Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՄՀ աշխատակազմի առաքելության Հայաստան կատարած այցի եզրափակման հայտարարություն

Մարտ 27,2012 18:29

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելությունը, պրն. Մարկ Հորթոնի գլխավորությամբ, մարտի  14 –27-ն այցելել է Երևան` «Երկարաձգվող ֆինանսավորման » (EFF)/ «Երկարաձգվող վարկավորման» (ECF) ծրագրերի չորրորդ ամփոփիչ ստուգման շուրջ քննարկումներ ծավալելու նպատակով: Այցի վերջում պրն. Հորթոնն արել է հետևյալ հայտարարությունը.

«Չնայած պակաս սատարող արտաքին միջավայրին` ընդհանուր մակրոտնտեսական պայմանները շարունակել են բարելավվել: Ենթադրվում է, որ 2011 թվականին տնտեսությունն աճել է 4,4 տոկոսով` պայմանավորված արդյունաբերության և ծառայությունների ոլորտների ուժեղ աճով: Գնաճը զգալի չափավորվել է` փետրվարին կազմելով 4 տոկոսից ցածր (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ), ինչին օժանդակել է կայուն դրամավարկային միջավայրը: Հարկաբյուջետային ճշգրտումը շարունակելու, ինչպես նաև արտահանման և դրամական փոխանցումների զգալի աճի շնորհիվ, զսպվել են արտաքին անհավասարակշռությունները, սակայն արտաքին ընթացիկ հաշվի պակասուրդը համեմատաբար մեծ է պահպանվում, իսկ խոցելիությունների կրճատման համար պահանջվում է լրացուցիչ ճշգրտում:

2011 թվականի երկրորդ կիսամյակում  քաղաքականության իրականացումը  եղել  է ծրագրին համահունչ, ընդ որում` 2011 թվականի վերջի դրությամբ ապահովվել են բոլոր  քանակական կատարողական չափանիշները: Հարկաբյուջետային իրավիճակը զգալի ամրապնդվել է. ընդհանուր պակասուրդը 2011 թվականին զգալի նվազել է 2010 թվականին արձանագրված շուրջ 5 տոկոսից: Իշխանությունները գովելի շրջահայացություն են դրսևորել նոր պարտքի ծավալների և պայմանների հարցում, այդ թվում ուշադրությունը կենտրոնացնելով անառողջ վիճակում գտնվող քիմիական «Նաիրիտ»  գործարանի հարցի` մասնավոր հատվածի կողմից հնարավոր լուծման տարբերակի վրա:  Կառավարության քայլերն ընթանում են 2012 թվականին հարկերի հավաքագրման զգալի աճի ապահովման ուղղությամբ, որը կօգնի ստեղծել հարկաբյուջետային անհրաժեշտ հնարավորություններ` արձագանքելու մասնավոր հատվածի հաշվին ապահովվող աճի աջակցման  և  աղքատության կրճատման  հրատապ խնդիրներին:

Կառավարությունը և Հայաստանի կենտրոնական բանկն ապահովել են կամ զգալի առաջընթաց են արձանագրել ծրագրի շրջանակում բոլոր կառուցվածքային հենանիշների ուղղությամբ: Հարկային վարչարարության ուղղությամբ իրականացվել են կարևոր տեխնիկական քայլեր` ըստ ամենայնի հող նախապատրաստելով ավելի արդիական, արդյունավետ և գործարարության համար նպաստավոր հարկային վարչարարության համար: Առաջընթաց է ապահովվել նաև հաջորդ մի քանի տարիների համար հարկային քաղաքականության ռազմավարությունների սահմանման, գնաճի նպատակադրման ծրագրի հետագա ամրապնդման, ֆինանսական կայունության համախմբման և սոցիալական ծառայությունների մատուցման արդյունավետությունը խթանելու ուղղությամբ:

Թույլ արտաքին միջավայրի ֆոնի վրա, աճի կանխատեսումը 2012 թվականին իջեցվել է մինչև 3.8 տոկոս, ընդ որում ռիսկերը շեղված են դեպի նվազում: Միջազգային գների  նկատմամբ հետագա ճնշումների բացակայության սպասումների լույսի ներքո ակնկալվում է, որ գնաճը  կպահպանվի կենտրոնական բանկի նպատակադրած ցուցանիշի շուրջը:  Միջնաժամկետում հարկաբյուջետային կոնսոլիդացումը շարունակելու, իշխանությունների կողմից արտահանման աճի և գործարար միջավայրի այլ բարելավումների վրա ողջունելի կենտրոնացման, զգալի դրամական փոխանցումների և փոխարժեքի ճկունության պայմաններում ակնկալվում է, որ ընթացիկ հաշվի պակասուրդը կշարունակի նվազել:

Առաքելությունն իշխանությունների հետ համաձայնություններ է ձեռք բերել 2012 թվականի քաղաքականության կառուցվածքի վերաբերյալ, որը կարող է հիմք հանդիսանալ եռամյա «Երկարաձգվող վարկավորման»/«Երկարաձգվող ֆինանսավորման» ծրագրի շրջանակում չորրորդ ամփոփիչ ստուգումն ավարտելու համար: Ըստ նախնական ժամանակացույցի նախատեսվում է, որ ԱՄՀ Գործադիր խորհուրդը 2012 թվականի մայիսին քննության կառնի ստուգումն ավարտելու հարցը: Հաստատման դեպքում ԱՄՀ-ն կտրամադրի վարկի` 56 միլիոն ԱՄՆ դոլար գումարով չորրորդ չափաբաժինը` ծրագրի շրջանակում տրամադրված գումարը հասցնելով  181 միլիոն ՓՀԻ (շուրջ 279 միլիոն ԱՄՆ դոլար):

Պատվիրակությունը հանդիպել է վարչապետ Տիգրան Սարգսյանի, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի, կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, ինչպես նաև պետական այլ բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային համայնքի, բանկային և գործարար ոլորտների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Առաքելությունը ցանկանում է շնորհակալություն հայտնել իշխանություններին և Հայաստանի մյուս գործընկերներին գերազանց համագործակցության համար»:

Արժույթի միջազգային հիմնադրամ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031