Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի կոնգրեսականները կրկին անդրադառնում են Ջավախքին

Մարտ 27,2012 16:38

ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքը

Ամերիկացի կոնգրեսականները կրկին դիմում են Սպիտակ տանը` Ջավախքին հատկացվող ֆինանսական օգնության ծավալները մեծացնելու կոչով: Այս մասին երկուշաբթի օրը Վաշինգտոնում կայացած լսումների ժամանակ հայտարարեց Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Բրեդ Շերմանը: 

Կապիտոլիումում կազմակերպված լսումները նվիրված էին 2013 թվականի բյուջեի նախագծով Միջազգային զարգացման ամերիկյան գործակալությանը` USAID-ին հատկացվող չափաբաժնի քննարկմանը:

«Ինչ վերաբերում է Վրաստանի Հանրապետության կազմում գտնվող Ջավախքի տարածաշրջանին, ապա ես տեսնում եմ, որ ըստ բյուջեի նախագծի Վրաստանին նախատեսվում է հատկացնել մոտ 68 միլիոն դոլարի օգնություն», – հայտարարեց Շերմանը` հավելելով. – «Մենք այս խնդիրն արդեն իսկ քննարկել ենք Վաշինգտոնում Վրաստանի դեսպանի հետ, փորձելով պարզել` արդյոք անհրաժե՞շտ է, որպեսզի Միացյալ Նահանգները հատուկ ուշադրություն դարձնի Վրաստանի հարավում գտնվող այս տարածաշրջանին, եւ արդյոք նման ուշադրությունը առանձին վերցված մեկ տարածաշրջանին վիրավորական չի՞ լինի Թբիլիսիի համար: Ուրախությամբ արձանագրում եմ, որ Վրաստանի դեսպանությունը հստակ հայտարարեց, որ աջակցում է Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանում բնակվող Վրաստանի քաղաքացիների համար տնտեսական զարգացման պայմանների ստեղծմանն ուղղված` ամերիկյան կառավարության ջանքերին»։

Շերմանը կոչ արեց USAID-ի ղեկավարությանը` հաջորդող ֆինանսական տարում լուրջ ուշադրություն դարձնել հատկապես Ջավախքում աշխատատեղերի ստեղծմանը:

USAID-ի ղեկավար Ռաջիվ Շահը, արձագանքելով դեմոկրատ կոնգրեսականի կոչին, նշեց, որ իր ղեկավարած կառույցն արդեն իսկ լուրջ ջանքեր է գործադրում այս ուղղությամբ:

«Վրաստանի` մասնավորաբար ձեր հիշատակած Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանի մասին կարող եմ ասել, որ մենք այստեղ առանձնահատուկ ծրագրեր ենք իրագործում` ուղղված, մասնավորապես, գյուղատնտեսության
ոլորտի արդիականացմանը, սոցիալական ու առողջապահական ոլորտների զարգացմանը, աջակցում ենք տեղի քաղաքացիական հասարակությանը:Մենք այս ուղղությամբ ենք աշխատում` միաժամանակ  խորհրդակցելով ամերիկահայ կառույցների հետ», – ասաց USAID-ի տնօրենը:

Վերջին մեկ տարվա ընթացքում ամերիկահայ կառույցներն իրոք ակտիվորեն սկսել են զբաղվել Ջավախքի խնդիրներով` իրենց այդ ակտիվության մեջ ներգրավելով նաեւ հայամետ կոնգրեսականներին։ Տարեսկզբին ամերիկյան Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարներն այս հարցը քննարկեցին Միացյալ Նահանգներ ժամանած Միխեիլ Սահակաշվիլիի հետ: Ավելի վաղ` 2011 թվականի սեպտեմբերին, Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Քեն Խաչիկյանն ու կառույցի հանրային կապերի գծով տնօրեն Էլիզաբեթ Չուլջյանը մեկնել էին Վրաստան` Ջավախքի խնդիրները քննարկելով վրացական կառավարության եւ տեղի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Գեւորգ Ստամբոլցյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031