Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանին սատարողը՝ ԲՀԿ ցուցակում

Մարտ 27,2012 17:30

2007 թվականի մայիսի 1-ին, խորհրդարանական ընտրություններից երկու օր առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսում Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է, որ ՀԱԿ վարչությունը որոշել է ընտրարշավից դուրս գալ՝ կոչ անելով իր ընտրազանգվածին քվեարկել ՀՀԿ-ի օգտին. «Եթե մենք գանք ՀՀԿի հետ այն պայմանավորվածության, որ մեր օրենսդրական նախագծերը իրենց միջոցով օրենսդիր դաշտում կիրականացվեն, ուրեմն որոշումը վերջնական կլինի»,- ասել է Ուրիխանյանը:

2007-ի խորհրդարանական ընտրություններին եւ այս իրադարձություններին հաջորդած իր արտահերթ համագումարում Հայաստանի առաջադիմական կուսակցությունը, 2008-ի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու որոշում է կայացնում: Հետագա զարգացումները հանգեցրեցին նրան, որ Հայաստանի առաջադիմական կուսակցությունը լուծարվեց եւ տարալուծվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեջ: Տիգրան Ուրիխանյանն այժմ ԲՀԿ համամասնական ցուցակի 20-րդ համարն է:

Aravot. am-ի՝ իր անցյալի հիշեցումներին ի պատասխան, Տիգրան Ուրիխանյանը նկատեց, որ այդ որոշումներն ինքը միանձնյա չի ընդունել, այլ կուսակցությունն է որոշել՝ արտահայտելով իր արդար եւ անկաշառ դիրքորոշումը: Եվ եթե, հետագա զարգացումներում իր կուսակիցները այլընտրանքային փնտրտուքների մեջ հայտնվեցին, դա միայն այն պատճառով էր, որ նրանց հույսերը չարդարացվեցին. «Հայաստանի առաջադիմական կուսակցությունը, որն այն ժամանակ ես ղեկավարում էի, ինչպես նաեւ ԲՀԿն, որում ես այսօր գործում եմ, երկուսն էլ, որպես քաղաքական ուժեր, վստահության չափաբաժին են հատկացրել այսօրվա գործող նախագահին: Նախագահն էլ ամբողջ ժողովրդի եւ իրեն ձայն վստահած ընտրողների առջեւ պարտավորություններ ունի: Արդարացնո՞ւմ է նախագահն իր պարտավորությունները, թե՞ ոչ, ժողովուրդը թող պատասխանի»:

Ինչ վերաբերվում է ՀՀԿ-ին սատարելուն, Ուրիխանյանը պարզաբանում է. «Ես այդ ժամանակ մի հոդված գրեցի, որը տպագրեցին մի քանի թերթեր: Վերնագիրն էլ այսպիսին էր՝ «Մենք պաշտպանում ենք ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ նրա հետ կապված նոր հույսերը», որոնք, արդարացրեց նա, թե ոչ, եվս թող գնահատի ժողովուրդը: Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ իբրեւ ՀՀ քաղաքացի, ՀՀԿի մասին ես երբեւե դիրքորոշում չեմ հայտնել եւ իրենց ծրագրային ու գաղափարախոսական դրույթների առնչությամբ վառ ոգեւորվածություն չեմ ունեցել: Ավելին, երբ ՀԱԿ արտահերթ համագումարում քվեարկության դրվեց Սերժ Սարգսյանին սատարելու հարցը, վատ եւ կարճ հիշողություն ունեցող անձանց համար հատուկ հիշեցնեմ, ինքս «ձեռնպահ» եմ քվեարկել: Տեսագրությունները կան, կարող եք արխիվները փորփրել: Ինչը առաջացրեց նաեւ վարչության կազմի զարմանքը: Որեւէ կերպ սեթեւեթել չեմ ուզում: Ընդգծում եմ, որ գործող նախագահն անդամակցելով ՀՀԿին, այդ կուսակցությանը տվեց կշիռ եւ Սերժ Սարգսյանի հետ կապված հույսերով պայմանավորվեց նաեւ նրան աջակցելը, որն էլ, մեխանիկորեն վերածվեց ՀՀԿի աջակցության»:

Ուրիխանյանը չմանրամասնելով ասաց, որ շատ լավ հասկանում է, թե իր քաղաքական անցյալի հիշեցումն ում է ձեռնտու ու խորհուրդ տվեց. «Մի փորփրեք, որովհետեւ դրա արդյունքում կարող են ձեզ համար անցանկալի հիշողություններ ի հայտ գալ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031