Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության մարտի 27-ի նստում դատավոր Սամվել Մարդանյանը մերժեց մեղադրող Հարություն Հարությունյանին բացարկ հայտնելու վերաբերյալ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանի միջնորդությունը: Այնուհետեւ դատարանը լսեց վկա, գումարտակի հրամանատար, փոխնգնդապետ Միշա Գաբիրելյանին: Արտակ Նազարյանի մահվան դեպքից հետո վերջինիս տեղափոխել են Ճամբարակ, մի տարով պաշտոնն իջեցրել: Ա.Նազարյանի նախկին հրամանատարն ասաց, որ ինքը ամոթից չի կարողացել մասնակցել Արտակի հուղարկավորությանը: Դահլիճից հնչեց Ա. Նազարյանի մոր`Հասմիկ Հովհաննիսյանի ձայնը. «Ինքնասպան լինեիր, տականք»:
Միշա Գաբրիելյանը Արտակ Նազարյանին բնութագրեց որպես կիրթ, համեստ անձնավորության, հավելելով, որ նա մասնակիորեն է կարողացել կատարել դասակի հրամանատարի պարտականությունները, գործնական որոշ առաջադրանքներում Արտակը դժվարացել է, նա չէր սիրում զինվորական գործը: Արտակի մահվան օրը` 2010թ. հուլիսի 27-ին, փոխգնդապետ Մ.Գաբրիելյանը եղել է արձակուրդում: Կապիտան Հակոբ Մանուկյանը Արտակի նոթատետրը մի գրության հետ հանձնել է գումարտակի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար մայոր Նաջարյանին` պահանջելով այդ մասին ոչ մեկի չասել; Արտակի մահվան դեպքից հետո Նաջարյանը դրանք տվել է Գաբրիելյանին, սակայն վերջինս իրեղեն ապացույց հանդիսացող այդ գրությունը եւ նոթատերը օրեր անց է հանձնել նախաքննական մարմնին:
Փոխգնդապետ Մ. Գաբրիելյանը դատարանում ասաց, որ դրանց մասին մոռացելէր, չէր կարծում որ նոթատետրն ու գրառումը գործի համար կարեւոր են: Այդ գրության մեջ Արտակ Նազարյանը, իբր, պատվիրել էր իր մահվան գործում ոչ մեկին մեղավոր չհամարել, գրառման մի մասը ջնջված է: Վկայի հարցաքննությունից հետո մեղադրող Հարություն Հարությունյանը միջնորդեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքները: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները եւ ամբաստանյալի պաշտպանները դեմ էին դրան, սակայն դատավոր Մարդանյանը բավարարեց միջնորդությունը: Մեղադրող Հայկ Հարոյանը մեծ դժվարությամբ էր ընթերցում Միշա Գաբրիելյանի նախաքննական ցուցմունքերը, որոնք գրված էին քննիչ Մադաթյանի ձեռամբ: Վկա Գաբրիելյանը, պատասխանելով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանի հարցին, ասաց, որԱրտակ Նազարյանին սպանելու պատճառներ չկային: Վկան համոզված էր, որ Արտակն ինքնասպանություն է գործել, սակայն դրա համար որեւէ պատճառ չկարողացավ նշել:
Մեղադրողներ Հարություն Հարությունյանը եւ Հայկ Հարոյանը երկար ժամանակ վկային հարցեր էին ուղղում,հարցերն էլ հաճախ կապ չունեին մեղադրանքի հետ: Մեղադրողները, ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեորգյանի խոսքերով` «ջուր էին ծեծում», ինչի համար դիտողության արժանացան Ռուբեն Մարտիրոսյանի եւ դատավոր Սամվել Մարդանյանի կողմից: Հաջորդ դատական նիստում, որը կկայանա ապրիլի 17-ին, կհարցաքննվի գործով առանցքային վկա Գարեգին Սայադյանը: Ի դեպ, Արտակի հարազատների հետ դատին ներկա էին խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրեր: Նրանցից Գոհար Սարգսյանն ասաց, որ այս դատարանը չի կարող շիտակ դատել, քանզի դատավորի գլխավերեւում ՀՀ զինանշանը ծռված է: Դատական նիստի սկզբում դատավոր Մարդանյանը նիստը տեսագրող լրագրողներին ռազմական գաղտնիքները պահպանելու համար զգոնության կոչելով` ասաց, որ ադրբեջանական հեռուստալիքները հատվածներ են ցուցադրել այս դատավարությունից:
Կարդացեք նաև
Ոսկան Սարգսյան