Այսօր՝ մարտի 27-ին, Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի աշխատակիցները բացահայտել են մի քանի օր առաջ Արմավիրի մարզում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթ կատարող անձին:
Ինչպես Վաղարշապատից «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ կեսօրին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է բերման ենթարկվել Երևանի Արշակունյաց 135 շենքի բնակիչ, 30-ամյա Անդրանիկ Եդիգարյանը:
Պարզվել է, որ նա, վարելով «Օպել Օմեգա» մակնիշի 64 ԼՕ 104 համարանիշի ավտոմեքենան, մարտի 24-ին Արմավիրի մարզի Աթարբեկյան գյուղում վրաերթի էր ենթարկել մի քաղաքացու և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի:
Վրաերթից հետո Ա. Եդիգարյանը ավտոմեքենան տանում է արհեստավորի մոտ և վերացնում վթարի հետքերը:
Ինչպես մարտի 24-ին դեպքի վայրից «Առավոտին» հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել էր:
Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի աշխատակիցները` հրամանատար, Ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ: Տեղում էր նաև Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, գեներալ-մայոր Արամ Զաքարյանը:
Փաստի առթիվ Ոստիկանության Արմավիրի մարզի Վաղարշապատի քննչական բաժանմունքում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի և 244 հոդվածի հատկանիշներով:
Դեպքի վայրում վրաերթի ենթարկվածի հարազատները մեղադրում էին ոստիկանությանը, որ ոստիկանությունը չի բացահայտի այս դեպքը և կկոծկի, անգամ վիրավորական արտահայտություններ էին կատարում ոստիկանների հասցեին:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի: