Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգար Օհանյանին միջնորդեց 8 տարվա ազատազրկում (ֆոտոշարք)

Մարտ 27,2012 18:17

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատական վիճաբանությունների փուլում մեղադրական ճառով հանդես եկավ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Հարություն Հարությունյանը: Նա Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի համար պահանջեց 8 տարվա ազատազրկում՝ ամբողջ գույքի բռնագրավմամբ, սպայական գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի համար՝ 5 տարի 11 ամիս 27 օր ազատազրկում, որից պայմանական չի կիրառվի 4 տարին, տնտեսական բաժանմունքի պետ Արա Լեւոնյանի համար՝ առանց գույքի բռնագրավմամբ մեղադրողը միջնորդեց 5,5 տարվա ազատազրկում, որից 3 տարին՝ փորձաշրջան, իսկ տեխնիկ Սամվել Մախմուրյանի համար՝ առանց գույքի բռնագրավման 5 տարվա ազատազրկում, որից 2 տարի փորձաշրջան:

Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչը հանդես եկավ քաղաքացիական հայցապահանջով՝ պահանջելով 19 մլն 721 հազար 60 դրամ վնասի հատուցում: Մարգար Օհանյանն ասաց, որ իր հարազատները նախաքննության փուլում մուծել են ասված 177 մլն 288 հազար դրամ գումարը, հետո, ըստ Մ. Օհանյանի, այդ գումարը ավելացավ: Նա ասաց, որ պատրաստ է մուծել այդ գումարը, քանի որ այն գնում է ոստիկանություն, ուր աշխատել է 31 տարի:

Նշենք, որ մեղադրական ճառը բաղկացած էր 78 էջից, դրա հրապարակումը սկսվեց 15.30-ին եւ ավարտվեց 17.00-ին: Պաշտպանական ճառերին պատրաստվելու համար դատարանը դատական նիստը նշանակեց ապրիլի 17-ին:

Սամվել Մախմուրյանը խնդրեց դատարանին, որպեսզի իրեն մեղմ վերաբերվեն, իսկ Արա Լեւոնյանն ու Ստեփան Կարախանյանը խնդրեցին 3-4 օր ժամանակ:

Երբ Մարգար Օհանյանի համար դատախազի միջնորդությունն ավարտվեց, դատական նիստին հետեւողներից մեկը բղավեց՝ գնդակահարեիք, էլի:

Ի դեպ, Մարգար Օհանյանը պետք է նաեւ հատուցի դատական ծախսերը. խոսքը 82 հազար 400 դրամի մասին է:

Մեղադրող Հարություն Հարությունյանը հայտնեց, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցները եւ փաստական հանգամանքները լիովին ապացուցվել են, մասնավորապես՝ վկաների ցուցմունքներով: Ըստ վկաների, Մարգար Օհանյանը յուրացնելու նպատակով, հանդիսանալով պաշտոնատար անձ, չարաշահել է ՃՈ կանոնադրությունը եւ իրեն վստահված ՃՈ գույքը տնօրինելու փոխարեն, դուրս է եկել իր լիազորություններից: Նրա գործողությունները, ըստ մեղադրողի, «շարունակական բնույթի յուրացումներ էին»:

Մեղադրողն անդրադարձավ Մ. Օհանյանի այն հայտարարություններին, թե իր դեմ հետապնդումները սկսվել են՝ կապված նախկին ոստիկանապետի հետ, թե 3 ամբաստանյալների նկատմամբ ոստիկանությունում ճնշումներ են գործադրվել եւ որ այդ գործում ուղղորդել է նաեւ ԱԺ պատգամավորը (խոսքը Լեւոն Սարգսյանի մասին էր): Մեղադրող Հարություն Հարությունյանն ասաց, որ գործում չկան այնպիսի ապացույցներ, թե Սամվել Մախմուրյանն ու Արա Լեւոնյանը ապօրինի պահվել են ոստիկանությունում: Թե ԱԺ պատգամավորի հետ կապված ինչ է տեղի ունեցել, «մեղադրողը գուշակություն անելու ցանկություն չունի»: Թե ինչու չեն բարձրաձայնել վերադասի ապօրինությունների մասին, այս հարցի կապակցությամբ մեղադրողը ասաց. «Ու՞մ բարձրաձայնեին՝ Մարգար Օհանյանի՞ն: Եթե բարձրաձայնեին, ծառայության հետ խնդիրներ կունենային»:

Ինչ վերաբերում է Արա Լեւոնյանին, Սամվել Մախմուրյանին, ապա մեղադրողը գտնում էր, որ նրանք նպաստել են «հանցագործության մյուս մասնակիցներին մերկացնելուն»:

Մեղադրողի ճառում ընդամենը մեկ դրական արտահայտություն կար Մարգար Օհանյանի հետ կապված. ՃՈ նախկին պետի կողմից վնասի հատուցման գումարները մուծելը մեղադրողը դիտեց «մեղքը քավելու ակնառու քայլ, այն էլ կամովին արված»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Լուսանկարները` Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031