«Այդ մարդիկ իրականում աչքակապությամբ են զբաղվում: Ես մտածում էի,որ իրենք գոնե դաս կքաղեն ճգնաժամի տարիներից հետո եւ այս կառավարության հետ ավելի լուրջ կաշխատեն: Հաշվի առնելով նախընտրական վիճակը չի կարելի, դրա իրավունքը չունեն, իրենք իրականությունը շեղում են եւ փորձում են մարդկանց աչքին թոզ փչել»,- Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ տնտեսության աճերի մասին Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելության այսօր կատարած եզրակացությունը մեկնաբանեց ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը: ԱՄՀ-ի հայտարարությունը Վահագն Խաչատրյանի համար անակնկալ չէին. «Բոլոր դեպքերում ԱՄՀ-ի եւ Համաշխարհային բանկի գնահատականները Հայաստանի գործունեության վերաբերյալ վերջին 2-4 տարվա ընթացքում ավելի շատ քաղաքական ուղղվածություն են ունեցել, քան թե տնտեսական օբյեկտիվ գնահատականներին միտված: Ինչի մասին որ խոսվում է՝ արդյունաբերություն, արտահանման աճ, փոխանցումների աճ, գնաճ՝ ծանոթ ենք այդ թվերին: Իրենց ասածի մեջ իրականությանը չհամապատասխանող փաստեր կան»:
ԱՄՀ գնահատականներով՝ իշխանությունները գովելի շրջահայացություն են դրսևորել, ուշադրությունը կենտրոնացրել «Նաիրիտ» գործարանի հարցի հնարավոր լուծման տարբերակի վրա: Վահագն Խաչատրյանի դիտարկմամբ՝ «Ես չգիտեմ «Նաիրիտի» հարցին ոնց են լուծում գտել, երբ «Նաիրիտն» ավելի է թաղվել պարտքերի մեջ, 2011-ին ավելի խայտառակ վիճակ է եղել, քան 2010-ին: Այսօր «Նաիրիտը» չի աշխատում, պարտքերն օրեցօր ավելանում են: Արժույթի հիմնադրամի գնահատականները իրականությանը չեն համապատասխանում: Ուղղակի իրենք արդարացնում են իրենց գոյությունը Հայաստանում»: Ըստ պարոն Խաչատրյանի, ԱՄՀ-ն համագործակցում է իշխանության հետ՝ իրականությունը ծածկելու, ներկա իրավիճակը ոչ օբյեկտիվ ներկայացնելու համար, որովհետեւ եթե ավելի լուրջ են իրենք վերաբերում Հայաստանի տնտեսությանը, թող գնահատականներ տային՝ արդյո՞ք կոռուպցիան Հայաստանում նվազել է, մենաշնորհները պակասել են, տնտեսությունն ավելի մրցակցային է դարձել, ինչո՞վ է պայմանավորված եղել Հայաստանի արտաքին առեւտրի աճը. «Չեն ուզում խոստովանել, որ դա ընդամենը համաշխարհային շուկայի գների կոնյուկտուրայի փոփոխության արդյունքում է գրանցվել: Արտահանվող ապրանքների տեսակների բազմազանությունը չի փոխվել, նույն լեռնահումքային արդյունաբերության աճը, որով պայմանավորված է արտաքին առեւտրի աճը, պայմանավորված է համաշխարհային գների աճով: Համաշխարհային բանկն ու ԱՄՀ-ն նույն հաջողությամբ 2008-ի գործունեությանն էին գնահատականներ տալիս, երբ երկիրը, աշխարհը գտնվում էր ճգնաժամի մեջ: Նույն հաջողությամբ նրանք հավանություն էին տսլիս 2009-ի կառավարության ներկայացրած բյուջեին, որը նախատեսում էր 6.6 % գնաճ»:
Վահագն Խաչատրյանը նաեւ բացատրեց, որ ԱՄՀ-ի նշած «կայուն դրամավարկային միջավայր» հասկացողությունն էլ անհասկանալի է. «Ցավոք, այնտեղ մասնագիտական գնահատական նույնիսկ չկա: Այն,որ տեղի է ունեցել մասնավոր փոխանցումների աճ եւ դրանք չեն կուտակվել ու չեն դարձել Հայաստանում ներդրումների համար նախադրյալ, որի մասին վարչապետ Տիգրան Սարգսյանը խոսեց, որ պետք է կարողանանք մարդկանց խնայողությունները դարձնել ներդրումներ, դա է մասնագիտական: Երկիրը 1.5 մլրդ դոլար փող ունի, որը ստանում ենք մեր բարեկամներից, մեր ընկերներից՝ որպես օգնություն: Իշխանությունը 500 մլն վարկ է վերցնում, մեծ պարտավորությունների տակ է ընկնում: Փոխանակ մտածելու այդ օգնությունն ավելի նպատակահարմար ծրագրերում իրականացնելու մասին, մենք դա օգտագործում ենք կայուն դրամավարկային քաղաքականություն իրականացնելու համար, որը հանցագործություն է: Փոխանակ մասնագիտական այսպիսի գնահատական տան, ավելի լուրջ, խորը վերլուծություններ կատարեն եւ Հայաստանի իշխանություններին առաջարկություններ անեն: Խոսքը վերաբերում է կոռուպցիային, մաքսային համակարգի բարելավմանը, նրանք հիմա եկել գովաբանում են կառավարությանը, այսօրվա թվերի հետ են խաղում: Մենք՝ ՀՀ քաղաքացիներս գոնե գիտենք, որ 10 տոկոսից պակաս գնաճը չի եղել: Ես իրավունք ունեմ չհավատալու եւ ասելու, որ դուք պարզապես լծված եք գործող իշխանության այս քաղաքական ընտրարշավին ու քարոզարշավին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև