների» ու հասարակական սեկտորի թեկնածուներն ու ուժերն էլ «Ժառանգությանն» են հավատարմության երդում տալիս, որ այս  գլխից հստակ պարտավորություն են ստանձնում հաջորդ տարի պաշտպանելու  նախագահի կոնկրետ թեկնածուի: «Ոչ: Դրանք իրենց մտածողությամբ, իրենց լեզվով միանգամայն տարբեր հարթությունների վրա գտնվող փաստաթղթեր են»,- առարկեց Ստեփան Սաֆարյանը:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031