Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյան. Ես քարոզչության կարիք չունեմ (Տեսանյութ)

Մարտ 27,2012 16:35


Այսօր ԵՊՀ մեծ դահլիճում ուսանողների համար հանդիպում էր կազմակերպվել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանի եւ հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանի հետ:

ԵՊՀ ռեկտորը ֆուտբոլի հավաքականը երկրի ինքնության խորհրդանիշ որակեց: Իր ձեւակերպմամբ՝ հպարտ է, որ մեր նոր առնականացող երկիրը ունի ֆուտբոլի նման հավաքական, իսկ, օրինակ, Հնդկաստանը չունի: Նրա խոսքով, ֆուտբոլի նշանակությունը ոչ միայն մարզական է, այլեւ քաղաքական ու տնտեսական: Մի օրինակ էլ ռեկտորը անգլիական ֆուտբոլից բերեց, ապա անդրադարձ եղավ ԵՊՀ ուսանողների ֆուտբոլային ֆան-ակումբին:

Հյուրերին հարցեր ուղղելու հնարավորություն էլ ընձեռվեց:

Սոցիոլոգիայի ֆակուլտետի մի ուսանողի հետաքրքրում էր՝ Ռուբեն Հայրապետյանը կօգնի՞ բարելավել ԵՊՀ մարզադահլիճը: Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը դրական արձագանքեց:

Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանն էլ պատգամավորին առաջարկում էր մեծ ու փոքր համայնքների ղեկավարներին ստիպել, որ պարտադիր իրենց տարածքում խաղադաշտ ունենան: Ռ. Հայրապետյանն ասաց, թե ստիպելը իր լիազորություններից վեր է:

Աշխարհագրական ֆակուլտետի ուսանող Տիգրան Խալաթյանն ուզում էր տեղեկանալ՝ ինչպե՞ս կարող է ֆուտբոլային անցյալ չունեցող մարդը մարզչական կրթություն ստանալ: Պարզվեց՝ 4 տարի է Հայաստանն ունի նման կրթություն իրականացնելու համապատասխան լիցենզիա, եւ այժմ Հայաստանում նման կրթություն է ստանում մեկը, որը նախկինում ֆուտբոլային խաղերի ժամանակ թարգմանիչ է եղել:

Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի մի ուսանողուհի նեղսրտեց, որ ֆուտբոլի տոմսերը թանկ են, ինչի հետ Ռուբեն Հայրապետյանը չհամաձայնեց: Ավելին, նշեց, որ Հայաստանի ազգային հավաքականը ազգային արժեք է, եւ տոմսեր գնելը ինչ-որ տեղ օգնություն է հավաքականին:

Բարսելոնայի համազգեստով մի աղջիկ Հայաստանի հավաքականի վերաբերյալ հարց ուղղելիս արժանացավ Ռուբեն Հայրապետյանի նախատինքին, ավելի ուշ նրան եւ ընկերուհուն մեր հավաքականի մարզաշապիկ խոստացան նվիրել:

Դահլիճից հնչած ռեպլիկին, թե հանդիպումը քարոզարշավի ենթատեքստ ունի, ԱԺ պատգամավոր, Ավանի թիվ 1 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված Ռուբեն Հայրապետյանը, որը խոսքի մեջ մի քանի անգամ նշեց ՀՀԿ-ի անունը, որին եւ անդամակցում է, ասաց. «Ես քարոզչության կարիք չունեմ…մեծամասնականով ընտրվում եմ»:

Խոսակցությանը միջամտեց ԵՊՀ ռեկտորը, շեշտելով, որ այսօր խոսելու են միայն ֆուտբոլից: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էլ հավելեց , թե լրագրողներին չի հաջողվելու քաղաքական հարցերով ֆուտբոլային տոնը փչացնել:

Խոսք գնաց նաեւ ֆուտբոլիստների կրթությունից եւ մակարդակից: Ազգային հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը նշեց, որ ցանկալի է՝ որպեսզի հարցազրույց տալիս ֆուտոլիստը գեղեցիկ խոսի, որովհետեւ «ֆուտբոլը էդքան էլ ոտքի խաղ չէ»:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին էլ հետաքրքրում էր՝ եթե բուհերի դասախոսներից ֆուտբոլային թիմ կազմվեր, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը իրեն ո՞ւմ դերում կպատկերացներ՝ դարպասապահի՞, կիսապաշտպանի՞…

Ռեկտորն ասաց, որ ԵՊՀ դասախոսների շրջանում ունեն լավ ֆուտբոլ խաղացողներ, ինքն էլ է նախկինում խաղացել. «Իմ խնդիրն էր հակառակորդի դարպասի մոտ սպասելը, որ գնդակ ստանամ ու գոլ խփեմ, ասում են՝ լավ էլ ստացվում էր… Ի դեպ, մեր պրոռեկտոր Գրիգորյանը, իրավաբանականի դեկան Ղազինյանը եւ էլի ուրիշները շատ լավ են ֆուտբոլ խաղում: Մնում է՝ ֆեդերացիան նման խաղ նախաձեռնի, բայց թե ինչ վախճան կունենա այն, չեմ կարող ասել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Ռուբեն Հայրապետյան, ՀՀԿ, ԿԳՆ, ԵՊՀ ռեկտոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031